Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՐՏՆԵՐԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ

Փետրվար 06,2004 00:00

Նրանք
ուզում են կամ գնդակահարվել, կամ նստել
15 տարի
Ինչպես հայտնել էինք, փետրվարի 4-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրենց պատիժը կրող 51 կալանավորներից 45-ը հացադուլ էին հայտարարել՝ պահանջելով հանդիպում ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ՀՀ-ում ԵԽ մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ: Ի դեպ, կալանավորներն իրենց դիմումներում սխալ ձեւակերպումներ են տվել, եւ արդարադատության նախարարության համապատասխան մարմիններն իրենք են ճշտել, թե ում կարող են «օգնության կանչել» կալանավորները: Արդյունքում նրանք դիմել են ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պրյախինի ու ԵԽ գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչ Նատալյա Վուտովային: Երկուսն էլ պատրաստակամություն են հայտնել հանդիպել դատապարտյալների հետ: Սակայն երեկ այդ հանդիպումը չկայացավ՝ ըստ Արդարադատության նախարարի մամուլի խոսնակ Արա Սաղաթելյանի, վերջիններիս խիստ զբաղվածության պատճառով: Սակայն պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հանդիպումը կկայանա կարճ, ողջամիտ ժամկետից:

Երեկվա դրությամբ հացադուլավորների թիվը նվազեց՝ հասնելով 31-ի: Մնացածները գտնվում են բժիշկների եւ սոցիալ-հոգեբանների ուշադրության ներքո: Նշենք նաեւ, որ հացադուլ հայտարարած դատապարտյալներին սովորականի պես տրվում է իրենց հասանելիք օրական սնունդը:

Ըստ Արա Սաղաթելյանի, հացադուլը դատապարտյալների համար կարծիքի արտահայտման ձեւ է: Նշենք, որ հացադուլավորների պահանջներն, ըստ էության, տարբեր են. մի մասն ասում է՝ «ոչ ներում եմ ուզում, ոչ համապատասխանեցում (խոսքը նոր օրենսգրքի՝ հնի հետ համապատասխանեցման մասին է), ինձ գնդակահարեք»: Մյուսները պահանջում են իրենց գործերի վերանայում: Մի խոսքով, իրենց ներկա վիճակի ցանկացած փոփոխություն, որ կփոխի առկա կացությունը:

Արդարադատության նախարարության կալանավայրերի վարչության պետի տեղակալ Վարուժան Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հացադուլավորների պահանջը՝ հին ու նոր օրենքների համապատասխանեցման առնչությամբ, որոշակի տրամաբանություն ունի, սակայն միայն կառչելու համար: «Իրենք ասում են՝ մեզ դատապարտել են հին՝ ԽՍՀՄ օրենսգրքով, որտեղ պատժի առավելագույն չափ էր նախատեսված մահապատիժը, որ նախագահի ներմամբ փոխարինվեց ծանրությամբ 2-րդ պատժատեսակով՝ 15 տարի ազատազրկմամբ: Եթե մահապատիժը վերացնում են, մեզ հասնում է դրա նախորդը, ինչու եք մեզ հին արարքների համար նոր օրենսգրքով պատժում: Իսկ նոր օրենքով 15-ը փոխարինված է 20-ով: Իրենք ասում են, եթե մեզ ներում եք, մի քայլ հետ եկեք: Ուրեմն դուք մեզ չեք ներել: Այստեղ ընդամենը շահարկում է, կառչելու տեղ են գտել եւ շահարկում են»:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել