ԸՆԴԴԵՄ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐԱԿԱԼՄԱՆ Հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը բացահայտում է աշխարհի գաղտնի կառավարության նոր դավադրությունները: Ռուսական եւ ամերիկյան շրջանակները մտահոգ են Հայաստանում իշխանափոխության հարցերում Ֆրանսիայի ակտիվությամբ։ Այդ մասին երեկ մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հայ արիական միաբանության ղեկավար Արմեն Ավետիսյանը։ Ըստ նրա, վերոնշյալ շրջանակները բանակցում են Հայաստանի մի շարք ազգայնական ուժերի հետ՝ մեր երկրում ազգայնական ուժերին իշխանության բերելու համար։ Կոնկրետ անուններ հրապարակելուց պարոն Ավետիսյանն առայժմ զերծ մնաց։ Պրն Ա. Ավետիսյանը խոստացել էր նաեւ նոր մասոնների բացահայտել։ Մեր այդ խնդրանքին ի պատասխան, երեկ նա տեղեկացրեց, որ «հստակեցումներ կան», բայց խնդրեց սպասել՝ «տեսնենք ինչ գործընթացներ տեղի կունենան իշխանափոխության շուրջ։ Չենք ուզում հիմա անուններ տալ, որպեսզի չխրտնեցնենք այդ ուժերի տերերին»։ Այնուհետեւ զրույցն ընթացավ «ընդդեմ մարդկանց համարակալման» թեմայով։ Տեղեկացանք, որ ազգայնական ուժերը այդ առիթով նաեւ միավորում են ստեղծել։ Նրանք գտնում են, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքն իր էությամբ անհատական ծածկագիրն է եւ անընդունելի է՝ կրոնական, ազգային եւ պետական անվտանգության, բարոյական, մարդու իրավունքների ոտնահարման եւ Սահմանադրության խախտման տեսանկյունից։ Դա եւս Ա. Ավետիսյանը, այսպես կոչված, աշխարհի գաղտնի կառավարության ձեռքի գործն է համարում. «Այս կերպ աշխարհի 6 մլրդ մարդու ցանկանում են զոմբիացնել եւ ենթարկել իրենց»։ Ու՝ «քանի որ այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ, նույնիսկ հայրենիքը եւ հայ ազգի նկարագիրը, դոլարը բացում է բոլոր փականները՝ քանի դեռ մեր երկիրը ղեկավարում են գերտերություններն ու մասոնական օթյակները, չի գործելու ազգային եւ պետական անվտանգության համակարգը, գաղտնիության օրենքով ապահովագրված չի լինելու ոչ մի անհատ»։ Իսկ ընդդիմության անտարբերությունն այս առիթով Ա. Ավետիսյանն այսպես բացատրեց. «Որպեսզի եվրոպացիներն իրենցից չնեղանան եւ օգնեն իշխանության գալու համար»։ Մեր զրուցակցի բացահայտմամբ, այս ծրագրի երրորդ փուլն էլ «չիպ»-երի տեղադրումն է մարդու ճակատին կամ աջ ձեռքին։ Ազգայնականների տեղեկություններով, «չիպ»-երի որոշակի քանակ ներկրվել է Հայաստան։ Նրանց մատուցմամբ, «չիպ»-երը թույլ են տալիս մարդուն ռոբոտի վերածել։ Իսկ Մեքսիկայում, 10 հազար մարդու համար «չիպ»-երի տեղադրման գործընթացը նախատեսված է։ Ընդ որում, Ա. Ավետիսյանի տեղեկություններով, Գերմանիան, Պորտուգալիան, Ճապոնիան այդ «համարակալման օրենքը մերժել են», Ֆրանսիան, Ուկրաինան, Հունաստանը, ՌԴ-ն ընդունել են կամավոր սկզբունքով։ Իռլանդիան, Իսպանիան, Կանադան՝ նույնպես մասամբ են ընդունել։ «Մերոնք այս ամենն անտեսում են եւ հլու-հնազանդ կատարում իրենց տերերի պատվերը»,- ավարտեց մեր զրուցակիցը։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ