Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ

Փետրվար 05,2004 00:00

ԲԱԶԵՆԵՐԸ ԲԱՆԱՎԻՃՈՒՄ ԵՆ ԵՎ ՄՐՑՈՒՄ

Երեկ Ծաղկաձորում տեղի ունեցած կլոր սեղանի ժամանակ բազեականները
փորձեցին կազմել տարբեր ոլորտներին առնչվող այն տասը կարեւորագույն առաջարկությունները,
որոնք փաթեթի տեսքով փետրվարի 9-ին պետք է ներկայացվեն ՀՀ նախագահ Ռոբերտ
Քոչարյանին։ Մարզերից ժամանած ջոկատների ներկայացուցիչները բողոքում էին
մարզային երիտասարդության ոչ այնքան աշխույժ կյանքից։ Երկար ուսումնասիրվեցին
Ջավախքին վերաբերող հարցերը եւ նշվեց, որ այսօր հայ երիտասարդներից շատերը
չգիտեն նույնիսկ, թե որտեղ է գտնվում այդ շրջանը։ Սփյուռքահայերն էլ առիթը
բաց չթողեցին եւ եւս մեկ անգամ խոսեցին երկքաղաքացիության օրենքի ընդունման
մասին եւ հենց այստեղ էլ հայաստանաբնակները բարձրացրին հետեւյալ հարցը՝ արդյո՞ք
սփյուռքահայերը կգան ծառայելու հայկական բանակում։ ԱՄՆ-ից, Վրաստանից եւ
Սիրիայից ժամանած երիտասարդները նշեցին, որ ավելի ուրախ կլինեն ծառայել Հայաստանում
եւ ոչ թե օտար երկրում։
Երեւանի բժշկական համալսարանի ուսանող Հովհաննես Հովհաննիսյանն էլ, խուսափելով հայրենասիրական հարցերից, անդրադարձավ ծնելիության խնդրին եւ առաջարկեց խոսել ծխելու դեմ պայքարին վերաբերող հարցերի շուրջ։ Ի դեպ, նա նշեց, որ իրենց ջոկատում ոչ ոք չի ծխում։

Բազեականներին այցելել էին հայ գրողները, ի թիվս Հովիկ Հովեյանի, Անահիտ Պարսամյանի, ասմունքող Սիլվա Յուզբաշյանի։

Բազեականները շարունակեցին ֆուտբոլ, «Բրեյն թեստ», «Բազե նկարիչ», «Բազե նորաձեւություն» մրցույթները։ Հովհաննես Հովհաննիսյանը, որը մասնակցել էր նաեւ «Բազեի» ամառային հավաքին, հավաստիացրեց, որ ընկերական հարաբերությունները պահպանվում են նույնիսկ «Բազեից» հետո եւ հաշվի չի առնվում հավաքի ընթացքում կրած համազգեստի գույնը եւ թե որպես հակառակորդներ ով ինչ «թշնամական» երգեր եւ քառատողեր է հղել հակառակ բանակին։

ԼՈՒՍԻՆԵ ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել