Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԾԻԳ-ի տնօրենը փոխվեց

Փետրվար 06,2004 00:00

Երեկ
առավոտյան ժամը 10-ին պետք է վտարվեին Արամի 36 հասցեի բնակիչները, բայց
չվտարվեցին: Բնակիչների ասելով, վտարման որոշումը ժամանակավորապես կասեցված
է:
Փետրվարի 4-ի երեկոյան աշխատանքից ազատվել է «Հյուսիսային պողոտա եւ կասկադ» ԾԻԳ-ի տնօրեն Սերգեյ Բայբուրտյանը: Նրա տեղը զբաղեցրել է Միշա Մարգարյանը, որը մինչ այդ Երեւանի քաղաքապետարանի «Քաղաքաշինություն» ձեռնարկության տնօրենն էր:

Երեկ Հյուսիսային պողոտայի բնակիչները կազմակերպել էին բողոքի երթ: Այն ավարտվեց Կառավարության շենքի մոտ, որտեղ նրանց հանդիպեց «Կենտրոնի» համայնքապետ Գագիկ Բեգլարյանը: Նրա տեղեկացմամբ, ստեղծվել է 7 հոգուց բաղկացած հանձնաժողով, որն ամեն օր թաղապետարանում կընդունի բնակիչներին եւ կաշխատի հարցը լուծել նրանց օգտին: Հանձնաժողովի ընդունելություններին կմասնակցի նաեւ թաղապետը: Պարոն Բեգլարյանը վստահեցրեց, թե. «այսօր կանչել եմ նաեւ ԾԻԳ-ի հին տնօրենին, որ նստի՝ պատասխան տա»: Ըստ թաղապետի, Արամի 36 հասցեի բնակիչների դժգոհությունն անհիմն է. տանտեր Ռաֆայել Մաթեւոսյանին առաջարկել են բավականին բարձր գումար, որով հնարավոր էր էլիտար բնակարան գնել քաղաքի կենտրոնում: Երեկ ցույցից հետո հանձնաժողովն ընդունել է բնակիչներին եւ տեղեկացրել, որ ներկայումս տարածքում վտարման գործընթացը կասեցված է: Այն անձինք, ովքեր սեփականատեր չեն՝ $2500 փոխհատուցում կստանան: Եթե սեփականատեր են՝ հանձնաժողովը անձամբ կլինի վայրում եւ կգնահատի նրանց սեփականությունը: Մինչ թաղապետարանում բնակիչներին հորդորում էին, որ վտարումը կասեցված է, Պուշկինի 11-ից արտաքսում էին Ռոբերտ Բիշարյանի ընտանիքին: Երբ մենք տեղ հասանք, Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները դատարկում էին տան գույքը: Նրանք պնդում էին, որ քաղաքացու հետ ոչ մի խնդիր չունեն ու չեն վտարում, որովհետեւ նա ստորագրել է պայմանագիրը: Իսկ տանտերը պնդում էր, որ պայմանագիր չի կնքել եւ իր կինն այդ պահին բողոքով գնացել է թաղապետարան:

Ի դեպ, բնակիչների խոսքերով, Ս. Բայբուրտյանին պաշտոնանկ են արել, մեղմ ասած, ոչ բարեխիղճ աշխատանքի համար:

ՀՐԱՉՈՒՀԻ ԵՐԱՆՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել