Եթե շվեյցարացիներն ապահովեն ուղեվարձն ու Հայաստանում մեկ
տարվա ապրուստի գումարը
Վերջին ժամանակներս հայաստանցիները աշխատանքային միգրացիայի նոր ուղղություն են վերցրել՝ Իսպանիա։ Այդ գործը «դասավորողները» յուրաքանչյուր անձի համար վերցնում են $2-2,5 հազար։ «Հավանական է, որ նրանք Իսպանիայից անցնում են Պորտուգալիա, որովհետեւ այնտեղ միգրացիոն օրենսդրական դաշտը խիստ չէ եւ գյուղատնտեսության ոլորտում էլ աշխատողի կարիք կա»,- երեւույթը մեզ բացատրեց ՀՀ միգրացիայի եւ փախստականների պետական կոմիտեի միգրացիոն քաղաքականության վարչության պետ Իրինա Դավթյանը։ Պորտուգալիան ԱՊՀ մի շարք երկրների հետ, օրինակ՝ Ուկրաինայի, ունի աշխատանքային միգրացիայի համաձայնագիր եւ կանոնավոր աշխատատեղեր է ապահովում նրանց համար, սակայն Հայաստանի հետ նման պայմանագիր չի կնքվել։ Փոխարենը զարգացած երկրները հաճույքով ընդառաջում են իրենց երկրներից ՀՀ քաղաքացիների վերադարձի հետ կապված նախագծերին ու ծրագրերին։ Այժմ նման նախագծեր կան Լեհաստանի, Չեխիայի ու եվրոպական այլ երկրների հետ, ինչպես նաեւ պայմանագրեր Շվեյցարիայի, Դանիայի եւ Լիտվայի հետ։ Այս օրերին քննարկվում է Շվեյցարիայի կառավարությունից քաղաքական ապաստան խնդրած եւ մերժում ստացած 50 հայերի կամավոր վերադարձի ծրագիրը։
Ծրագիրն աննախադեպ է. մինչ այս՝ եվրոպական որեւէ երկրից հայերի «ծրագրավորված» վերադարձ չի եղել։ Այժմ փնտրվում են վերադառնալ ցանկացողների ուղեվարձի, Հայաստանում առնվազն մեկ տարվա աշխատանքով ապահովելու եւ ապրուստի նախնական միջոցներ տրամադրելու ֆինանսական աղբյուրները։ Մեր երկիրը ֆինանսավորման գործին մասնակից չէ։ Շվեյցարական կառավարությունը բոլոր ծախսերը վերցրել է իր վրա, որովհետեւ անլեգալ ապրող էմիգրանտներից ազատվելը, թեկուզ այս տարբերակով, իրեն ձեռնտու է։ Ըստ Ի. Դավթյանի, «1990 թվականից ի վեր Շվեյցարիայում ապաստան է փնտրել շուրջ 700 ՀՀ քաղաքացի, նրանցից 105-ն արդեն մերժվել է, կարծում եմ՝ մնացածին էլ է նույն ճակատագիրը սպառնում»։ Տիկին Դավթյանն այդ կարծիքին է ոչ այն պատճառով, որ մեր կառավարության «մատը խառն է» մերժումներին։ «Պարզապես նրանք փախստականի կարգավիճակ ստանալու ոչ մի շանս չունեն։ Նրանց Շվեյցարիա հասնելու պատճառը ոչ թե քաղաքական հետապնդումներն են, այլ սոցիալական վիճակը»,- ասաց վարչության պետը։
Ի դեպ, տարբեր առիթներով առնչվել ենք դեպքերի, երբ անօրինական էմիգրանտներն իրենց վերաբնակեցումն ապահովելու նպատակով գնել են փախստականի գրքույկ կամ կեղծ փաստաթղթերով «դարձել» քաղաքական հետապնդումների զոհ։ Ոմանք էլ ապաստան են խնդրել, ներկայանալով միասեռամոլներ, որոնց իբրեւ թե հալածում են «վայրենի ասիացի» իրենց հայրենակիցները։
Ժամանակ կար, որ հեշտությամբ հաջողվում էր համոզել եվրոպացիներին եւ տեղավորվել «Կարմիր խաչի» ճամբարներում կամ այլուր։ Այժմ, ըստ Ի. Դավթյանի, միգրացիոն քաղաքականությունը շատ է խստացել, բազմաթիվ հայեր ուզում են վերադառնալ, որովհետեւ «այնտեղ էլ մի քաղցր կյանքով չեն ապրում»։
ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ