Լրահոս
Օրվա լրահոսը

Համբերությունը բնակարան կդառնա

Փետրվար 07,2004 00:00

Անցյալ
տարվանից կառավարությունը սկսել է իրագործել մի ծրագիր, որով նախատեսվում
է մանկատների շրջանավարտներին ապահովել անվճար ապրելատեղով եւ բուժօգնությամբ,
ինչպես նաեւ աշխատանքով։
«Պետական աջակցություն ՀՀ մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագրի առաջին փուլում ընդգրկված են Գավառի, Վանաձորի եւ «Զատիկ» մանկատների 1991-2003թթ. 55 շրջանավարտ։ Ծրագիրը դեռ նոր է կյանք մտել, սակայն այդ 55-ից մեկն արդեն հասցրել է իր դժգոհությունը հայտնել մեր թերթին։

Մարատ Շամիրյանը մեծացել է Գավառի մանկատանը, այնուհետեւ ծառայել զինված ուժերում, իսկ վերադարձից հետո, օգնության համար կրկին դիմել մանկատան տնօրինությանը։ Մարատին ներառել են վերը նշված ծրագրում եւ մանկատան իր երկու ընկերների հետ նոյեմբեր ամսից տեղավորել Երեւանում վարձով վերցրած սենյակներում։ «Դրանք սեփական տան կիսանկուղային հարկում գտնվող խոնավ սենյակներ են, պատուհանը՝ գետնից մի քիչ բարձր, իսկ սենյակում կա մեկական սեղան, աթոռ, մահճակալ, ուրիշ ոչինչ,- իրենց ապրելատեղը ներկայացրեց մեզ Մարատը,- զբաղվելու ոչինչ չկա, նույնիսկ ռադիո, մի հատ փոքր պլիտա են դրել՝ չի տաքացնում, մրսում ենք»։ Նա ավելացրեց, որ ամեն սենյակի համար նախատեսված $40-50 վարձը երկու ամիս է չի վճարվել եւ «տանտեր Սենիկը մեզ դրա համար նեղում է, իսկ մենք բեռնակրություն ենք անում, որ հոսանքի վարձը տանք ու ապրենք»։

Ծրագրի մասնագիտական թիմի ղեկավար Անահիտ Սահակյանը Մարատի դժգոհությունն ու պահանջները վերագրեց միայն նրա՝ «անընդհատ ինչ-որ մեկից ինչ-որ բան ակնկալելու հոգեբանական վիճակին, որից մանկատան այս մի շրջանավարտը, մյուսների հետ համեմատած, դժվար է ձերբազատվում»։ «Վստահ եղեք, որ մյուս երկու ընկերները՝ Հրայրն ու Մկրտիչը, նույնիսկ տեղյակ էլ չեն, որ Մարատը թերթին բողոք է ներկայացրել նաեւ իրենց անունից, այլապես՝ չէին թույլ տա»,- ասաց նա։ Իսկ վարձով կացարանի պայմանների հետ կապված, Ա. Սահակյանը նկատեց, որ «մեր տներում էլ ամեն ինչ իդեալական չէ. ե՛ւ բավարար տաք չէ, ե՛ւ որոշակի անհարմարավետություն կա»։ Հետո պարզաբանեց. «Վարձով սենյակները նորավարտ սաների համար են, իսկ մենք Մարատին ներառել ենք ծրագրում, որպես անապահով եւ անհուսալի վիճակում գտնվող շրջանավարտ, երբ գումարները գան՝ բնակարան էլ ենք տալու, աշխատանք ենք գտել, հիվանդանոցային ծախսերն ենք հոգացել՝ երբ քթի ոսկորն էր վիրահատում, ի՞նչ չենք արել»։ Ի դեպ, մեր բողոքարկուն գոհ էր բեռնակրի աշխատանքից, որտեղ իրեն անվճար կերակրել են եւ վարձատրել օրական 2000 դրամ։ Ու մտադիր էր առողջական խնդիրները կարգավորելուց հետո վերականգնվել նույն աշխատատեղում։ Իսկ բնակարան ստանալուն քիչ էր հավատում, որովհետեւ «ասում են տները թանկացել են, պիտի շատ փնտրենք, որ հարմար գնով առնենք»։ Ինչ վերաբերում է վարձը չվճարելուն եւ տանտեր Սենիկի հալածանքին, ապա այս հարցի լուծումը աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության ձեռքում է։ «Մենք բյուջեից դեռ գումար չենք ստացել, կստանանք՝ կփոխանցենք միանգամից։ Իսկ տանտերերի հետ պայմանավորվել ենք, որ սպասեն»,- պատասխանեցին նախարարությունից։

Ծրագիրը ֆինանսավորվում է միջազգային կառույցներից, գումարը նախարարության միջոցով հասնում է Հայ ժողովրդավարական կազմակերպությանը։ Եվ նախարարությունից, եւ կազմակերպությունից մեզ հավաստիացրին, որ ամեն խնդիր կլուծվի, իսկ Մարատից եւ իր ընկերներից ընդամենը պահանջվում է մի քիչ համբերել։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել