Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՀԻՊՆՈՍԻ ԱՎԵՐՆԵՐԸ

Փետրվար 03,2004 00:00

ԻՆՔՆԱՀԻՊՆՈՍԻ ԱՎԵՐՆԵՐԸ Քաղաքական գործունեությունը Հայաստանում՝ ըստ բիհեվիորիզմի տեսության Եթե երբեւէ գնահատելու լինենք հայ քաղաքական գործիչների գործունեությունը, ապա պետք է առանձնացնենք մի հատկանիշ, որ գերիշխում է նրանց ամբողջ վարքագրության մեջ. իրադարձություններին տրվող ոչ համարժեք հակազդեցությունը։ Նրանց վերաբերմունքը իրավիճակային է. մոտավորապես ամերիկյան հոգեբանական ուսմունքի՝ բիհեվիորիզմի սկզբունքով. կա գրգռիչը՝ կա հակազդեցություն, չկա՝ կնշանակի չի կարող լինել հակազդեցություն։ Իսկ գրգռիչներ միշտ էլ կարելի է գտնել, ասենք, Ղարաբաղի շուտափույթ լուծում պահանջող խնդրի, ապրանքների թանկացման, կաշառակերության դեմ հայտարարված պայքարի եւ այլ բնական գրգռիչների տեսքով: Դրանց անհամարժեքությանը կարելի է հակադրել արհեստական հակազդեցություն, դրանով իսկ անիմաստ դարձնելով պայքարը։ Այս հեռապատկերին, որքան էլ ամիսներ առաջ անհավանական թվար, Արեւմուտքը լեգիտիմացրեց Քոչարյանի իշխանությունը, որով ոչ միայն թիկունքից խփեց ընդդիմությանը, այլեւ հողին հավասարեցրեց ընդդիմության՝ երկրում սահմանադրական իշխանություն հաստատելու հեռանկարը։ Արեւմուտքի դիրքորոշման նման շրջադարձը, այնուամենայնիվ, պետք է կապված լինի համարժեք փոխհատուցման ակնկալիքի հետ։ Թե որն է լինելու այն, կարծում եմ, երկար սպասել չի տա։ Արդեն իսկ Հայաստանին վերաբերող պատրաստվող տարեկան զեկույցի մեջ «Ղարաբաղը եւ բռնազավթված մյուս տարածքները» ոչ պատահականորեն տեղ գտած արտահայտությունը դրա վկայությունն էր, եւ չնայած կատարված փոփոխությանը, այն կարելի է համարել վերջին նախազգուշացում։ Իզուր չէ, որ Օսկանյանը շարունակում է խոսել Հայաստանին նետված բազմաթիվ մարտահրավերների մասին։ Ուստի, դատելով հայաստանյան ներքաղաքական կյանքի վերջին տեղաշարժերից, նոր, սակայն միանգամայն կանխատեսելի զարգացումներ են սպասվում՝ ինքնահոսի եւ ինքնահիպնոսի դրսեւորումներով. ինքնահոսի, որովհետեւ իշխանափոխության նպատակն է աղավաղվում, եւ ինքնահիպնոսի, որովհետեւ կարծում են, թե դրան կարելի է հասնել ավելի ընդլայնելով ընդդիմության գունապնակը։ Վերջին հանգամանքը նույնպես կարելի է դասել արհեստական գրգռիչների շարքը։ Ետընտրական յոթ ամիսների ընթացքում պետական քարոզչությունը հասավ նրան, որ հիմա, նույնիսկ ամենաօբյեկտիվ վերլուծաբանները հանգեցին եզրակացության, թե գոյություն ունեցող ընդդիմությունը՝ հանձինս «Արդարություն» դաշինքի, արդեն իրեն սպառել է եւ նոր ընդդիմության պահանջարկ կա։ Բայց, միաժամանակ գիտակցելով, որ այդ նոր ընդդիմությունը օդից չի իջնելու, փորձում են եղածի «կարկատաններով» ընդդիմության նոր խճանկար ստեղծել՝ չգիտակցելով, որ մինչ քաղաքական խաղատախտակի վրա կճշտվի ֆիգուրների դասավորությունը, իշխանությունը բավականաչափ ժամանակ կունենա ոչ միայն «անհուսալի տարրերի» դեմ պայքարելու, այլեւ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման վերջնագծին պալատական հեղաշրջում կազմակերպելու։ Այս վարկածի իրագործումը հնարավոր է թվում, եթե հաշվի առնենք, որ նոր ընդդիմության ձեւավորման ջատագովությունը իրենց վրա վերցրին Պ. Հայրիկյանն ու Հմ. Հովհաննիսյանը, անուններ, որոնցից առաջինը 98-ից ի վեր քաղաքական ընթացումների վրա ոչ մի ազդեցություն չունի, իսկ երկրորդի դերը, ըստ մեզ հասած տեղեկությունների, թեպետ երկրորդական, բայց քիչ չի եղել նախագահական ընտրություններում գործող ընդդիմության երկու թեւերի չմիավորման խնդրում։ Արտառոցն, իհարկե, սա չէ, այլ, որ ընդդիմության բոլոր ուժերի միավորման գաղափարի փոխանցիկ դրոշը թեթեւությամբ վերցրեց «Հանրապետություն» կուսակցությունը՝ նախագահ Ալբերտ Բազեյանի առաջնորդությամբ։ Առհասարակ, հետեւելով վերջինիս անցած վեց տարիների գործունեությանը, անկարելի է չնկատել մի օրինաչափություն. Բազեյանը ակտիվանում է այն պահերին, երբ իշխանափոխության հոտ է փչում։ Դա կարելի էր եւ քաղաքական գործչի հոտառություն համարել, եթե աչքի չզարներ եւս մի օրինաչափություն՝ ինչ էլ որ նա նախաձեռնելու լինի, որպես արդյունք, միշտ շահում է Քոչարյանը։ Որ իշխանությունների քաղաքական կացությունը այնքան էլ բարվոք չէ, երեւում է Դաշնակցության պահվածքից։ Սովորաբար, Լ. Տեր-Պետրոսյանի անվան ներառումը քաղաքական պրոցեսներում, հետաքրքիր մի օրինաչափությամբ, լինում է այն ժամանակ, երբ օրակարգի հարց է դառնում ոչ թե իշխելու իրավունքը, այլ երկրի համար պատասխանատվություն ստանձնելու խնդիրը։ Այսինքն՝ երբ գալիս է «լրջանալու պահը»։ Հայաստանում վերահաստատվելուց ի վեր ՀՅԴ-ն այդպես էլ ուրիշ ընդդիմախոս չճանաչեց, քան Լ. Տեր-Պետրոսյանին։ Եվ հիմա, երբ ինքը իշխանություն է, առաջին նախագահի լռությունը նրան հավասարակշռությունից հանում է։ Եվ իրոք, ի՞նչ ասելիք ունի ազգային ծիրանիով հանդերձված կուսակցությունը, եթե թիրախ չունի ապազգային համարվող ուժերին։ Հո չի՞ վիճելու Քոչարյանի հետ, որի միակ արժանիքը ՀՀ նախագահ լինելն է կամ սուր ճոճելու հանրապետականների դեմ, որոնք հանգիստ գլուխ են պահում Նժդեհի ազգային շվաքի տակ։ Անշուշտ, կարելի էր ՀՅԴ-ի պահվածքի այլ դրդապատճառ որոնել. պատմության մեջ մեկ անգամ պատասխանատվություն վերցնելով, կուսակցությունը խժռեց Առաջին հանրապետությունը, այնպես որ, կարելի է խժռել Երրորդը, այս անգամ պատասխանատվություն չստանձնելով։ Չի կարելի թույլ տալ, որ պատմությունը անընդհատ կրկնվի եւ մեղավոր ճանաչվի միեւնույն կուսակցությունը։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել