«ԵՂԱԾԻՑ ԷԼ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՆԱԼ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» Իշխող կոալիցիայի անդամներից մեկը՝ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանն ԱԺ-ից ընդդիմության բացակայության առնչությամբ կանխատեսում է, թե թափուր չի մնա այդ տեղը: Նախադեպերը վկայում են, որ երբ ընդդիմությունը բոյկոտում է ԱԺ աշխատանքները՝ հնազանդ մեծամասնությունն ուղղակի սկսում է արագ-արագ դակել գործադիրի հավանությանն արժանացած որոշումները: Երեկ կոալիցիայի ներկայացուցիչներին խնդրում էինք մեկնաբանել, թե մտավախություն չունե՞ն, որ նույնը կլինի նաեւ այժմ: Նշենք, որ թեեւ մենք «բոյկոտ» բնորոշումն ենք օգտագործում՝ իրենք ընդդիմադիրները նախընտրեցին «առկախում»-ը, իսկ Արտաշես Գեղամյանը երեկ հայտարարեց, թե սա բոյկոտ չէ, այլ սկսվել է «խորհրդարանական լրջագույն ճգնաժամ»: Նախ ներկայացնենք ՀՀԿ անդամ այն գործչի մեկնաբանությունները, որի գործողություններն էլ առիթ դարձան այս ճգնաժամի: ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանից հետաքրքրվեցինք, թե ընդունո՞ւմ է տեղի ունեցածում սեփական պատասխանատվության բաժինը, քանի որ իր ղեկավարած հանձնաժողովի կողմից ԱԺ կանոնակարգի խախտումով սկսվեց այս ամենը. «Ո՛չ, չեմ ընդունում: Հանձնաժողովը կայացրել է ե՛ւ քաղաքականորեն, ե՛ւ իրավականորեն ճշգրիտ որոշում: Նրանք զբաղված էին քաղաքական շոուով»: Ռաֆիկ Պետրոսյանը համաձայնեց մեր հիշեցմանը, թե ԱԺ-ն նաեւ քաղաքական մարմին է. «Բայց դա չի՛ նշանակում, թե կարելի է մի նախագիծ բերել եւ մամուլի ու հեռուստատեսության ուշադրությունը զբաղեցնելով՝ անընդհատ հետաձգել այն: Ա՛յ դրա համար էլ դրա առաջն առանք»: Մինչդեռ անգամ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Ռուբեն Հովսեփյանը համաձայնեց ընդդիմության փաստարկներին, թե պետաիրավական հանձնաժողովում խախտվել է կանոնակարգը. «Ես չեմ ասում, թե այդքա՜ն պիտի չափազանցնեին, թե օրենսդիր մարմինը խախտում է օրենքները եւ այլն, ուստի պիտի հեռանան: Բայց արարողակարգային խնդիրներ կան, որ հարկավոր է ճիշտ իրականացնել: Ես նրանց հետ եմ այդ հարցում: Պիտի պահպանվեր կարգը՝ կանչվեին նախաձեռնության հեղինակները, պիտի նրանք զեկուցեին եւ առաջարկեին հետաձգել կամ հանել շրջանառությունից: Ես նույնիսկ մեր շրջանակում եմ այդ մասին ասել, թե ընդդիմության հետ աշխատելը բավական բարդ, նուրբ ու դժվար է: Առանց այն էլ նրանք ամեն սխալը տեսնել գիտեն եւ ամեն ինչը՝ չափազանցնել: Ուստի դա իմանալով՝ չի կարելի որեւէ տեղ թողնել, որտեղ նրանք ճիշտ կլինեն: Նրանք հանձնաժողովի հետ կապված հարցերում ճի՛շտ են: Եվ որեւէ բան չէր փոխվի, եթե ընթացակարգը պահպանվեր ճշգրտորեն՝ էլի լինելու էր նույն վիճակը»: Ռաֆիկ Պետրոսյանը թերեւս վստահ է, որ ինքն ընդդիմության հետ ճիշտ է աշխատում. «Օրակարգում այժմ կան 6-7 օրենքներ, որոնց հեղինակները հենց ընդդիմությունից են, եւ մենք դրական եզրակացություն ենք հայտնել դրանց վերաբերյալ: Այսինքն՝ նրանց ոչ բոլոր առաջարկներն են մերժվում»: Պաշտպանության, ՆԳ եւ ԱԱ հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ափսոսանքով խոսեց ընդդիմության հեռանալու մասին. «Ցանկացած քաղաքական ինստիտուտում, որը ներկայացուցչական բնույթ ունի՝ անհրաժեշտ են ընդդիմությունը եւ բանավեճերը: Սա կարեւորագույն խնդիրներից է, քանի որ պրակտիկան ցույց է տալիս, թե որքան շատ են լինում քննարկումներն օրինաստեղծ աշխատանքի ընթացքում, այնքան ավելի հարուստ է այն: Դրանից բացի՝ ժողովրդավարությունն է ենթադրում ընդդիմության ներկայությունը»: Սակայն, թերեւս, որպեսզի տպավորություն չստանանք, թե ընդդիմության հեռանալով մեծամասնությունը կհայտնվի ճահճացած վիճակում՝ պրն Շահգելդյանը հավելեց. «Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ խորհրդարանում շարունակվում են քննարկումները. կան ե՛ւ հարցադրումներ, ե՛ւ սուր քննադատություն, ե՛ւ տարբեր կարծիքներ, ե՛ւ կարծիքների բախում»: ՀՅԴ խմբակցության անդամ Ռուբեն Հովսեփյանը նշեց. «Ես դրանից վախ չունեմ, որ եթե ընդդիմությունը դրսում մնա՜… Իմ անհանգստությունը, վախն ու ցավն այն է, որ նրանք դրսո՛ւմ են եւ ընդդիմությունը եկել է այդպիսի որոշման: Նրանց ներկայությունն անհրաժեշտ էր այստե՛ղ՝ մեր հասարակության ընտրած ընդդիմությունն այսօր իրենք են: Եվ դուրս գալով՝ նրանք խախտում են բնական վիճակը: Բայց անհանգստություն չունեմ, թե այստեղ մնացած ուժերը չեն կարողանա գործել առանց ընդդիմության, քանի որ բնության մեջ դատարկ բան չի լինում՝ եղածից էլ կարող է առաջանալ ընդդիմություն»: Մեր հարցին, թե ում է տեսնում իբրեւ հնարավոր ընդդիմադիր՝ Ռուբեն Հովսեփյանը պատասխանեց. «Մեկը՝ ես, օրինակի համար»: Հետաքրքրվեցինք, թե «իշխանություն ըլլալով»՝ նաեւ ընդդիմությո՞ւն է դառնալու եւ նա պարզաբանեց. «Եթե մնան միայն իշխանական կուսակցությունները՝ նրանք իրար մեջ կունենան տարաձայնություններ եւ ինքն իրեն կստեղծվի ընդդիմություն: Բայց սա խնդիր չէ ու սրա մասին չէ, որ պետք է մտածենք, թե ի՞նչ պետք է անեն իշխանական կուսակցությունները խորհրդարանում՝ առանց ընդդիմության: Ամեն մեկը կանի իր գործը: Բայց սա ճիշտ ճանապարհ չէ: Չեմ կարծում, թե նրանց հեռանալն օգուտ կտա գործին: Սրանով ո՛չ իրենց գործն են առաջ տանելու, ո՛չ էլ իշխանությունների»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ