Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավատարմագրման անօրինակելի կարգ

Փետրվար 06,2004 00:00

«Զանգվածային
լրատվության մասին» օրենքն ընդունվեց: Հիմա առաջ են քաշվում դրանից բխող
ենթաօրենսդրական ակտեր, որոնք պարունակում են լրագրողների համար անընդունելի
դրույթներ:
Ենթաօրենսդրական ակտերից մեկը «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգը հաստատելու մասին» կառավարության որոշումն է, որը գրել է «ԶԼ մասին» օրենքի հեղինակ, արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանը:

Երեկ Ժուռնալիստների միությունում պրն Աբովյանը եւ նրա հետ «ԶԼ մասին» օրենքը խելքի բերելու գործում համագործակցած Երեւանի մամուլի ակումբը, Ժուռնալիստների միությունը, Խոսքի ազատության կոմիտեն եւ «Ինտերնյուսը» հրավիրել էին կլոր սեղան: Ի թիվս խմբագրական բնույթի մի քանի դիտողությունների, ԵՄԱ-ն եւ «Ինտերնյուսը» ներկայացրին իրենց սկզբունքային դիտողություններն ու առաջարկները: Մասնավորապես, ԵՄԱ-ն առաջարկում էր հանել կառավարության որոշման նախագծից 8-րդ եւ 9-րդ կետերը, դրա փոխարեն թողնելով մի նոր 8-րդ կետ: Վիճելի կետերը պարունակում են դրույթներ, որոնք անհավասար պայմանների մեջ են դնում հավատարմագրման ցանկություն ունեցող ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Մասնավորապես, 9 –րդ կետում նշված է՝ «լրատվամիջոցը հավատարմագրման ենթակա չէ, եթե ա) նրա տարածումն իրականացվում է միայն վերջին մեկ տարում, բ) նրա թողարկման պարբերականությունն ավելի է մեկ ամսից, գ) նրա տարածումը վերջին մեկ ամսում տեղի չի ունեցել» եւ այլն:

ԵՄԱ-ն անընդունելի էր համարում նաեւ նախագծի այն դրույթները, որտեղ հավատարմագրման համար լրագրողից՝ բացի դիմումից, լուսանկարից, եւ հարկ եղած դեպքում՝ ժամկետանց հավատարմագրից, պահանջվում են նաեւ այլ փաստաթղթեր: Եվ առաջարկում էր այդ պահանջներն արտահայտող պարբերությունները փոխարինել մեկով. «Լրագրողների հավատարմագրման համար այլ պահանջներ ներկայացնելն արգելվում է»:

Ա. Աբովյանը շեշտեց, որ քննարկվող նախագիծն ընդամենը «օրինակելի կարգ» է, եւ պարտադիր չէ, որ պետական կառավարման մարմինները (որոնց մեջ չեն մտնում ԱԺ-ն ու դատական ատյանները) անվերապահորեն ընդունեն այս փաստաթուղթը, սակայն փորձառու լրագրողները վստահ էին, որ եթե սա ընդունվի, ապա ոչ միայն նախարարություններն ու գերատեսչությունները, այլ անգամ ԱԺ-ն այն կընդունի ի կատարումն: Այդ իսկ պատճառով առաջարկում էին չշտապել եւ համատեղ ուժերով ազատականացնել կառավարության որոշման նախագիծը, քանի դեռ ուշ չէ:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել