Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԻՃԱԿՈՒՄ

Փետրվար 03,2004 00:00

ՄԵԴԱԼԱԿԻՐՆԵՐԸ ԿՄՆԱՆ ԱՐՏՈՆՅԱԼ ՎԻՃԱԿՈՒՄ Այս տարի ընդունելության քննությունների անցկացման հարցում, տեխնիկական առումով, փոփոխություններ չեն սպասվում: Այս մասին մեզ տեղեկացրին ԿԳՆ մասնագիտական կրթության վարչությունում: Խմբագրություն դիմող բազմաթիվ շրջանավարտների հուզում է հատկապես մեդալակիրներին տրվող արտոնությունների հարցը, քանի որ ԿԳ նախարար Ս. Երիցյանն անցյալ տարի առաջարկում էր արտոնությունների այլընտրանքային ձեւ: Ըստ այդ ձեւի, մեդալակիրները մասնակցում էին բոլոր քննություններին, մյուս դիմորդներին հավասար, բայց, որպես մեդալակիր, ունենում են պահուստային միավորներ, որ գումարվում են ստացած միավորներին: Սակայն այս տարի նման կարգ չի կիրառվի՝ մեդալակիրներին կտրվեն նույն արտոնությունները, ինչ վերջին տարիներին: Ըստ նախարարի, միեւնույն է, մեկ տարի հետո այդ ամենը վերանալու է, եւ հիմա որեւէ փոփոխություն անիմաստ է: Նախարարը նկատի ուներ այն, որ գործողության մեջ կդրվի գիտելիքների գնահատման կենտրոնը: Որոշ փորձագետներ կանխատեսում են, սակայն, որ այդ ձեւով քննությունների անցկացումը 2006-ից շուտ չի լինի, այն էլ՝ նախապես գործողության մեջ կդրվի երկու առարկա եւ ամեն տարի կավելացվի եւս 2-ը՝ անցումը հանգիստ կազմակերպելու նպատակով: Այս տարի բոլոր դիմորդներին տրվող ավանդական արտոնություններին թերեւս կավելանա եւս մեկը: Առաջարկ կա՝ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններից իրավունք տալ համապատասխան գնահատականը փոխանցել՝ մրցույթին մասնակցելու համար: Ընդ որում՝ հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի միջին մասնագիտական կրթություն ստացած դիմորդին: Հ. Բ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել