Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սուդանի հետ համեմատած՝լավ ենք

Փետրվար 05,2004 00:00

ՄԱԿ-ի պաշտոնյան հույս է հայտնում, որ ապագայում Հայաստանը ինքնուրույն կլուծի իր պարենային խնդիրները:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակը գործում է 1993թ. սեպտեմբերից։ Անցած 10 տարում կազմակերպությունը մարդասիրական նպատակներով Հայաստանին է տրամադրել ավելի քան 52 մլն ԱՄՆ դոլարի պարեն, որից տարեկան մոտ 220 հազար կարիքավոր մարդ է օգտվել։

ՊՀԾ ներկայացուցիչ, հայաստանյան գրասենյակի տնօրեն Մուզաֆար Չուդերիից տեղեկացանք, որ կազմակերպության օգնության ծրագրերը Հայաստանում կշարունակվեն առնվազն եւս երկու տարի՝ մինչեւ 2006թ.։ Ճիշտ է, արդեն պակաս բեռնվածությամբ եւ նվազ ծավալներով. ընթացիկ ծրագրերում ներգրավված 170 հազար անձի փոխարեն 2004-ի կեսերին հաստատվելիք երկամյա ծրագրում ընդգրկված կլինի 110 հազար մարդ: «15% տնտեսական աճը տպավորիչ է։ Եթե այդպես շարունակվի, մենք անելիք չենք ունենա։ Ի դեպ, ՀՆԱ-ի ծավալի առումով Հայաստանը ավելի լավ վիճակում է, քան Աֆղանստանը, Կորեան, Իրաքը, Սուդանը, Սիերա-Լեոնեն եւ այլ երկրներ։ Առավել եւս, երբ նկատի ունենանք, որ այս երկրներից մի մասում լուրջ խնդիր է սպիդի մեծ ծավալը»,- նշեց Մ. Չուդերին։

Կազմակերպության ծրագրերի մասին ՊՀԾ հայաստանյան գրասենյակի հաղորդակցության հարցերի պատասխանատու Լիանա Խառատյանը մանրամասնեց. «Սնունդ աշխատանքի դիմաց» (ՍԱԴ) ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է տվյալ համայնքի առաջարկ-դիմումը եւ ներդրումը։ Առաջարկվող ծրագիրը պետք է ծառայի համայնքի կարիքներին եւ ընդգրկի հնարավորինս շատ մարդ»։ Ըստ նրա, համայնքի ներդրումն անհրաժեշտ է, քանի որ ՊՀԾ տրամադրած պարենը ծրագրում ընդգրկվածների աշխատանքի դիմաց յուրօրինակ հատուցում է եւ միայն սննդով ծրագիր չի իրականացվի, «իսկ երբ համայնքը ներդրում է ունենում, ծրագիրն իրենն է համարում եւ առավել հոգատար է»։ Ներդրումը կարող է տարբեր լինել. ջրագծի կառուցման դեպքում՝ խողովակներ, շինարարության դեպքում՝ շինանյութեր եւ այլն, «միայն ամենակարիքավոր մարզերին ՊՀԾ-ն կարող է տրամադրել սահմանափակ քանակով ոչ պարենային նյութեր՝ մեխ, ցեմենտ, ներկ եւ այլն»։

Գրասենյակի տնօրեն Մուզաֆար Չուդերիի համոզմամբ, «Ճիշտ է, երբ երկիրը հույսը իր վրա է դնում։ Մենք հուսով ենք, որ Հայաստանը այնքան կզարգանա, որ ունակ կլինի սեփական ուժերով լուծել պարենային խնդիրները։ Սակայն այսօր Հայաստանը սննդի կարիք ունի»։

ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել