Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍՏԱՄՅԱ՞ՆՆ Է ԳՈՐԾԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ

Փետրվար 04,2004 00:00

ՌՈՒՍՏԱՄՅԱ՞ՆՆ Է ԳՈՐԾԵԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ Վարդան Օսկանյանը բացահայտել էր, թե վստահության հանրաքվեի դեմ «պայքարելու համար մեր պատվիրակության մյուս անդամները ստիպված էին ժամանակ եւ ջանք տրամադրել, որը եւ բնականաբար նվազեցրեց նրանց արդյունավետությունը Ղարաբաղի հարցում»: Երեկ ասուլիսում անդրադառնալով այս պնդմանը՝ ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Շավարշ Քոչարյանն ասաց. «ԱԳ նախարարը բացահայտ խոսում է իր նախապատվությունների մասին: Առաջին հերթին՝ ամե՛ն գնով ծառայել Ռոբերտ Քոչարյանին, հետո նոր՝ Ղարաբաղի հարցը»: Ավելի վաղ պրն Քոչարյանն ասել էր, թե ԵԽԽՎ-ում ընդդիմության առաջարկները մերժվեցին, քանի որ եվրոպացիների հետ աշխատել էր պատվիրակության իշխանական թեւը: Սակայն «Առավոտը» հիշեցրեց, որ իր ասուլիսում Տիգրան Թորոսյանը նշել էր, թե ինքն ու Արմեն Ռուստամյանը մեր ընդդիմադիրների առաջարկները քննարկելիս ելույթներ չէին ունեցել ո՛չ դիտարկման հանձնախմբում, ո՛չ էլ լիագումար նիստի ժամանակ: Ուրեմն, գուցե ԱԳ նախարարը թյուրիմացության մե՞ջ է, թե իշխանամետները ջանքեր են գործադրել, եւ ձախողման պատճառը միայն այն է, որ Եվրախորհրդի ներկայացուցիչները դեռ անցած տարի էին դեմ արտահայտվում վստահության հանրաքվեի անցկացմանը: Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց. «Այնուամենայնիվ՝ պատվիրակության իշխանամետ թեւն աշխատանք կատարել է: Ես որոշակի անուններ գիտեմ, որոնց մոտեցել, համոզել են, թե դա սխալ է: Եվ այդ մարդիկ ինձ տեղյակ են պահել»: Եվս մեկ անգամ հիշեցրինք, թե պրն Թորոսյանը ժխտում է, որ ինքը նման աշխատանքներ է տարել, ու Արտաշես Գեղամյանն ասաց. «Դե, ուրեմն ինքը չէ: Թվաբանություն էլ գիտեք»: Ակնարկը թափանցիկ էր, որ վստահության հանրաքվեն տապալելով զբաղվել է Արմեն Ռուստամյանը: Իսկ Տիգրան Թորոսյանի հանդեպ պատվիրակության անդամներն առանձնակի վերաբերմունք դրսեւորեցին. ըստ պրն Գեղամյանի՝ նա շատ սրտացավ վերաբերմունք ուներ եւ փորձում էր շտկել «այն ողբերգական վիճակը, որ ժառանգություն էին ստացել ԱԳ նախարարից»: Շավարշ Քոչարյանը նաեւ ասաց, թե Հայաստանի հարցով զեկուցող Յ. Յասկերնիան հայտնել է, որ ԵԽԽՎ ղեկավարությանն ուղղված նամակում մեր ընդդիմադիրների առաջարկները միայն ժամանակի սղության պատճառով չեն հասցրել կիրառել բանաձեւի մեջ. «Բայց ապագայում այդ բոլորը հաշվի է առնվելու: Այնպես որ՝ թող մարդիկ չկարծեն, թե մեկ անգամ այս հարցի չլուծվելը նշանակում է, թե այն վերջնականապես փակվեց: Ո՛չ, չի փակվել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել