Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՐԿՆԱԿԻ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՅԱՑՔԻ ՆԵՐՔՈ

Փետրվար 06,2004 00:00

Մեզ
հետեւում է նաեւ Ագոյի խումբը
Եվրախորհրդի անդամ Հայաստանին ԵԽ-ն բավականին աչալուրջ է հսկում։ Եթե ուրիշ երկրների պարտավորությունների կատարմանը հետեւում է միայն ԵԽ ԽՎ դիտարկման խումբը, ապա Հայաստանին ու Ադրբեջանին ԵԽ-ն մեծ պատիվ է արել՝ միանգամից կրկնակի դիտարկման տակ պահելով։ Մի կողմից մեզ մոնիտորինգ է անում ԵԽ ԽՎ դիտարկման խումբը, մյուս կողմից՝ ԵԽ Նախարարների կոմիտեի շրջանակներում՝ Ագոյի խումբը։ Դիտարկման այսպիսի առատությունը, իհարկե, պետք է որ զգոնացնի, բայց մյուս կողմից հանդիպումներն այնքան արագացված են անցնում, որ կողմերը իրարից քիչ բան են հասկանում։ Բացի այդ, այնքան էլ հասկանալի չէր, թե ինչո՞ւ Ագոյի խումբը ծրագրել էր հանդիպել միայն ԱԺ նախագահի, ԵԽ ԽՎ պատվիրակության եւ խորհրդարանական ընդդիմության հետ, իսկ մյուս խումբ-խմբակցությունների հետ՝ ոչ։ «Արդարություն» խմբակցության հետ հանդիպման ժամանակ, ինչպես հետո հավաստեցին խմբակցության անդամները, Ագոյի խմբի համար անակնկալ է եղել, երբ Ստեփան Դեմիրճյանն ասել է, որ ընդդիմությունը բոյկոտել է օրենսդիր աշխատանքը։ Խմբի անդամներն անմիջապես հետաքրքրվել են, թե ի՞նչ է լինելու հետո։ Ստեփան Դեմիրճյանը հայտնել է, որ ընդդիմությունն ամեն ինչ անում է, որ իշխանության լեգիտիմության հարցը Հայաստանում լուծվի քաղաքակիրթ ճանապարհով. «Ցավոք, իշխանությունները սթափ չեն գնահատում երկրում ստեղծված իրավիճակը եւ իրենց գործելակերպով ավելի են խորացնում անջրպետը ժողովրդի եւ իշխանության միջեւ»,- ասաց «Արդարության» առաջնորդը։ Ստեփան Դեմիրճյանը նշել է նաեւ, որ վստահության հանրաքվեն ամենաքաղաքակիրթ ճանապարհն է իշխանափոխության եւ «այսօր էլ այդ հարցը օրակարգում է»։ Ստեփան Դեմիրճյանն իր դժգոհությունը հայտնեց նաեւ ԵԽ ԽՎ դիտարկման հանձնաժողովի զեկույցում տեղ գտած այն մտքի կապակցությամբ, թե իբր Հայաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ընտրախախտումները եղել են երկուստեք։

Իշխանության ներկայացուցիչները՝ ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները, Ագոյի խմբի հետ խոսեցին ԼՂՀ հակամարտության կարգավորման ընթացքի, ընտրական օրենսգրքի բարեփոխումների, սահմանադրական եւ դատական փոփոխությունների մասին։ ԵԽ Նախարարների կոմիտեի Ագոյի խմբի հարցաշարի ներածության մեջ նշված է, որ խումբը իր վերջին զեկույցում արձանագրել է Հայաստանում տեղի ունեցած առաջընթացը ԵԽ-ի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մասով։ Նշված է նաեւ, որ ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունները ձեռնարկել են մի շարք դրական քայլեր, մասնավորապես նշված է մահապատժի վերացումը, օմբուդսմենի մասին օրենքի ընդունումը։ Հետաքրքիր է, որ որպես ձեռքբերում նշված է տեղական ինքնակառավարման թեմայով սեմինարի անցկացումը։ Ագոյի խումբը խորհուրդ է տալիս դիմել ԵԽ-ի փորձագետների օգնությանը ցանկացած պահի։ Ներածության մեջ նշված է նաեւ, որ ԵԽ-ն պարտավորությունների կատարման համար երկու տարի է սահմանել, իսկ Հայաստանի համար այդ ժամկետը լրացել է մոտ մեկ տարի առաջ։ ԵԽ ԽՎ-ում խորհրդարանական պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանի դիտարկմամբ Ագոյի խմբին պետք է որ հետաքրքիր լիներ հանդիպել բոլոր խումբ- խմբակցությունների հետ. «ինձ համար շատ տարօրինակ է, որ ծրագրում գրված է՝ հանդիպում ընդդիմադիր կուսակցությունների հետ։ Ես կարծում եմ, կոռեկտ կլիներ, եթե գրեին՝ հանդիպում խորհրդարանի խմբակցությունների կամ կուսակցությունների հետ։ Ինչո՞ւ պիտի մյուսների հետ հանդիպում չլինի։ Ես կարծում եմ, ովքեր մասնակցել են ծրագրի կազմմանը, լուրջ բացթողում են արել»։

Տիգրան Թորոսյանի ներկայացմամբ Ագոյի խմբի հետ շարունակական կապը խիստ արդյունավետ է եւ խնդիրները ընթացքում լուծվում են։ «Ուղղակի մեր կողմից մեկ հարց կա՝ ներկայացնել, թե հետագայում ի՞նչ ենք անելու, որովհետեւ՝ ի վերջո խորհրդարանական վեհաժողովի բանաձեւից հետո, հետագա աշխատանքները պետք է ճշգրտվեն ըստ այդ բանաձեւի։ Իրենց պիտի ներկայացվի հետագայում աշխատելու ժամանակացանկը։ Սա է։ Ես կարծում եմ, բավականին լավ հանդիպում էր ե՛ւ անցած շրջանի արդյունքները ամփոփելու տեսանկյունից, ե՛ւ հետագա համագործակցության»։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը Ագոյի խմբի առջեւ ներկայացրեց Ղարաբաղի հարցը եւ պնդեց՝ Ղարաբաղը անպայման պետք է մասնակցի բանակցություններին։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ
Հ. Գ. Ագոյի խումբը հանդիպեց նաեւ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին։
Քննարկվեցին ՀՀ սահմանադրական բարեփոխումների, ընտրական օրենսգրքի բարելավման,
տեղական ինքնակառավարման եւ ժողովրդավարության ամրապնդման, դատական բարեփոխումների,
այլընտրանքային զինծառայության եւ մամուլի ազատության հետ կապված խնդիրներ։
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման
ներկա ընթացքի, ինչպես նաեւ՝ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն
ուղղված քայլերի ու հնարավորությունների մասին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել