Գլուխներս կախ ենք ապրում: Այնքան ենք նայել մեր ոտքի տակը, որ էլ ճանապարհն էլ չենք տեսնում:
Ճանապարհը չենք տեսնում, որովհետեւ մեզ թվում է, որ մեր բոլոր ճանապարհները փակուղի են տանում ու մեր հեռանկարը միգամածության մեջ թռիչքի գնացող ինքնաթիռի անորոշությունն է. դեռ հայտնի չէ՝ կթույլատրե՞ն օդ բարձրանալ եւ հայտնի չէ՝ իմաստ ունի՞ այդ պայմաններում թռչել… Վերջապես՝ իսկ վայրէջքը հնարավոր կլինի՞ այդ պայմաններում թռչելու դեպքում:
Գլուխներս կախ ենք ապրում ու այնքան չենք նայել մեր ճակատագրի աչքերին, որ վերածվել ենք Ֆեմիդայի կրկնօրինակի, որ արդարադատություն էր իրագործում՝ աչքերը փակ: Իբր՝ որ անկողմնակալ լինի, իրականում էդպես ավելի հարմար էր՝ ոչ հանցագործի, ոչ զոհի աչքերը չես տեսնում, չես տեսնում արածիդ հետեւանքները: Դու Ֆեմիդան ես ու դու անքննելի ես քո արարքներում: Քո աչքերը փակ են՝ քեզնից ի՞նչ սպասել…
…Մինչդեռ 12 տարին ցիկլ է՝ մի ամբողջական: Ու ուղիղ 12 տարի առաջ ժողովուրդը՝ մենք բոլորս կատարել էինք մեր ընտրությունը՝ միասին: Միասին ընտրել էինք հանրապետության նախագահ: Առաջին նախագահին: Դա այլեւս ազատ, անկախ ու արդար Հայաստանի առաջին ազատ ու արդար ընտրությունն էր:
Ու այս ամենն այլեւս հետահայաց է, բայց, զարմանալիորեն՝ առաջ: Որովհետեւ հետագա բոլոր ընտրությունները հաստատեցին պարզ ու մեզ առայսօր անհասկանալի ճշմարտություն. իշխանությունը պիտի լինի հանուն ժողովրդի, հանուն իշխանության իշխանությունը դատապարտված է ոչնչացնելու ու ոչնչացման՝ ի հետեւանս իր ավերումի: Ընտրությունը նաեւ դաժան է, որովհետեւ եթե-ներ չի ընդունում: Յուրաքանչյուր «եթե» արդեն այլընտրանք է՝ այլ երկիր, այլ ժամանակ, այլ ճակատագիր, պատմության այլ ընթացք: Ու՝ այլ այլընտրանք:
Բայց եթե-ներ չի ընդունում նաեւ այսօրը: Որովհետեւ վաղն արդեն այսօրն է պատմություն դառնում: Ու, միեւնույն է, եթե-ներ չի հանդուրժելու: Այսօրվա իրադարձությունները եւս չեն կարող միաժամանակ կատարվել մի քանի տարբերակներով, որ վաղը յուրաքանչյուրն ըստ իր մտքի ու երեւակայության թռիչքի՝ այլընտրանքներ գտնի: Մենք ենք այդ ամենի մեջ որոշակիություն մտցնողը, եթե կարողանանք ջրի մի կաթիլի մեջ ծով տեսնել ու օվկիանոս զգալ:
Մենք, եթե կարողանանք հասկանալ ոչ թե միայն պահը, այլ՝ ժամանակը: Ժամանակն զգացողները տիրակալներ են դառնում, պահի տերերը՝ ժամիշխաններ: Ժամիշխանները տիրակալ են ամեն ինչին ու ամենքին՝ կարճլիկ ժամանակի մեջ: Տիրակալները մտնում ու մնում են հավերժության մեջ: Բայց ամեն մի մեծ ճանապարհ սկսվում է, երբ ամբողջանում ու ամփոփվում է արդեն անցածների ընկալումը: Մենք մեր պատմության եթե-ների դուռը չենք փակել: Չենք էլ բացել, որովհետեւ վախենում ենք մտածել: Վախենում ենք բարձրաձայն հարցնել ու բարձր ձայնով պատասխանը լսել պարզ մի քանի հարցի: Ի՞նչ կլինի, եթե Վազգենը լիներ: Եթե Վանոն վերադառնա: Եթե Լեւոնին ազգովին խնդրենք: Եթե Արամը վճռական լիներ: Հիմա հաստատ կլինի. այլընտրանք չունի:
…Իսկ հարցերից վախենում ենք, որովհետեւ մեր երկիրը դառնալու է մանրամասն սիրելու ու սիրված հայրենիք, որովհետեւ տեր ենք լինելու մեր անկախությանը ու չենք հրաժարվելու մենք մեզնից ու մեր հաղթանակներից, որովհետեւ ոտքի տակ նայելիս տեսնելու ենք ոչ միայն ճանապարհը, այլեւ հորիզոնը:
…Երբ հայրենիքը կորցնում ես, ամբողջ կյանքդ նվիրում ես անհայրենիք կյանքով ապրելուն ընտելանալուն:
Մենք ավարտել ենք 12 ամյա ցիկլը: Մենք սկսում ենք նորը:
…ՍԿՍՈՒ՞Մ ԵՆՔ:
ՈՎՔԵ՞Ր ԵՆՔ ՄԵՆՔ…
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ