ԷԼ ՉԵՆՔ ԾԱԾԿԱԳՐՎԵԼՈՒ
Խմբագրություն են ահազանգել երեւանցի մի քանի դպրոցականների ծնողներ՝
«մեր երեխաներին դպրոցում ստիպում են ստանալ սոցիալական քարտեր, առանց ծնողի
ցանկության»։ Իսկ «Առավոտին» հասցեագրված վանաձորցի Լեւոն Սարգսյանի նամակից
պարզվում է, որ Վանաձորի տարբեր կրթօջախներում (օրինակ՝ թիվ 24 դպրոց) եւ
բուժհիմնարկներում կազմակերպվել է փաստաթղթահավաք. ուսուցչից կամ բուժաշխատողից
պահանջելով իրենց ընտանիքի անդամների փաստաթղթերը (անձնագիր, ծննդյան վկայական),
նրանց պարտադրվում է ծածկագրով անհատական քարտեր՝ հակառակ կառավարության
եւ Հայ առաքելական եկեղեցու միջեւ ձեռք բերված պայմանավորվածության։
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերով նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանին խնդրեցինք պարզաբանել կատարվածը. «Մինչեւ 16 տարեկան երեխան սոցիալական քարտ կարող է ստանալ միայն ծնողի ներկայացրած հայտով, առանց դրա որեւէ պարտադրանք նրա վրա չկա եւ չի կարող լինել։ Նույնը վերաբերում է ընտանիքի անդամներից փաստաթղթեր պահանջելուն. պահանջն այս դեպքում անհիմն է եւ պարտադիր քարտավորվել կարող է տվյալ հիմնարկի աշխատողը միայն։ Այլ բան է, եթե նա իր ցանկությամբ է ուզում քարտավորել ողջ ընտանիքը, հետագայում ավելորդ ժամանակ չծախսելու նպատակով։ Ինչ վերաբերում է ծածկագրերը պահպանած քարտերին, ապա դրանք հին են եւ, այսուհետ, գործածությունից դուրս։ Երկու օր առաջ, նախարարի ներքին հրամանով, այլեւս սոցիալական ոչ մի ծառայություն չի տրամադրում հին նմուշի անհատական քարտեր։ Երեկ նոր՝ առանց ծածկագրերի, 25 հազար հատից կազմված սոցիալական քարտերի առաջին խմբաքանակն ուղարկվել է մարզեր, իսկ Երեւանում դրանք կբաժանվեն առաջիկայում»։ Բաժնի պետը խնդրեց անօրինականությունների մասին տեղյակ պահել նաեւ նախարարությանը։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ