Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կրթված ենք, բայց մասնագետ չենք

Փետրվար 05,2004 00:00

Եվրոպական միության Tacis ծրագիրը նախատեսում է զարգացնել Հայաստանում միջին ու մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգը:

Երեկ ԿԳՆ-ի ներկայացուցիչները եւ Եվրոպայի փորձագետները քննարկեցին այդ ծրագիրը:

1990թ. ի վեր հանրապետությունը շատ արագ զրկվեց միջնակարգ մասնագիտական համակարգից, որը տնտեսությունն ապահովում էր միջին օղակի մասնագիտական կադրերով: 109 նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններից՝ նախկին պրոֆտեխուսումնարաններից, չի մնացել եւ ոչ մեկը: «Կրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո, սակայն, այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ մտավ մի կետ, ըստ որի, պրոֆտեխուսումնարանները վերակազմակերպվեցին «Ավագ արհեստագործական դպրոցների» եւ օրենքով հաստատվեց դրանք վերականգնելու հնարավորությունը: «Հիմնականում ձեռնարկությունների կադրերի պահանջարկն է, որ ձեւավորում է աշխատաշուկան: Այս պահին ճշգրիտ տվյալներ չկան, սակայն Սոցապնախարարությունը (նախկին- Հ. Բ.) շուտով կներկայացնի տվյալներ, ըստ որոնց կպատրաստվեն այն կադրերը, որոնք անհրաժեշտ կլինեն հանրապետությանը»,- նշեց ԿԳՆ մասնագիտական կրթության եւ ուսուցման (ՄԿՈՒ) բաժնի ղեկավար Արամ Ավագյանը: Նրա հավաստմամբ, մեկ ամիս հետո կունենանք առաջին 2 ծիծեռնակները. Քաջարանի եւ Մարտունու արհեստագործական ուսումնարանները: Իսկ սեպտեմբերը կսկսենք արհեստագործական նոր համակարգով: Որոշ դեպքերում կօգտագործվեն հին շենքերը, սակայն ունենք նաեւ լուծարվածներ, որոնց գույքը օտարվել է, տրվել է այլ կրթօջախների:

Ի դեպ, այս ծրագրով նախկին շենքերի վերանորոգում չի նախատեսվում: Սակայն ՄԿՈՒ ռազմավարության ազգային փորձագետ Ալբերտ Ոսկանյանը հուսով է, որ պետությունը դրանց համար միջոցներ կգտնի: Ըստ նրա, մեր պետության համար այսօր առաջնային են շինարարության, կենցաղսպասարկման, տրանսպորտի, կապի, մասամբ՝ գյուղատնտեսության եւ էներգետիկայի ոլորտներին անհրաժեշտ միջին աստիճանի մասնագետներ: «Իսկ մեր ժողովուրդը շատ է սիրում բարձրագույն կրթություն,- փաստեց պրն Ոսկանյանը: Այսօր բարձրագույն պետական համակարգում սովորում է 65700 մարդ, ներառյալ՝ ոչ պետական բուհերը: Իսկ միջնակարգ մասնագիտական համակարգում՝ 31 հազար: Մեր բնակչության 24-64 տարեկանների մեջ 29 տոկոսը բարձրագույն կրթություն ունի, այն դեպքում, երբ աշխարհի միջինը 23 տոկոս է: Մենք ետ ենք մնում միայն Կանադայից, Ճապոնիայից, ԱՄՆ-ից եւ էլի մի 5-6 երկրից»: Ցավոք, այս հարցում առաջին շարքերում գտնվելը մեր երկրին մասնագետներ ունենալու առումով չի օգնում:

ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել