ՀՖՖ-ՖԻՖԱ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է Երեւանում է գտնվում ԱՊՀ երկրներում ՖԻՖԱ-ի ներկայացուցչության ղեկավար Վալերի Չուխրին: Նրա այցի նպատակն է ծանոթանալ ՖԻՖԱ-ի «Գոլ-1» ծրագրով վերակառուցված ֆուտբոլային մարզակառույցների, տվյալ դեպքում՝ Ֆուտբոլի հանրապետական դպրոցի ետշահագործման ընթացքին, թե ինչպե՞ս է այն պահպանվել, ի՞նչ ծրագրեր են այնտեղ իրականացվում: Բարձրաստիճան հյուրը նաեւ քննարկելու է հաջորդ՝ «Գոլ-2» ծրագրով նախատեսվող ՖԻՖԱ-ի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի միջեւ հետագա համագործակցության, դիմելակարգի ձեւի (դրա համար կա ՖԻՖԱ-ին դիմելու հատուկ ձեւ) հարցերը: Երեկ Վ. Չուխրին ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանի եւ ՀՖԴ տնօրեն Միշա Զաքարյանի հետ միասին շրջեց դպրոցի տարածքում, ներկա եղավ խմբերի մարզումներին եւ, ինչպես նշեց շրջայցի ավարտին հրավիրված մամուլի ասուլիսում, շատ գոհ մնաց տեսածից: Նրան հատկապես ուրախացրել էր, որ դպրոցում գործում է նաեւ աղջիկների ֆուտբոլային պատանեկան խումբ, մի բան, որին ՖԻՖԱ-ն մեծ կարեւորություն է տալիս: Երեկ երեկոյան նախատեսվում էր պարոն Վ. Չուխրիի հանդիպումը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ, որի ժամանակ քննարկվելու էր «Գոլ-2» ծրագրով Հայաստանում կազմված առաջարկների փաթեթը: ՀՖՖ գործադիր տնօրեն Ա. Մինասյանը մեզ տեղեկացրեց, որ ֆեդերացիայի կազմած ծրագիրն ըստ էության գրեթե նույնն է, ինչ «Գոլ-1»-ը՝ չորս տարվա ընթացքում 400 հազար դոլարի օգնություն, սակայն՝ նպատակային: Եթե դա ընդունվի եւ ֆինանսավորվի, որը շատ հավանական է, որովհետեւ Վ. Չուխրին արդեն ծանոթացել է նախնական առաջարկներին, աշխատանքները կատարվելու են կրկին ՖԻՖԱ-ի հսկողությամբ: Իսկ առաջարկությունների մեջ ամենակարեւորը Աճառյան փողոցին հարող՝ կառավարության կողմից անհատույց նվիրաբերված 14 հեկտար հողատարածքում ֆուտբոլային-մարզական խոշոր համալիր կառուցելն է: «Մեր ցանկությունը համատեղ ֆինանսավորում ստանալն է, քանի որ նախագիծը բավականին մեծ է եւ շատ մեծ բյուջե ունի,- ասաց Ա. Մինասյանը:- Մենք ՖԻՖԱ-ին ներկայացնում ենք մասնակի ծրագիր: Մասնակի ծրագիր ենք ներկայացնելու նաեւ ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» ծրագրին: Ծրագիրն իրականացվելու է փուլ առ փուլ, որովհետեւ նույնիսկ «Գոլ-2»-ի եւ «Հեթ-տրիկի» ֆինանսավորումով հնարավոր չէ ամբողջը միանգամից իրագործել: Հնարավոր է, որ այդ գործում տեղական ներդրողներ լինեն: Սպասվում է նաեւ կառավարության աջակցությունը»: Ավելացնենք նաեւ, որ համալիրն ունենալու է ֆուտբոլի դպրոց-ինտերնատ, իսկ ծրագիրը շարունակվելու է մինչեւ 2006 թվականը: Ակնկալվում է, որ ՖԻՖԱ-ն Հայաստանի ֆեդերացիային «Ֆինանսական օգնություն» ծրագրով կտրամադրի 1 մլն դոլար, որը ՀՖՖ-ին իրավունք է վերապահում իր հայեցողությամբ օգտագործել ֆուտբոլին անհրաժեշտ 12 հիմնական ուղղություններով, սակայն մի կետ պարտադիր է. գումարի 10 տոկոսը պետք է ծախսվի կանանց ֆուտբոլի վրա: Եվ վերջում: Վալերի Չուխրին լրագրողներին հաղորդեց վիճակագրական հետաքրքիր տեղեկություններ: ՖԻՖԱ-ն «Գոլ» ծրագրով արդեն օգնություն է ցույց տվել իր կազմի մեջ մտնող 167 երկրի ազգային ֆեդերացիայի, որոնցից 15-ը ԱՊՀ երկրներն են, իսկ «Ֆինանսական օգնություն» ծրագրից օգտվել է 204 երկիր: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ