Լրահոս
Օրվա լրահոսը

Կամերային երաժշտության ունկնդիր կա Հայաստանում

Փետրվար 04,2004 00:00

Վստահեցնում
է Վիլեն Չարչօղլյանը
Օրերս Ազգային օպերային թատրոնում հանդես եկավ թատրոնի կամերային նվագախումբը։ Հանդիպեցինք նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ, արվեստի վաստակավոր գործիչ, պետկոնսերվատորիայի պրոֆեսոր Վիլեն Չարչօղլյանին։

– Երկու նվագախումբ (Օպերային թատրոնի եւ վերջինիս արտիստներից կազմված՝ կամերային) կա թատրոնում։ Նրանց գործունեությունը չի՞ խանգարում մեկմեկու։

– 1974-ից գործող կամերային նվագախումբը անհրաժեշտ է հասկանալի պատճառով։ Թատրոնի մեներգիչներին հնարավոր չէ միաժամանակ ընդգրկել բոլոր ներկայացումներում, իսկ մշտապես պատրաստվածության, գերազանց վիճակում լինելու համար թե մեներգիչներին, թե նվագախմբի արտիստներին անհրաժեշտ է հաճախ բեմ դուրս գալ։ Փաստորեն, կամերայինի գործունեությամբ ապահովվում են արտիստների հաճախակի ելույթները։ Սա՝ առաջին, երկրորդ՝ մեզ հետ, օրինակ, վերջին համերգում ելույթ ունեցան թատրոնի երիտասարդ, բայց արդեն տարբեր մրցույթներում դափնիներ շահած երգիչներ Սուսաննա Բագամյանը, Աննա Մնացականյանը, Առնոլդ Քոչարյանը, Սուրեն Մկրտչյանը, Վազգեն Գազարյանը։ Այսինքն, կամերայինի գործունեությամբ ապահովվում է նաեւ երիտասարդ երգիչների հաճախակի երեւալը։

– Երկարատեւ ընդմիջումից հետո ձեր համերգին գոնե «կամերային» կազմով ունկնդիր հավաքվե՞ց։ Եվ ընդհանրապես կամերային երաժշտության պահանջ կա՞ այսօր Հայաստանում։

– Տեղեկացնեմ, որ 90-ականների սկզբներին Օպերային թատրոնի հայելապատ դահլիճում հավաքվում էր մեծաթիվ հանդիսատես։ Կամերային նվագախմբի եւ մեներգիչների մասնակցությամբ բեմադրել ենք նաեւ կամերային ներկայացումներ։ Ի դեպ, կամերային երաժշտության համերգների հաջողությունը կախված է նաեւ ներկայացվող ծրագրից։ Օրինակ, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, երբ 2001-ին ներկայացրել էինք օպերետային երաժշտություն, նույն ծրագիրը համերգասրահի տնօրինության ու, բնականաբար, ունկնդրի պահանջով կրկնեցինք երկրորդ անգամ։ Մի սուբյեկտիվ կարծիք էլ հայտնեմ. մեր ժողովուրդն արդեն ձանձրացել է հայաստանյան կամ, ավելի ճիշտ՝ երեւանյան շոուներից, ուր, որպես օրենք, հնչում է վատորակ, ցածրաճաշակ երաժշտություն։ Եկեք փրկենք մեր եւ ունկնդրի ականջը ամեն տեղ հնչող, ինքն իրեն պարտադրող երաժշտությունից։ Եվ եթե անգամ «կամերային» կազմով ունկնդիր է հավաքվում, ուրեմն այս ժանրի սիրահարներ կան մեզ մոտ։ Ասածիս ապացույցը Արամ Ղարաբեկյանի կամերային նվագախմբի պարբերաբար անցկացվող համերգների մարդաշատ դահլիճներն են։

Զրուցեց Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել