Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է»

Փետրվար 05,2004 00:00

«ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՈՐԲ Է» Հիշեցնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: – Ի՞նչն է պատճառը, որ «ԵԽԽՎ-ն ափսոսանք է հայտնում Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի բացակայության առնչությամբ» արտահայտությունից՝ «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ» ձեւակերպումը հանելու Ձեր առաջարկը Եվրախորհրդում արժանացավ ընդամենը 10 «կողմ» ձայների: – Միայն այդ առաջարկը չէր: Բանաձեւում հաստատում է կատարվել, թե բանակցությունները մտել են փակուղի եւ դրանից դուրս գալու համար Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արվել ավելի ակտիվացնել իրենց երկխոսությունը: Ես առաջարկել էի, որ այդ երկխոսությանը ներգրավվեն նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները: Եվ այդ առաջարկը եւս ստացավ 10 ձայն: Այս ամենի պատճառները խորքային են: Հրապարակային քննարկումների համար Հայաստանի արտաքին քաղաքականությունը չունի հայեցակարգ, եւ մեր հայտարարությունները կամ ելույթներն ունենում ենք ինքնուրույն մշակումներով: Եվրախորհրդին անդամակցելուց հետո բախվել ենք մի շատ լուրջ խնդրի, որի մասին ես 3 տարի շարունակ ասում եմ, թե ուղղակի միամտություն է կարծելը, որ մենք կարող ենք խուսափել ԵԽԽՎ-ում Ղարաբաղի հարցի քննարկումից: Նախ՝ այդ մասով պարտավորություն կա, եւ բացի այդ՝ ԼՂ հակամարտության կարգավորումն իսկապես հանգուցային սկզբունքներից էր ԵԽ-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միաժամանակյա անդամակցության հարցում: Եվ առաջին ելույթում, որ Հեյդար Ալիեւը 2001-ի հունվարի 25-ին ունեցավ ԵԽԽՎ-ում՝ արդեն իսկ հստակ նշեց իրենց պատվիրակության գործունեության ծրագիրը, որի հիմնական մասը Ղարաբաղի հարցն էր: Հիմա մենք քաղում ենք դրա պտուղները: Ոչի՛նչ, որ իմ առաջարկները ստացան 10 ձայն: Նախկինում, երբ ադրբեջանցիներն էին փոփոխություններ առաջարկում «գրավյալ» տարածքների եւ այլնի մասին՝ էլի չէին անցնում: Նրանք աշխատում էին «կաթիլը քար է ծակում» սկզբունքով եւ պատգամավորների ուղեղներում կամաց-կամաց սկսեց նստել դա: – Դուք այլեւս չեք փորձում փոխել «գրավյալ տարածքներ» արտահայտությունը: Այսինքն, ՀՅԴ-ն ընդունում է, որ այդ տարածքները գրավյա՞լ են: – Ո՛չ, բացարձակապես չենք ընդունում: Եվ ես այդ առնչությամբ ե՛ւ ելույթներ եմ ունեցել, ե՛ւ առաջարկներ արել դեռ 2002-ին, երբ ԵԽԽՎ մեր պարտավորությունների շուրջ բանաձեւում առաջին անգամ մտավ այդ ձեւակերպումը: Բայց դա մի պատգամավորի խոսք չպիտի լինի, այլ պետական, համակարգված աշխատանք: – Այսինքն, մեր պետությո՞ւնն է արդեն համաձայն, թե դրանք գրավյալ են: – Ո՛չ, պետությունն էլ չի ընդունում: Բայց այս վիճակում, երբ բանաձեւ էր մտել «Ղարաբաղը եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքները» ձեւակերպումը՝ մարտավարական առումով ճիշտ համարվեց, թե պետք է հանենք «այլ» բառը: Եվ մենք չէինք կարող չհետեւել արտաքին գերատեսչության ղեկավարի ասածներին, քանի որ՝ ի վերջո, բանակցություններն իրենք են վարում, տնօրինում ամբողջ տեղեկատվությունը եւ գիտեն, թե արձագանքներն ինչպիսին կարող են լինել: Ընդունեցինք այն տրամաբանությունը, թե այդ երկու առաջարկները միասին ներկայացնելը կարող էր խանգարել մեկը մյուսին: Պատկերացրեք՝ եթե անեինք նաեւ այդ առաջարկը եւ ո՛չ մեկն անցներ, ո՛չ մյուսը՝ կձախողեինք նաեւ «այլ»-ի հանելը: – Հիշատակեցինք, թե «գրավյալ» բառն առաջին անգամ բանաձեւում հայտնվել է 2002-ին: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը մեր նախկին պատվիրակության գործունեության համատեքստում դիտարկեց ե՛ւ դա, եւ այն, որ անցած 4 տարիների ընթացքում պատվիրակության որեւէ անդամ զեկույց չի ունեցել եւ չի մասնակցել դիտարկման աշխատանքների: Քանի որ մաս էիք կազմում նաեւ նախկին պատվիրակությանը՝ ընդունո՞ւմ եք այդ քննադատությունը: – Ամենահեշտը մեղքն ուրիշի վրա գցելը կամ մեղավորներ փնտրելն է, որ մեր իրականության մեջ կատարվում է լավագույնս: Արանքում կորչում է հարցը, թե ինչ է պետք անել, որ տեղի չունենա այս ամենը: Մենք զբաղվում ենք իրար հետ ճշտելով՝ ե՞ս եմ ավելի մեղավոր, թե՞ մյուսը: Սա անպտուղ խոսակցություն է: Պիտի հասկանանք՝ ի՞նչն է իրական պատճառը, որ այս ամենը տեղի է ունենում եւ փորձենք վերացնել այն: Այլապես միշտ էլ կլինեն ձախողումներ եւ մեղավորներ: Իսկ հաղթանակը բազմաթիվ տերեր ունի՝ պարտությունն է որբ: Ինչ վերաբերում է նախորդ կամ ներկա պատվիրակության գործունեությանը՝ կարծում եմ, մենք արել ենք առավելագույնս, ինչ հնարավոր էր անել: Պատվիրակությունը Ստրասբուրգում լինում է 5 օր: Եվ եթե կարծում են, որ այդ օրերի ընթացքում մենք պիտի շուռ տանք այն տրամադրությունները, որ առաջացել են ԵԽԽՎ հսկա կազմում՝ ուրեմն, լավ չեն պատկերացնում աշխատանքը: Ընդհանրապես՝ շատ ուրախ եմ, որ այսօր այս խնդիրը դարձել է ավելի լայն քննարկման առարկա, քան նախորդ ժամանակներում էր: Քաղաքական իրավիճակը մի քիչ այլ է դարձել՝ թե՛ ընդդիմությունը, թե՛ իշխանությունը Եվրախորհուրդն իրենց գործունեության համար դարձրել են կարեւոր բնագավառ, եւ այս առումով շատ է կարեւորվում այս կառույցի աշխատանքը, որը վաղո՜ւց պետք է արվեր եւ գիտակցվեր, որ ԵԽ-ն լուրջ կազմակերպություն է, ու այնտեղ չեն մտնում պարզապես ներկա ստանալու համար: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել