Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անձնական հարցերը՝ դպրոցի հաշվի՞ն

Փետրվար 06,2004 00:00

«Առավոտը» մայրաքաղաքի դպրոցների մասին բազմաթիվ դիմում-բողոքներ եւ ահազանգեր է ստանում, որոնց բովանդակությունը գրեթե նույնատիպ է:

Այս կամ այն դպրոցի աշակերտների ծնողները դժգոհում են նորանշանակ տնօրենի աշխատանքից, դպրոցներում վերանորոգման համար իրականացվող դրամահավաքներից։ Բացի այդ, բողոքավորներին, որպես կանոն, նյարդայնացնում է տնօրենի՝ դպրոցի վաստակաշատ ուսուցիչներին, օպտիմալացման անվան տակ, յուրայիններով փոխարինելը: Նման հիմնախնդիրներով լի մի բողոք էր օրերս «Առավոտին» հասցեագրվածը, որտեղ թիվ 51 դպրոցի մի քանի ծնողներ դժգոհում էին նորանշանակ տնօրեն Ժաննա Ծաղիկյանի՝ կրթօջախում սահմանած նոր կանոնադրությունից: Բողոքի տեքստը չենք հրապարակում, քանի որ դրա տակ ստորագրած անձինք չեն ցանկացել իրենց անուններով հանդես գալ: Ինչպես այս, նմանատիպ այլ բողոքներով զբաղվելու ընթացքում երբեմն պարզվում է, որ դրանց հեղինակներն իրականում դպրոցների նախկին տնօրեններն են իրենց թիմակիցներով, որոնք չեն հաշտվում նոր կարգավիճակին, եւ դպրոցի անվան տակ իրենց անձնական հարաբերություններն են պարզում:

Օրերս եղանք թիվ 51 դպրոցում եւ զրուցեցինք տարբեր դասարանների աշակերտների ծնողների հետ (մոտ 15 ծնող), որոնք դրական արձագանքեցին դպրոցում ընթացող բարեփոխումներին: Նրանցից ոմանք գտնում էին, որ ավելի ճիշտ է ծնողական համայնքի ուժերով դպրոցը մասամբ վերանորոգել, քան թե նման «անմարդկային» պայմաններում դաս պարապել: Նշենք, որ Արաբկիր համայնքի թաղապետարանի հարեւանությամբ գտնվող այս դպրոցում բացակայում էին տարրական կենցաղային պայմանները: Սանհանգույցները վթարված էին, դասասենյակների դռները՝ կոտրված, աշակերտների հավաստմամբ՝ մի քանի ամիս է, ինչ ֆիզկուլտուրայի պարապունքների չեն հաճախում՝ դահլիճի քարուքանդ լինելու պատճառով: Ծնողները նաեւ ժխտեցին, որ վերանորոգման համար իրականացվող դրամահավաքը աշակերտներին պարտադրվում է, նրանց հավաստմամբ, սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները դրան չեն մասնակցում:

Ի դեպ, դպրոցի տնօրեն Ժ. Ծաղիկյանի աշխատասեյակ դռան տակից նույնաբովանդակ անանուն նամակ են նետել, մի քանի դիմում-բողոք էլ, տնօրենի խոսքերով, ուղարկվել է քաղաքապետարանի կրթության վարչություն եւ Ազգային ժողով: Սակայն այս բողոքներում հաճախ բացակայում է ամենակարեւորը՝ ապացույցները, փաստերը, որոնց հիման վրա հնարավոր կլինի լուսաբանել դրամահավաքը, անարդար օպտիմալացումը եւ նման այլ երեւույթներ։ Պատրաստ ենք հրապարակել ցանկացած բողոք, եթե դրանք կլինեն հիմնավորված, հասցեական եւ ոչ անանուն:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել