Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԿՈՒ ԲՐՈՆԶԵ ՄՐՑԱՆԱԿ

Փետրվար 04,2004 00:00

Մարտին Բերբերյանը եւ Արայիկ Գեւորգյանը, օլիմպիական ուղեգրերից բացի, նվաճեցին երկու բրոնզե պարգեւ

Ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարն ավարտվելուց անմիջապես հետո Բրատիսլավայից ինտերնետային կապով մանրամասն ինֆորմացիա էի ուղարկել «Առավոտի» խմբագրություն՝ մարզասերներին տեղի ունեցածի մասին իրազեկ պահելու համար: Սակայն, ժամանելով Երեւան, իմացա, որ այն չի ստացվել. ցավոք սրտի այդ օրը համակարգիչները Երեւանում տեխնիկական ինչ-ինչ պատճառներով չեն աշխատել:

Ինչեւէ, եղածը ետ չես բերի: Այդուհանդերձ, հարկ է, որ մարզասերն իմանա, թե Հայաստանի ըմբիշներն ինչպես իրենց դրսեւորեցին ու ինչպես երկու օլիմպիական ուղեգիր նվաճեցին: Նախ, ասենք, որ մասնակից բոլոր երկրների գնահատմամբ՝ մրցաշարն ահավոր վատ էր կազմակերպված: Շատ թվով հավաքականներ «կշեռքին» ու վիճակահանությանն ուշացած ներկայացան, որի հետեւանքով բավականին խառնաշփոթ էր առաջացել: Կազմակերպիչները ՖԻԼԱ-ի իմացությամբ եւ թույլտվությամբ վերջին պահին զգալի փոփոխություններ էին կատարել արդեն իսկ որոշված խմբերում: Այնպես որ, մեկնարկի օրը «Մլադոստ» մարզասրահում որոշ քաշային կարգերի ներկայացուցիչներ անակնկալի եկան:

Մասնավորապես, այդպես եղավ 66կգ քաշում: Նախնական տարբերակով Արշակ Հայրապետյանն 1-ին գոտեմարտը պետք է անցկացներ շվեյցարացի Գրեգորի Սարրասի հետ, սակայն մրցավար-հաղորդավարը գորգ հրավիրեց կորեացի Բաեկ Ջին Կուկին: Երկու ըմբիշների համար էլ դա անակնկալ էր, թեեւ մեր մարզիչները հասցրել էին մի-փոքր շուտ տեղեկանալ ու Արշակին նախապատրաստել: Այդուհանդերձ, հայ մարզիկը պարտվեց: Սակայն ավելի շատ ոչ թե փոփոխության, այլ իր իսկ մեղքով: Առաջինը երկու միավոր վաստակելով, նա պաշտպանությունում անընդհատ նույն սխալն էր գործում: Կորեացին առաջին պատասխան միավորը վաստակեց Արշակի ձախ ոտքի բռնումով եւ հետագայում գրոհում էր նույն ոտքի վրա ու արդյունավետ: Որքան էլ մարզիչները հուշում էին փոխել դիրքը, ոտքը չտալ մրցակցին, որի համար, ի դեպ, մրցավարից դիտողություն ստացան, նա, ասես, ոչինչ չէր լսում: Արդյունքում Արշակը տանուլ տվեց 2:3 հաշվով: Խմբից հաջորդ փուլ անցնելու համար Արշակը անպայման պետք է խմբում շահեր մնացած գոտեմարտերը: Բայց պարտադիր էր նաեւ, որ կորեացին էլ գոնե մի պարտություն կրեր: Սակայն բանը դրան չհասավ, քանի որ հայ մարզիկը երկրորդ գոտեմարտում ավելի վատ հանդես եկավ եւ 2 րոպե 28 վայրկյանում զիջեց չինացի Յու Տաո Լի Չուանին ու զրկվեց վարկանիշ վաստակելու հեռանկարից: Եվ աֆղանացի Նաջիբուլայի նկատմամբ տարած 10:0 հաշվով մաքուր հաղթանակն ընդամենը սփոփանքի դեր ունեցավ:

Մրցակցի փոփոխություն էր եղել նաեւ 55 կգ քաշային կարգում: Մարտին Բերբերյանը սպասում էր սլովակ Ռոման Կոլարին: Բայց հայտարարվեց եմենցի Ալ Հակեմ Մոհամմադ Սալեհի անունը: Նա թեեւ դահլիճում էր, սակայն հրաժարվեց գորգ մտնել: Մարտինին գրանցվեց տեխնիկական հաղթանակ՝ 4:0: Նույն օրն, այդուհանդերձ, Կոլարը եւ Մարտինը հանդիպեցին: Ու մեր ըմբիշը գերազանց ոճով հաղթանակ տարավ՝ 9:1: Գորգի տիրոջը չօգնեց նույնիսկ մարզիկին ոչ վայել կերպով մրցակցի դեմքին գլխով հարվածելը: Օրվա վերջին մարտը մեր ըմբիշը նույնպես անցկացրեց վերելքով՝ 10:0 հաշվով բացահայտ առավելության հասնելով գերմանացի Վասիլի Զեյհերի նկատմամբ ու մտավ լավագույն ութնյակ:

Մեկնարկը հաջող էր նաեւ Սեւակ Բաղդյանի (60 կգ) եւ Արայիկ Գեւորգյանի (74) համար: Նրանք էլ երեքական հաղթանակ գրանցեցին իրենց օգտին: Սեւակը հերթականությամբ պարտության մատնեց եգիպտացի Աբու Թալեբի Ալի Մոհամեդին՝ 7:4, իսպանացի Լորենտե Դել Վալին՝ 10:0 եւ մոնղոլ Սուխ Բահաթարին ու նույնպես անցավ հաջորդ փուլ: Իր հերթին Արայիկը համառ գոտեմարտում հաղթեց իտալացի Ռինելլա Սալկատորին՝ 4:3, չնայած մրցավարությունը բարեհաճ էր մրցակցի նկատմամբ, քանի որ նա գլխավոր մրցավար Ալդո Ալբանեզեի համերկրացին էր, կոլումբիացի Էդիսոն Խուրտադոյին՝ 11:0, աֆղանստանցի Ֆավադ Ռահիմզադային՝10:0:

Երկրորդ օրը Մարտին Բերբերյանը անչափ անզիջում գոտեմարտում լրացուցիչ ժամանակում 3:2 հաշվով տարավ Բրատիսլավայում իր 4-րդ հաղթանակը Ադամ Բատիրովի նկատմամբ եւ Հայաստանին բերեց Սլովակիայում 1-ին օլիմպիական ուղեգիրը: Ցավոք, անհաջողության մատնվեց Սեւակ Բաղդյանը: Նա 1:4 հաշվով պարտվեց բուլղարացի Անատոլե Գուդեային, այնուհետեւ տանուլ տվեց նաեւ իրանցի Մուստաֆա Գոքար Մասուդին: Այսինքն, Սեւակը ուղեգիր ձեռք չբերեց:

Մեզ համար անչափ հետաքրքիր էր մեր աշխարհի եռակի չեմպիոնի գոտեմարտը Սիդնեյի օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների մրցանակակիր, թուրք Ադամ Բերեքեթի հետ, որը միայն ուղեգրի համար պայքար չէր: Եվ Արայիկը, պարզապես, հիացրեց բոլորիս՝ ցուցադրելով բարձրակարգ ըմբշամարտ: Եվ երբ մրցավարն ազդարարեց գոտեմարտի ավարտը, լուսատախտակի վրա վառվում էր 5:1 հաշիվը՝ հօգուտ հայաստանցու: Ճիշտ է, մեր մարզիկն այնուհետեւ պարտվեց կուբացուն, բայց դա արդեն այնքան էլ մտահոգիչ չէր, որովհետեւ նվաճվել էր 2-րդ օլիմպիական ուղեգիրը եւ, բացի դա, Մարտին Բերբերյանն ու Արայիկ Գեւորգյանը արժանացել էին նաեւ մրցաշարի 3-րդ մրցանակակրի կոչմանը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Բրատիսլավա- Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել