ԸՆԴԴԵՄ՝ «ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅԱՆ»
«Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության
անդամները երեկ իրենց վրդովմունքը հայտնեցին ԵԽ ԽՎ-ի ընդունած փաստաթղթի
առիթով։ Նրանք գտնում են, որ ԼՂՀ հարցի՝ «կարգավորման գործընթացի միջազգայնացման
պայմաններում շատ վտանգավոր է յուրաքանչյուր միջազգային փաստաթուղթ, որում
արցախյան խնդրին վերաբերող աննպաստ դրույթներ կան, որոնք հետագայում անպայմանորեն
հիմք են հանդիսանալու նոր, ավելի սպառնալի եւ ավելի գործնական ձեւակերպումների
համար»։ Այս համատեքստում առավել կարեւորվում է երկրի իշխանությունների դիրքորոշումը.
«ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ձախողությունների, Եվրամիության փաստաթղթում
հակահայկական պահանջների հիմնական պատճառը Հայաստանի իշխանությունների եւ
նախագահի, ի սկզբանե, պարտվողական տրամադրվածությունն է եւ, մասնավորապես,
հայրենի տարածքներով սակարկելու, դրանք հանձնելու դավաճանական պատրաստակամությունը»։
Համոզմունքով, որ ազատագրված բոլոր տարածքները Հայաստանի անբաժանելի մասն են եւ սակարկության ենթակա չպետք է լինեն, բանախոսները ժողովրդին կոչ են անում ինքնուրույն լուծել հիմնախնդիրը։ Մասնավորաբար, այդ շրջանները բնակեցնելով Ադրբեջանից հայ փախստականներով. «այս հարցում ուշացումն է մեր այսօրվա եւ ապագայի դիվանագիտական պարտությունների հիմնական պատճառը»,- համոզված են նախաձեռնության անդամները։ Դեմ լինելով «հակաժողովրդական իշխանություններին», նրանք համոզված են, որ՝ «հայության իրավունքներին ունակ չեն տեր կանգնելու նաեւ այն ընդդիմադիրները, որոնք իշխանությանը տիրանալու հարցում չեն առաջնորդվում ազգային հիմնավորումներով, այլ հույսը դրել են գլխավորապես արեւմտյան օժանդակության վրա»։
Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ