Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ ԵՆ ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ

Փետրվար 05,2004 00:00

Մեր հայրենակիցները հիմնականում վերին դիրքերում են

Վեյկ Ան Զեեում ավարտված շախմատի միջազգային ներկայացուցչական մրցաշարի ավարտից հետո, հաշվի առնելով նաեւ այստեղ հանդես եկած գրոսմայստերների արդյունքները, մարզաձեւի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է փետրվարի 1-ի դրությամբ պրոֆեսիոնալ շախմատիստների վարկանիշային ցուցակը: Այն առաջվա պես շարունակում է վստահորեն գլխավորել Գարրի Կասպարովը: Հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը Հոլանդիայում տարած հաղթանակից հետո տեղափոխվել է երկրորդ հորիզոնական՝ շրջանցելով ռուսաստանցի Վլադիմիր Կրամնիկին, որն այժմ եզրափակում է ուժեղագույն եռյակը:

Հայաստանցի շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Վլադիմիր Հակոբյանը: Նա զբաղեցնում է 22-րդ հորիզոնականը: Ցուցակում այնուհետեւ գալիս են. 33. Լեւոն Արոնյան (Լեւոնը, ինչպես տեղյակ եք, տեղափոխվել է Գերմանիա եւ, որքան մեզ հայտնի է, այսուհետեւ հանդես է գալու այդ երկրի դրոշի ներքո), 68. Կարեն Ասրյան, 76. Սմբատ Լպուտյան, 101. Գաբրիել Սարգսյան, 107. Ռաֆայել Վահանյան, 162. Արտաշես Մինասյան, 169. Աշոտ Անաստասյան եւ 215. Արսեն Եղիազարյան:

Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) ավարտից հետո հրապարակվել է նաեւ ATP-ի վարկանիշային ցուցակը փետրվարի 2-ի դրությամբ: Առաջին հորիզոնականում նշված է Ռոժե Ֆեդերերի (Շվեյցարիա) անունը: Նրան, հաջորդում են Խուան Կառլոս Ֆերրերոն (Իսպանիա) եւ Էնդի Ռոդդիկը (ԱՄՆ): Ամերիկացի մեր հայրենակից Անդրե Աղասին հինգերորդն է, իսկ Դավիթ Նալբանդյանը՝ ութերորդը:

Նույն օրը որոշվել է նաեւ չեմպիոնական մրցավազքի ցուցակը: Այստեղ էլ առաջատարը Ռոժե Ֆեդերերն է: Ռուսաստանցի Մարատ Սաֆինը, որը Մելբուռնում հասավ մինչեւ եզրափակիչ, հայտնվել է երկրորդ տեղում՝ իրենից ետ թողնելով Խուան Կառլոս Ֆերրերոյին: Իսկ ահա Անդրե Աղասին այս ցուցակում չորրորդն է:

Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել