Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՄԵՐԺՈՒՄ ՍԻՐԱՀԵՏՈՂՆԵՐԻՆ

Փետրվար 04,2004 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ՀԱՅ ԿԱՆԱՅՔ ՄԵՐԺՈՒՄ ՍԻՐԱՀԵՏՈՂՆԵՐԻՆ Սեռական ոտնձգությունների զոհերը սովորաբար չեն դիմում իրավապահներին Անցած շաբաթավերջին «Կանանց ֆորում» հասարակական կազմակերպությունը եւ «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը հրապարակեցին «Աշխատավայրերում կանանց նկատմամբ սեքսուալ ոտնձգությունները» հետազոտության արդյունքները («Առավոտ», 30 հունվարի)։ Պարզելու համար, թե ինչպես են հայ կանայք հակազդում սեռական հետապնդումներին, դիմեցինք «Սոցիոմետրին»՝ հետազոտության հարցաթերթիկներին ծանոթանալու խնդրանքով։ Ոտնձգությունների նկատմամբ կանանց վերաբերմունքը արտացոլվում է «ինչպե՞ս եք վարվել սեքսուալ ոտնձգության դեպքում» հարցի պատասխանով։ Պատասխանը կախված է այս կամ այն խմբին պատկանելիությունից: Օրինակ, առանձին թեմա են ամուսնալուծված կանայք։ Ըստ հարցաթերթիկների, գրեթե բոլոր ամուսնալուծված կանայք ոտնձգությունների թիրախ են դառնում։ Վերջիններիս վերաբերմունքը տարբեր է. մեկը հետապնդողին բացատրել է, որ «բաժանված չի նշանակում անբարոյական», մյուսը՝ «ով չի հետաքրքրել՝ մերժել եմ», երրորդն էլ՝ «նայած ժամանակ, նայած ով» ձեւով է վերաբերվում սեքսուալ ոտնձգություններին։ Կարելի է առանձնացնել նաեւ կրթական համակարգը։ Մի աղջկա դասախոսն է հրավիրել տուն՝ «պարապելու նպատակով, բայց իրականում այլ ծրագրեր ուներ։ Ես մերժեցի, թեեւ տեսա, որ սիրահարված է»։ Մեկ ուրիշ ուսանողուհի դասախոսին մերժելուց հետո նկատել է, որ վերջինս ուրիշ ուսանողուհու է հետապնդում։ Երրորդն էլ՝ «ձայնս գլուխս եմ գցել, փորձը ձախողվել է եւ էդ մարդը հիմա բանտում է»։ «Ինքը բիձա դասատու էր մեր դպրոցում, մերժեցի, հետո էլ իրան գործից հանեցին»,- տեղեկացրել է մի աշակերտուհի։ Սա արդեն լուրջ մտահոգության առիթ է։ Երեւույթի լրջությունը չթերագնահատելով հանդերձ, արձանագրենք, որ հարցված կանանց որոշ պատասխաններ երկիմաստ ու նաեւ զավեշտական են։ Եվ այսպես. «Դուք կամ ձեր ծանոթը ինչպե՞ս է վարվել սեքսուալ ոտնձգության դեպքում»։ Պատասխաններ՝ «անհարմար վիճակի մեջ եմ գցել», «ամեն ինչ բարեհաջող անցավ», «հիասթափվել եմ», «շատ խիստ վիրավորվել եմ», «զգացնել տվեցի, որ իրենց համար չեմ», «ոմանց հարցերը ես եմ լուծել, ոմանց էլ՝ ում պետք է, դիմել եմ», «ով ոնց կարա, թող տակից դուրս գա», «ասել եմ, որ ես եմ որոշում իմ անելիքը»։ Բոլոր այն կանայք, ովքեր հարցը լուծել են «գեղական կարգով» (ամուսնու կամ ծանոթի միջոցով, ֆիզիկական ուժով), իրենց արարքը նույն կերպ են ձեւակերպել. «Գլուխը ջարդել եմ տվել»։ Սեքսուալ ոտնձգությանը խիստ յուրօրինակ է պատասխանել միջին տարիքի մի կին «սպառնացել եմ, որ կպատմեմ կնոջը»: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հարցման է ենթարկվել 500 կին, որից 350-ը սեքսուալ ոտնձգության ենթարկվել է։ Սակայն միայն 8 հոգի է դիմել իրավապահներին։ Սա թերեւս իրավապահների նկատմամբ վստահության պակասի դրսեւորում է, առավել եւս, եթե հաշվի առնենք հարցվածներից մեկի պատասխանը. «Ոտնձգությունից հետո լռել եմ, հետո դիմել օրենքի ներկայացուցչին։ Վերջինս ինքն էլ է սկսել հետապնդել»։ ԱՐԱՄ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել