ՄԻ «3» ԷԼ՝ ՄՇԱԿՈՒՅԹԻՆ Երեկ ՀՀ կառավարությունը, որոշ դիտողություններ ներկայացնելով հանդերձ, բավարար գնահատեց մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության 2003թ. աշխատանքը։ Մասնավորաբար, կառավարությունը արձանագրել է, որ մարզերում իրականացված միջոցառումների մասին նախարարության հաշվետվությունում խոսք չկա։ Գոհացուցիչ չէ մասնավոր հատվածում մշակութային գործունեությանը նախարարության շփումները։ Խոցելի է իրավական դաշտում նախարարության պարտավորությունների կատարումը եւ թույլ է հանձնարարականների կատարման կարգապահությունը։ Ակտիվացման կարիք ունի միջազգային ծրագրերի եւ կազմակերպությունների հետ համագործակցությունը, որ պետական սուղ միջոցներից բացի, մշակութային որոշ խնդիրներ լուծվեն այլ աղբյուրների հաշվին։ Նախարարությանն առաջարկվել է առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հետ համատեղ մշակել մշակութային տուրիզմի ծրագիր։ Մշակույթի նախարար Թամար Պողոսյանը կարծիք հայտնեց, թե նախարարության աշխատանքներին խոչընդոտում է օրենսդրական դաշտի անկատարությունը եւ 2004-ին նախարարության աշխատանքների գերակա ուղղություն է լինելու օրենսդրական դաշտի կարգավորումը։ Քանի որ համակարգված չէ մեր մշակութային քաղաքականությունը, ուստի նախարարության մյուս գերակայությունն էլ լինելու է գեղագիտական դաստիարակության նոր հայեցակարգի մշակումը։ Վերջերս մշակութային մոտ 2 տասնյակ գործիչներ հանդես եկան Թամար Պողոսյանին պաշտպանող հայտարարությամբ։ Ի՞նչ եք արել այս կես տարում, որ ձեզ սիրում են հարցին նախարարը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ դա սե՞ր է, թե՞ ինչ։ Ես կարծում եմ, որ դա աշխատանքի արդյունք է։ Մենք սերտ աշխատել ենք, համագործակցել ենք եւ յուրաքանչյուր կազմակերպության հիմնախնդիրների շրջանակում քննարկումներ են եղել եւ նախարարությունում, եւ անձամբ նախարարի հետ։ Ես եմ եղել տեղերում։ Կարողացել ենք ինչ-որ չափով աջակցել եւ ծրագրեր տեսնել, որոնք այդ հիմնախնդիրների լուծմանը աջակցում են։ Եվ մարդիկ որոշակի հույսեր են կապում, որ իսկապես այդ ծրագրերը, որ միասին գրվել են, կարծես իրենց ոլորտում լուծումների եւ զարգացումների երաշխիք են, կարծես ուզում են պաշտպանել իրենց ծրագրերն ու լուծումները»։ Հ. Գ. «Ես այդ հարցի վերաբերյալ կանխատեսումներ չեմ անում»,- պատասխանելով մեր՝ «Մտածե՞լ եք հրաժարական տալու եւ ձեր անձի շուրջ պտտվող լուրերին ու շշուկներին վերջ դնելու մասին» հարցին, ասաց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Թամար Պողոսյանը։ Իսկ իր պաշտոնանկության մասին հարցին պատասխանելով, նախարարը նշեց. «Կուսակցության նախագահը որոշակի պարզաբանումներ տվել է։ Ես ավելացնելու ոչինչ չունեմ եւ լիովին կիսում եմ նրա կարծիքը»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ