Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐՈՂՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՌԱՆՑ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱՅԻ

Փետրվար 05,2004 00:00

Երեկ «Առավոտի» խմբագրություն զանգահարած գրողները (որոնք հրաժարվեցին իրենց անունները հայտնել) մտահոգություն հայտնեցին, որ Հայաստանի Գրողների միության՝ Կասյան 3 հասցեում գտնվող «Մագնոլիա» բժշկական կենտրոնը այլեւս չի կարող սպասարկել իրենց, որովհետեւ վաճառված է:

Նրանց տեղեկություններով, Արաբկիր համայնքի հաշվեկշռում գտնվող «Մագնոլիան» աճուրդով վաճառվել է չնչին գումարով: Հիշեցնենք, որ տասնամյակներ շարունակ գրողներին այստեղ անվճար բուժօգնություն է ցուցաբերվել: Այսօր շուրջ 400 անդամ ունեցող Գրողների միությունում հիմնականում տարեցներ են՝ անվճար, կամ գոնե մատչելի բուժօգնության կարոտ: Երեկ իսկապես բուժհիմնարկի դռները՝ կողպված, իսկ համապատասխան ցուցանակը հանված գտանք:

ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ տեղյա՞կ է միության ղեկավարությունը բուժհիմնարկի ճակատագրին: «Երկու օր է, ինչ լսել ենք այդ մասին: Սա հերթական խայտառակությունն է: Եթե դա իսկապես մեր ձեռքից վերցնում են, նշանակում է մեր երկրում ամբողջ բարոյական պաշարը սպառվել է: Եթե պիտի ծեր, հիվանդ գրողի վերջին հանգրվանը, որտեղ նա բուժվում է, վերցնեն, էլ ինչի մասին է խոսքը: Սկսվել է մշակութային տարածքների կողոպուտ՝ ինչպես Հանրագիտանի, Մշակույթի ֆոնդի, Փոսի թատրոնի պարագայում: Չնայած դեռ հույսս չեմ կորցնում, գուցե ամեն ինչ եղել է անգիտությամբ: Իսկ եթե ոչ, ուրեմն պիտի դատական պրոցես սկսենք, որպեսզի գրողները կարողանան պաշտպանել իրենց իրավունքները»,- պատասխանեց պրն Անանյանը:

Արաբկիրի թաղապետարանի լրատվական ծառայության պետ Լիլիթ Մելքոնյանը տեղեկացրեց, որ աճուրդի մասին հայտարությունը տպագրված է եղել «Հայաստան» թերթում, որի խմբագրական խորհրդի անդամ է նաեւ ՀԳՄ նախագահը: «Աճուրդը կայացել է հունվարի 8-ին, շենքը 4մլն 400 հազ. դրամով գնել է Սերգեյ Մելիքյանը: «Մագնոլիայի» կոլեկտիվը հրաժարվել է մասնակցել աճուրդին, ինչը կարող ենք հավաստել համապատասխան փաստաթղթերով: Այնպես որ, ամեն ինչ եղել է հրապարակային ու օրենքի տառին համապատասխան,- ասաց Լ. Մելքոնյանը,- թաղապետարանն արդեն 5 տարի պայմանագիր ունի ոչ թե Գրողների միության, այլ «Մագնոլիա» ՍՊԸ-ի հետ: Մեր տեղեկություններով, այնտեղ ոչինչ էլ անվճար չի եղել, եւ «Մագնոլիան» գործել է ոչ թե բարեգործական հիմունքներով, այլ մասնավոր հիմնարկությունների նման»:

«Առավոտը» կապվեց նաեւ «Մագնոլիա» ՍՊԸ-ի գլխավոր բժիշկ Գրիշա Բեկյանի հետ՝ պարզելու, թե ինչու իրենց կոլեկտիվը չի մասնակցել աճուրդին: «Դրա համար մեզ անհրաժեշտ էր մոտ 5 մլն դրամ, ինչը չունեինք: Իսկ մեր կոլեկտիվն ընդամենը 5 հոգուց է բաղկացած: Ճիշտ է, Գրողների միությունը թեեւ հիմնադիրն է «Մագնոլիայի», բայց ֆինանսապես մեզ երբեւէ չի օգնել: Բոլոր գումարային հարցերը մենք ենք լուծել: Ընդհակառակը, իրենք կես տարին մեկ եկել են, ասել, որ պոլիկլինիկան չի արդարացնում իրեն, լավ կլինի փակեն, խանութ դարձնեն: Մենք էլ հոգնած այս ամենից, մտածելով, որ մի օր, միեւնույն է, փակվելու ենք, որոշել ենք մեզ համար նոր աշխատանք գտնել»,- պարզաբանեց պրն Բեկյանը:

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել