Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բա մեր ազնիվ ցեղը պետք ա կորչի՞

Փետրվար 04,2004 00:00

Բա մեր ազնիվ ցեղը պետք ա կորչի՞

Երեկ վերջակետ դրվեց «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարի ֆինանսավորման
կամ, ավելի ճիշտ՝ դրան առնչվող հավանական բարդությունների հետ կապված բոլոր
անհեթեթ խոսակցություններին: Փետրվարի 3-ին Բաքվում Վրաստանի, Ադրբեջանի
եւ Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցությամբ եւ նախագահ Իլհամ
Ալիեւի «թամադայությամբ» հանդիսավոր պայմաններում ստորագրվեց 27 փաստաթղթից
բաղկացած համաձայնագրերի փաթեթ, որի շրջանակներում նավթատարի շինարարությանը
հատկացվեց ավելի քան 2,5 մլրդ դոլար: Ֆինանսավորողներն են՝ Վերակառուցման
եւ զարգացման Եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, ֆինանսական
մեկ սինդիկատի մեջ միավորված 15 կոմերցիոն բանկեր եւ մի շարք այլ միջազգային
ընդգրկում ունեցող մասնավոր ընկերություններ: «Ռոյթեր»-ին տված հարցազրույցում
BTG (Baku-Tbilisi-Geyhan) խողովակաշարային ընկերության գործադիր տնօրեն
Մայքլ Թաունսենդը «Բաքու-Ջեյհան»-ի ֆինանսավորման համաձայնագիրը գնահատել
է իբրեւ «մասնավոր սեկտորում երբեւէ եղած խոշորագույն ֆինանսական փաստաթղթերից
մեկը»:
«Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթատարը նախատեսված է կասպիական նավթը Միջերկրական ծովափին գտնվող թուրքական Ջեյհան նավահանգստի միջոցով համաշխարհային ու, մասնավորապես, եվրոպական շուկաներ արտահանելու համար: Այս գերնախագծի քաղաքական «չամիչն» այն է, որ նավթի տեղափոխման երթուղին շրջանցում է ռուսական կոմունիկացիոն հանգույցները, Մոսկվային որոշակիորեն զրկելով նրա հիմնական աշխարհաքաղաքական կռվաններց մեկից՝ արեւելք-արեւմուտք ուղղությամբ էներգետիկ տարանցման մենաշնորհից:

Նավթատարի երկարությունը կկազմի 1767 կմ, թողունակությունը կհասնի տարեկան մինչեւ 50 մլն տոննայի: Շինարարական աշխատանքները սկսվել են 2003թ. ապրլին եւ նախատեսվում է, որ կավարտվեն 2004թ. չորրորդ եռամսյակում: Թուրքիայի Ջեյհան նավահանգստից ադրբեջանական նավթի առաջին խմբաքանակի առաքումը, կողմնորոշաբար, տեղի կունենա 2005թ. կեսերին: Ներկայումս ավարտված է շինարարական աշխատանքների ընդհանուր ծավալի մոտ 55 տոկոսը:

Այսպիսով, «Բաքու-Ջեյհան» նավթատարն այլեւս կայացած փաստ է, ու մինչ Հայաստանի պետական-քաղաքական վերնախավը տքնաջան մտածում է՝ պաշտոնից հանե՞լ, թե՞ չհանել Թամար Պողոսյանին, կամ փորձում է որոշել հանրապետության ներսում կուտակված լվացքի կեղտոտության աստիճանը, հաշված ամիսներ անց տարածաշրջանում կտրուկ փոխվելու են տնտեսական իրողությունները: Իսկ որ այդ փոփոխությունները մեր օգտին չեն լինելու, պարզ է անգամ ամենահետին ոզնուն: Այդուհանդերձ, ասել, թե Հայաստանի իշխանությունները բոլորովին չեն մտածում «Բաքու-Ջեյհան»-ի մասին, սխալ կլիներ: Վերջին օրերին պաշտոնական լրատվամիջոցներն աշխուժորեն ինչ-որ փորձագիտական կանխատեսումներ են վկայաբերում այն մասին, որ «ընդամենը 60-70 տարի հետո» կասպիական ավազանի նավթը սպառվելու է, իսկ «Բաքու-Ջեյհան» նավթատարը, հետեւաբար, վերածվելու է «սնամեջ եւ անպետք խողովակի»: Այնպես որ, գոտեպնդվեք, ժողովուրդ, 70 տարի հետո գարուն կգա:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել