Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Առատաձեռն հոգի

Փետրվար 06,2004 00:00

Առատաձեռն հոգի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մոսկվա կատարած պաշտոնական այցի
նախօրեին ռուսական ազդեցիկ թերթերից մեկը գրել է. «Վրաստանի տնտեսական աննախադեպ
ճգնաժամը եւ Ադրբեջանի՝ սեփական էներգետիկ ռեսուրսներն ինքնուրույնաբար տնօրինելու
համար մղած երկարամյա հյուծիչ պայքարը երկու հանրապետություններին էլ հարկադրեցին
ընդունել, որ արեւմտյան կողմնորոշումն ու Արեւմուտքից ստացվող տնտեսական
եւ քաղաքական աջակցությունն ի վիճակի չեն այս երկրներում ներքին կայունություն
ապահովել, եթե հաշվի չեն առնված Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերը»: Թերեւս
հնարավոր չէ ավելի դիպուկ ձեւակերպել այսպես կոչված «Մերձավոր արտասահմանում»
Ռուսաստանի կողմից իրականացվող քաղաքականության հայեցակարգը, որը, սակայն,
պաշտոնական «շուրթերից» հնչելու փոխարեն ազդարարվում է ձեւով անկախ, բովանդակությամբ
«պետականամետ» մամուլի միջոցով:
Իսկ այդ հայեցակարգի բուն էությունը, եթե հիշում եք, դեռեւս 90-ականներին, առանց ավելորդ սեթեւեթանքների, ներկայացրել էր ռուսական հայտնի քաղաքագետներից մեկը: Նա ասել էր. «Եթե Ռուսաստանը չունի բավարար ֆինանսա-տնտեսական ռեսուրսներ՝ իր ազդեցության ավանդական գոտիներում գտնվող երկրներին տնտեսապես հրապուրելու եւ այդպիսով՝ իր ազդեցությունը պահպանելու համար, ապա, անհրաժեշտության դեպքում, այդ նույն երկրներում ներքին իրավիճակն ապակայունացնելու ռեսուրսներ միշտ էլ կգտնվեն»:

Փաստորեն, քաղաքակիրթ աշխարհին ինտեգրվելու կարգախոսի տակ անցած ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում Ռուսաստանում շատ բան չի փոխվել, եւ հարաբերականորեն նոր սերնդի ռուս քաղաքագետներն այժմ հայտարարում են. «Հարավկովկասյան հանրապետությունները չեն կարող անտեսել Ռուսաստանին թեկուզեւ այն պատճառով, որ մեր երկիրն աշխատանքով է ապահովում այդ հանրապետություններից ժամանած միլիոնավոր «գաստարբայտերների»: Այս դատողության ամենահպանցիկ վերծանվածքը հետեւյալն է. հարկ եղած դեպքում մենք ուղղակի երկրից դուրս կշպրտենք միլիոնավոր կովկասյան «մռութներին», իսկ եթե շատ համը հանեն, գործի կդնենք նաեւ նրանց հանրապետությունների ներքին ապակայունացման մյուս լծակները, որոնցից՝ Աստծուն փառք, լիքը ունենք:

Չկա չարիք առանց բարիքի. Հայաստանին մոտ ապագայում ռուսական «ծագման» ապակայունացում չի սպառնում, քանի որ ՀՀ իշխանությունները ոչ միայն հաշվի են առնում Ռուսաստանի շահերը, այլեւ, կարծես թե այդ շահերից զատ որեւէ այլ՝ այդ թվում ազգային շահ հաշվի չեն առնում: Փոխարենը՝ Ռուսաստանը հայերին լիուլի վճարում է Ղարաբաղի հարցի կարգավորման… հետաձգմամբ: Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներին մոտ կանգնած անանուն աղբյուրը նշել է. «ԼՂ հարցի կարգավորման միակ տարբերակն այժմ այդ հարցի նկատմամբ առնվազն 15 տարով մորատորիում հայտարարելն է»: Վատ չէ իհարկե, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ ՌԴ փոխխոսնակ Դմիտրի Ռոգոզինն առաջարկում էր հարցը հետաձգել 100 տարով: Այս բարիքի դիմաց, սակայն, Հայաստանը շարունակելու է էլի մի անորոշ ժամանակահատվածով քարշ տալ կայուն եւ չքավոր գոյություն, դուրս մնալով տարածաշրջանային եւ միջազգային տնտեսական-ինտեգրացիոն գործընթացներից: Իսկ գլխավորապես ԼՂ հարցի քննարկման նպատակով Մոսկվա մեկնած Իլհամ Ալիեւին այնտեղ կընդունեն «ամենալյուքս» մակարդակով: Դրանում կարելի է կասկած չունենալ: Ավելին, նրան անգամ ինչ-որ բաներ կխոստանան, ու չի բացառվում, որ այդ խոստումների մի մասն էլ կկատարեն: Դա եւս կասկածից վեր է:

Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել