Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաքվում նեղված են եւ՝ լավատես

Փետրվար 05,2004 00:00

Բաքվում նեղված են եւ՝ լավատես Ինչպես եւ կարելի էր սպասել, ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության անդամները յուրովի են ընկալել «Լեռնային Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ» հայտնի արտահայտությամբ զուգորդվող դիվանագիտական նրբությունները: Ադրբեջանցի խորհրդարանականներն ամենեւին չեն կիսում հայկական պատվիրակության որոշ անդամների այն տեսակետը, թե ԵԽ-ի՝ Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցների մեջ տեղ գտած ձեւակերպումների տարբերությունն ի վերջո հանգեցնելու է Ղարաբաղի մասին հայանպաստ փաստաթղթի: Հիշեցնենք, որ խոսքը՝ Հայաստանին վերաբերող փաստաթղթից մեծ դժվարությամբ հանված, սակայն ադրբեջանական համարժեքում մնացած «այլ» բառի մասին է: Հիշեցնենք նաեւ, որ հայկական պատվիրակության շրջանակներում պտտվող կանխատեսումներից մեկի համաձայն, երկու երկրներին վերաբերող զեկույցների՝ նույն խնդրին առնչվող ձեւակերպումների տարբերությունն ի վերջո հանգեցնելու է այն բանին, որ ԵԽԽՎ՝ Ղարաբաղին վերաբերող փաստաթղթից առհասարակ դուրս են մղվելու ինչպես «այլ», այնպես էլ «գրավյալ տարածքներ» արտահայտությունները: «Ամեն ինչ պարզ կդառնա Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկույցի պատրաստումից հետո, որով, ինչպես հայտնի է, զբաղվում է բրիտանացի պատգամավոր Թերի Դեւիսը: Միայն այդ զեկույցի քննարկումից եւ ընդունումից հետո կարելի է խոսել ԼՂ խնդրի վերաբերյալ ԵԽԽՎ վերաբերմունքի մասին»,- ասում է Ստրասբուրգում Ադրբեջանի Միլլի մեջլիսի պատվիրակության ընդդիմադիր անդամ Գուլամհուսեին Ալիբեյլին: Իր հերթին, ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը Հայաստանին վերաբերող զեկույցը գնահատում է «ոչ օբյեկտիվ», կարծիք հայտնելով, թե այն հաստատելիս «դեր են խաղացել երկակի ստանդարտները»: Միեւնույն ժամանակ, Սեիդովը բացառում է, որ Խորհրդարանական վեհաժողովի ղարաբաղյան զեկույցից դուրս կգան ադրբեջանական տարածքների օկուպացման փաստը հաստատող ձեւակերպումները: «Հայկական պատվիրակության անդամների նման կանխատեսումներն անհեթեթ են եւ նախատեսված են բացառապես ներքին օգտագործման համար, քանի որ նրանք հասկանում են, որ խայտառակ պարտություն են կրել»,- համոզված է Սեիդովը: Այդուհանդերձ, ադրբեջանցիներն առանձնապես խանդավառված չեն «Լեռնային Ղարաբաղ եւ այլ գրավյալ տարածքներ» ձեւակերպումից: Ըստ նրանց, այդպիսով, թեեւ ընդունվում է Լեռնային Ղարաբաղի օկուպացման փաստը, սակայն, միեւնույն ժամանակ, այդ միավորն ընկալվում է ինչ-որ առնձնահատուկ կարգավիճակով՝ ի համեմատ հարակից տարածքների: Ինչ վերաբերում է ԵԽԽՎ փաստաթղթի հայկական տարբերակին, ապա, ըստ ադրբեջանցի պատվիրակների, այնտեղ «Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն ընդհանրապես լղոզվում եւ անհասկանալի է դառնում, ստիպելով մտածել, որ խոսքն ինչ-որ անորոշ՝ ոչ մեկին չպատկանող տարածքի մասին է»: Այս տեսակետից, Ադրբեջանի հասարակայնությունը եւս, ինչպես Հայաստանում, ամենեւին ոգեւորված չէ իր պատվիրակների՝ Եվրոպական «Ճակատում» մղած մարտերի արդյունքներով: Սակայն, ի տարբերություն Երեւանի, Բաքվում լավատեսությունն անհամեմատ գերակշռում է: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել