Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նոր ժամանակները գալի՞ս են

Փետրվար 07,2004 00:00

Արամ Կարապետյանը պատրաստվում է արտահերթ ընտրությունների

«Դա հաշվարկով ամուսնություն է։ Մնում է հուսալ, որ նրանք կկարողանան հաղթահարել նման ամուսնություններին հատուկ՝ առաջին 40 օրվա դժվարությունները։ Թեեւ մեզ հայտնի չէ, արդյո՞ք ամուսնական պայմանագիրը պատշաճ ձեւով է կազմված, որում բացառված են դավաճանությունները»,- այս կարծիքին է «Արմատ» կենտրոնի անդամ Արմեն Գրիգորյանը՝ խորհրդարանական ընդդիմության համախմբման վերաբերյալ։

Նոր ժամանակաբեր Արամ Կարապետյանը «նորմալ քայլ» է համարում սկսված գործընթացը, միայն վերապահում ունի բոյկոտի վերաբերյալ. «եթե բոյկոտում ենք՝ բոյկոտում ենք, թե չէ նիստին չեն գնում, հատարարություններին գնում են եւ այլն։ Անհասկանալի է։ Ես ընդհանրապես, սկզբից էի կողմ ԱԺ-ի աշխատանքները բոյկոտելուն»։ Ավելին, պրն Կարապետյանից տեղեկացանք, որ իր ղեկավարած կուսակցությունն արդեն սկսում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների։ Ա. Կարապետյանի վերլուծություններով՝ այս ճգնաժամային իրավիճակը հենց դրան է տանում։ Հաջորդ շաբաթ արդեն «Նոր ժամանակներն» այս առիթով կարտահայտի իր վերջնական դիրքորոշումը։

Հայաստանի կոմունիստական կուսակցության ղեկավար Ռուբեն Թովմասյանն այդ միացումն «իրենց ներքին գործն է» համարում։ Միաժամանակ այն կարծիքին է, որ պայքարի այդ ձեւը առավել կազմակերպվածություն, ճկունություն եւ նպատակասլացություն է պահանջում։ Իսկ իշխանափոխությանը կոմունիստները կողմ են՝ «եթե այն բերի այսօրվա համակարգի փոփոխության՝ սոցիալիստական հիմունքներով»,- վերապահում արեց ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նրա համոզմամբ, անկախացումից ի վեր բոլոր իշխանությունները ժողովրդի թշնամին են եղել. «սոցիալիստական համակարգն ամենաժողովրդավարականն է եւ միայն այդ համակարգը հանրությանը դուրս կբերի այս ճգնաժամից, մենք չենք միանա, քանի ընդդիմությունը չի ընդունել այդ փաստը»,- հայտարարեց Ռ. Թովմասյանը։ Իսկ մեր դիտարկմանը, որ «Ազգային միաբանությունը» եւս ռուսամետ է, գլխավոր կոմունիստն արձագանքեց. «Լոկ նրա համար, որ «ԱՄ»-ն ռուսամետ է՝ չենք միանա»։

Նորածին ընդդիմադիր ՀՌԱԿ-ը հարցին՝ «իշխանափոխության (ՀՌԱԿ-ը նույնպես նման խնդիր է առաջադրել) հողի վրա հնարավո՞ր է ՀՌԱԿ-ը կողմնորոշվի դեպի նորաստեղծ դաշինքը», Հարություն Առաքելյանը պատասխանեց. «հայտարարություն են արել, որտեղ չկան կոնկրետ քայլեր։ Կտեղեկացնեն դրանց մասին՝ կորոշենք»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել