ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ Մեր հայրենակիցները հիմնականում վերին դիրքերում են Վեյկ Ան Զեեում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ավարտից հետո, հաշվի առնելով նաեւ այստեղ հանդես եկած գրոսմայստերների արդյունքները, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է փետրվարի 1-ի դրությամբ պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային ցուցակը: Այն առաջվա պես շարունակում է վստահորեն գլխավորել Գարրի Կասպարովը: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը Հոլանդիայում տարած հաղթանակից հետո տեղափոխվել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, որն այժմ եզրափակում է ուժեղագույն եռյակը: Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Վլադիմիր Հակոբյանը: Նա զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը: Ցուցակում այնուհետեւ գալիս են. 33. Լեւոն Արոնյան (Լեւոնը, ինչպես տեղյակ եք, տեղափոխվել է Գերմանիա եւ, որքան մեզ հայտնի է, այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո), 68. Կարեն Ասրյան, 76. Սմբատ Լպուտյան, 101. Գաբրիել Սարգսյան, 107. Ռաֆայել Վահանյան, 162. Արտաշես Մինասյան, 169. Աշոտ Անաստասյան եւ 215. Արսեն Եղիազարյան: Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) ավարտից հետո հրապարակվել է նաեւ ATP-ի վարկանիշային ցուցակը փետրվարի 2-ի դրությամբ: Առաջին հորիզոնականում նշված է Ռոժե Ֆեդերերի (Շվեյցարիա) անունը: Նրան, հաջորդում են Խուան Կառլոս Ֆերրերոն (Իսպանիա) եւ Էնդի Ռոդդիկը (ԱՄՆ): Ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին հինգերորդն է, իսկ Դավիթ Նալբանդյանը՝ ութերորդը: Նույն օրը որոշվել է նաեւ չեմպիոնական մրցավազքի ցուցակը: Այստեղ էլ առաջատարը Ռոժե Ֆեդերերն է: Ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը Մելբուռնում հասավ մինչեւ եզրափակիչ, հայտնվել է երկրորդ տեղում՝ իրենից ետ թողնելով Խուան Կառլոս Ֆերրերոյին: Իսկ ահա Անդրե Աղասին այս ցուցակում չորրորդն է: Ա. ՀԱԿՈԲՅԱՆ