Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Միասնական ու վճռական ենք»

Փետրվար 04,2004 00:00

Երեկ հայտարարեց խորհրդարանական ընդդիմությունը

«Արդարություն» եւ «Ազգային միաբանություն» խմբակցությունները երեկ հանդես եկան համատեղ հայտարարությամբ։ Հայտարարությունը խորհրդարանի ամբիոնից հնչեցրեց «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը։ Հայտարարության հիմնական մեխն այն էր, որ այս երկու ընդդիմադիր քաղաքական ուժերը «միասնական ու վճռական» են «Հայաստանում սահմանադրական կարգը վերականգնելու եւ օրինական իշխանություն հաստատելու հարցում։ Հոգեւարքի մեջ գտնվող ռեժիմի տապալումը կանխորոշված է»։ Հայտարարության մեջ ոչինչ չի ասվում կոնկրետ ժամկետների մասին։ Սակայն ասվում է, որ «Արդարությունը» եւ «Ազգային միաբանությունը» առկախում են իրենց մասնակցությունը խորհրդարանի աշխատանքներին. «Ժողովրդի հետ կապը պահպանելու եւ նրան հուզող հիմնախնդիրները բարձրացնելու նպատակով կօգտագործենք ԱԺ ընձեռած հնարավորությունները։ «Հանրաքվեի մասին» օրինագիծը ներառված է ԱԺ օրակարգում եւ պետք է քննարկվի։ Մեր գործողությունների, այդ թվում՝ վստահության հանրաքվեի անցկացման հետ կապված օրինագծի ԱԺ-ում քննարկումների ընթացքում նախատեսվող քայլերի մասին հասարակությունը նախապես կտեղեկացվի»։

Երեկ, գարնանային նստաշրջանի հայտարարությունների ժամը բավականին հագեցած էր հատկապես ընդդիմադիրների հայտարարություններով։ «ԱՄ»-ն ներկայացնող Հմ. Հովհաննիսյանն նույնպես մեծ պաթոսով հայտարարեց «Արդարության» եւ «ԱՄ»-ի միասնականության մասին։ Այնուհետեւ պրն Հովհաննիսյանին բաժին հասավ ՕԵԿ-ից։ Այս խմբակցությունը ներկայացնող Մհեր Շահգելդյանը հիշեցրեց, թե վերջինս քանի կուսակցություն է փոխել եւ ինչպես է ժամանակին փառաբանել նույն Ռ. Քոչարյանին։

«Արդարություն» խմբակցության անդամ Ստեփան Զաքարյանն անդրադարձավ Ղարաբաղի հիմնահարցին, իշխանությունների պահվածքին, եվրոպական կառույցներում Հայաստանի կարգավիճակին, փաստեց. «Ղարաբաղի հարցի լուծման ճանապարհի, ոչ բարենպաստ վճիռների համար պատասխանատվություն է կրում ներկա իշխանությունը»։ Ստեփան Զաքարյանը նաեւ հայտարարեց. «վերջին շրջանում իշխանություններն ասում են՝ կարեւոր չի, որ Հայաստանում ժողովրդավարություն լինի, կարեւոր չի, որ ընտրությունները լինեն ազատ-արդար։ Կարեւորը՝ որ եվրոպական կառույցներում մենք այդպես երեւանք»։ Ստ. Զաքարյանն ասաց, որ Ղարաբաղի ինքնիշխանության հարցում ընդդիմությունը միշտ եղել է վճռական ու հաստատակամ, «բայց ինչ վերաբերում է ժողովրդավարությանը, այս հարցում մենք երբեք իշխանությանը չենք օգնելու, որ ժողովրդավարության դիմակ հագնի»։

Ալբերտ Բազեյանը որպես Երեւանի նախկին քաղաքապետ անդրադարձավ վերջերս քաղաքապետարանում կայացած խորհրդակցության ժամանակ Ռ. Քոչարյանի՝ «փողի վրա նստած» լինելու մասին հիշեցումներին։ Պրն Բազեյանը իր հայտարարությամբ զգուշացրեց, որ արգելում է իր մասին շարունակ խոսել. «Եթե Ռ. Քոչարյանը երկրի միակ տղամարդն է, երկրի արդարադատության խորհրդի նախագահը, անվտանգության երաշխավորը, գերագույն գլխավոր հրամանատարը, ապա ինչո՞ւ պատասխանատվության չի ենթարկում ապօրինություններ կատարած նախկին պաշտոնյային»։ Ռ. Քոչարյանի՝ իր մասին ասածները Ա. Բազեյանը որակեց որպես կեղծիք եւ զրպարտանք եւ դիմելով դատախազությանը, ասաց. «առաջարկում եմ, որպեսզի դատախազությունն իմ հայտարարությունը ընդունի որպես պաշտոնական հաղորդագրություն՝ Ռ. Քոչարյանի ասածների համար հարուցվի քրեական գործ, գնանք դատարանում պարզենք մեր հարաբերությունները»։

Մ. ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել