Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՄԵՂՐԱՄԻՍԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ»

Փետրվար 05,2004 00:00

«ՄԵՂՐԱՄԻՍԸ ԵՐԿԱՐ ՉԻ ՏԵՎԻ» Խորհրդարանական ընդդիմության համախմբման վերաբերյալ կանխատեսում է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Վստահության հանրաքվեի վերաբերյալ ՍԴ-ի որոշմանը ժամանակին կողմ էր արտահայտվել նաեւ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ Սակայն նույն խմբակցությունը կոալիցիոն մյուս երկու ուժերի հետ տապալեց հանրաքվեի հարցը։ ՀՀԿ խորհրդի անդամ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանից «Առավոտը» երեկ փորձեց ստանալ այս երկվության բացատրությունը։ Պատասխանելով մեր այս հարցին, վարչապետն ասաց. «Այդ դեպքում առաջարկում եմ հիշեք, որ Գալուստ Սահակյանի նմանատիպ հայտարարությունից հետո ես՝ որպես կուսակցության նախագահ, հայտարարություն արեցի, որով գտել եմ աննպատակահարմար՝ ընդհանրապես այդպիսի հանրաքվե անցկացնելը։ Եվ ՀՀԿ-ն այդ օրվանից մինչեւ այժմ իր այդ դիրքորոշումը պահպանել է։ Նույն Գալուստ Սահակյանը հետո բազմիցս կրկնել է այն, ինչ կուսակցությունը որոշել էր»։ Արդյո՞ք, իրեն ժողովրդավար հայտարարած որեւէ երկրի համար նորմալ իրավիճակ է, երբ ընդդիմությունը բոյկոտում է խորհրդարանի աշխատանքը։ Պարզվեց՝ վարչապետի համար այս իրավիճակը բավականին ընկալելի է. «Քաղաքական պայքարի ձեւերից մեկն է, ոչ լավագույն ձեւը, իհարկե։ Գտնում եմ որոշ ժամանակ հետո որոշ մարդիկ եւ կուսակցություններ իրենց դիրքորոշումը կփոխեն։ Որովհետեւ այս մեղրամիսը երկար չի շարունակվի»։ Վարչապետը նկատի ուներ «Արդարություն» դաշինքի եւ «Ազգային միաբանության» մեղրամիսը։ Իսկ եթե այդ կանխատեսումն իրականանա, ի՞նչ հիմքով կամ ի՞նչ պատճառով կլինի «ամուսնալուծությունը»։ Անդրանիկ Մարգարյանը, թեպետ, կանխավ հայտարարեց, թե չի ցանկանում խառնվել կուսակցությունների ներքին գործերին, բայց նաեւ ասաց. «Այն, ինչ կատարվեց վերջին շրջանում (խոսքը ընդդիմության միասնաբար հանդես գալու մասին է.- Մ. Ե.), կարող էին անել մեկ տարի առաջ եւ իրենց ցանկալի արդյունքին հասնելու հավանականությունն ավելի մեծ կլիներ։ Եթե այսպես շարունակվի, մինչեւ 2008 թ. բավականին ժամանակ կա, կարող են իրենց համագործակցությունն ավելի խորացնել, հստակեցնել բոլոր մեխանիզմները՝ 2008 թ. նախագահական ընտրություններում, եթե հնարավորություն կունենան՝ կհասնեն հաղթանակի»։ ՀՀՇ-ի վերադարձի մասին լուրերին եւ ՀՀՇ-ի հանդեպ «Հանրապետականի» վերաբերմունքի մասին մեր հարցին պատասխանելով, վարչապետը նկատեց. «ՀՀՇ-ն երբեք չի էլ հեռացել, որ վերադառնա։ ՀՀՇ-ն քաղաքական ասպարեզում գործող կուսակցություններից մեկն է։ Եվ որպես կուսակցություն իրավունք ունի իր քաղաքական դիրքորոշումն ունենալ եւ որոշել, թե ո՞ր կուսակցության հետ կարելի է համագործակցել, ի՞նչ խորությամբ համագործակցել, ինչպիսի խնդիրներ դնել իր առջեւ։ Եվ մյուս կուսակցությունների խնդիրն է՝ համաձայնե՞լ ՀՀՇ-ի դիրքորոշման հետ, թե՞ ոչ։ Նրանց ակտիվացումը շատ բնական եմ համարում, ինչպես եւ քաղաքական դաշտում գործող բոլոր կուսակցությունների գործունեությունը»։ Ըստ որոշ պնդումների՝ հանրահավաքային սեզոնի բացմանը նախապատրաստվում է ոչ միայն ընդդիմությունը, այլ իշխանությունները՝ նույնպես։ Ասվում է, որ հանրահավաքները ճնշելու համար նոր տեխնիկա է բերվել, նոր ռետինե մահակներ եւ այլն։ Որքանո՞վ են ճիշտ այս պնդումները։ Վարչապետը, ըստ էության, չհերքեց ասվածը. «Ցանկացած իշխանություն պարտավոր է ապահովել ներքին կարգուկանոնը, կայունությունը, բնակչության անվտանգությունը։ Եվ եթե քայլեր չկատարվեն, դա անբնական կլիներ։ Ավելի լավ չի՞, որ ժամանակակից մեթոդներով լինի։ Եվ բոլոր այն միջոցներն ունենանք, որոնք գործում են ժամանակակից երկրներում եւ ոչ թե նահապետական շրջանի ինչ-որ գործիքներ, որոնք ժողովրդավարական երկրներին չհամապատասխանող միջոցներ են եւ ավելի շատ կվտանգեն մարդու իրավունքները եւ անձնական անվտանգությունը»։ Խնդրեցինք մանրամասնել՝ կոնկրետ ի՞նչ ժողովրդավարական պայքարի միջոցների մասին է խոսքը։ Այդ հարցին վարչապետը պատասխանեց. «Սի-Էն-Էն»-ի եւ «Բի- Բի-Սի»-ի ցանկացած հաղորդման մեջ երեւում է, թե Ամերիկայում, Ֆրանսիայում կամ մեկ այլ երկրում ոստիկանությունը իշխանության հետ ինչպես է համագործակցում, ինչպիսի մեթոդներով են համագործակցում»։ Եթե մենք ճիշտ հասկացանք վարչապետին, ուրեմն Եվրոպան մեր երկրին օգնում է նաեւ ընդդիմության ցույցերի դեմ քաղաքակիրթ մեթոդներով պայքարելո՞ւ հարցում. «Դե, համ ասում ենք, ուզում ենք Եվրոպային ինտեգրվենք, համ ասում ենք՝ ուզում ենք ժողովրդավար լինենք, ինչո՞ւ միայն մամուլի ազատությա՞մբ է դա երեւալու։ Նաեւ մնացած բաղադրիչները կան, չէ՞»։ Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այն կարծիքին է, որ Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման հետ կապված պարտադրանքի քաղաքականությունը չի օգնի. «Պարտադրանքը չի աշխատի։ Մեկ անգամ փորձում էին պարտադրել, տեղի ունեցան 98 թվականի դեպքերը։ Պարտադրանքը չի օգնի»։ Ներքաղաքական իրավիճակի վարչապետական գնահատականը հետեւյալն է. «ընդդիմության կողմից որոշակի ակտիվություն գոյություն ունի։ Նրանք ցանկանում են իրենց քաղաքական խնդիրները (ես չեմ ասում լավ թե վատ) լուծել։ Բայց ես գտնում եմ, այն մեթոդները, որով փորձում են լուծել, այնքան էլ բարենպաստ չեն մեր երկրի եւ նրա միջազգային հեղինակության համար։ Բայց եղել են ավելի վատ իրավիճակներ եւ կարողացել ենք դրանից դուրս գալ»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել