Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ

Փետրվար 07,2004 00:00

ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԻՆ

Երեկ ժամը 16-ին արդարադատության նախարարության աշխատակիցների ուղեկցությամբ
ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Նատալյա Վուտովան եւ ԵԱՀԿ մարդու
իրավունքների հարցերով պատասխանատու Քրիստին Մարդիրոսյանը հանդիպեցին «Նուբարաշեն»
քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող եւ հացադուլ հայտարարած 31
ցմահ ազատազրկման դատապարտվածներին։ Այս մասին «Առավոտին» հայտնեց արդարադատության
նախարարի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ դատապարտյալները դժգոհում էին իրենց ներկա վիճակից եւ, ըստ ԱՆ կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանի, մասնավորապես ասում են հետեւյալը. «Մենք համաձայն չենք, որ 2003թ. օգոստոսի 1-ից գործող քրեական նոր օրենսգրքով մահվան դատապարտվածներին ներում շնորհելը եւ ցմահ բանտարկելն ավելի մեղմ պատիժ է, քան մահապատիժը: Եթե ուզում եք մեղմեք մեր պատիժը, ապա մեզ՝ հին օրենքով դատապարտվածներիս, հնի համապատասխան էլ ներում շնորհեք»: Այսինքն՝ եթե հնով ծանրագույնը մահապատիժն էր, իսկ դրան նախորդողը 15 տարի ազատազրկումը, դատապարտյալների կարծիքով, հիմա նրանց, իբրեւ ներում, հասնում է 15 տարի ազատազրկում:

Եվրոպական կառույցների ներկացուցիչների մասնակցությամբ յուրաքանչյուր խուց ընտրել էր հացադուլավորներից մեկ հոգու՝ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Հյուրերի հետ 11 դատապարտյալների մոտ 4 ժամ տեւած զրույցին ներկա չէին քրեակատարողական ծառայության վարչակազմի ներկայացուցիչները։ Զրույցի բովանդակությունը Արա Սաղաթելյանը չկարողացավ հայտնել, իսկ հացադուլի դադարեցման վերաբերյալ հարցին պատասխանեց, որ համաձայն գործող կանոնների՝ հացադուլը դադարեցնելու ցանկության դեպքում դատապարտյալը պետք է ներկայացնի համապատասխան դիմում, իսկ երեկ՝ ուշ երեկոյի տվյալներով, դեռեւս ոչ մի դիմում չէր ստացվել։ Իսկ բանավոր հարցումներ նախարարությունը չի կատարել։

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2004
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829