Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է

Փետրվար 03,2004 00:00

ՄԵՐ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԲԱՆԱԼԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ Է Եվ ոչ՝ Ստրասբուրգում ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունում «Արդարություն» դաշինքը ներկայացնող Շավարշ Քոչարյանին Ստրասբուրգ մեկնելուց առաջ էինք խնդրել մեկնաբանել, թե արդյոք այն, որ ընտրություններից հետո մեր հեռուստաընկերությունները հարաբերականորեն փոքր-ինչ ավելի ազատ են՝ կմեղմացնի՞ եվրոպացիների դիրքորոշումը, եւ նրանք նախկին սրությամբ չեն արծարծի «Ա1+»-ի եթերազրկման հարցը: Նրա պատասխանը վերաբերեց ոչ միայն մեր տված հարցին, այլեւ ավելի լայն շրջանակի՝ ընդհանրապես ժողովրդավարական հաստատությունների կապակցությամբ եվրոպական կառույցների դիրքորոշմանը, որ առավել ուշագրավ մեկնաբանություն է՝ ԵԽԽՎ վերջին նիստում Հայաստանի առնչությամբ ծավալված իրադարձությունների համապատկերում: «Եվրոպացիները հենց տեսնում են մի փոքր առաջընթաց՝ մեղմանում է նրանց դիրքորոշումը: Կարող եմ բերել դրա վառ օրինակը. Հանրային հեռուստաընկերությամբ խայտառակ եթեր տեսանք նախագահի ընտրության 1-ին փուլի ժամանակ: Բայց բավարար էր, որ թեկնածուների միջեւ մի հանդիպում լինի 2-րդ փուլում, իսկ ԱԺ ընտրությունների ժամանակ ձեւականորեն ինչ-որ չափով ավելացվեր ժամանակը, որ մեղմանար եվրոպացիների դիրքորոշումը,- ասաց Շավարշ Քոչարյանը:- Սակայն արձանագրենք, որ երկրի ներքին խնդիրները լուծում է ինքը՝ երկիրը: Իսկ եվրոպացիները նաեւ շատ լավ են հասկանում, որ նման վարչակարգերը ճնշումների տակ անընդհատ քայլեր են կատարում, որոնք նմանակում են ժողովրդավարությունը: Բայց ե՞րբ է տրվում բոլոր հարցերի պատասխանը՝ այն ժամանակ, երբ դրված է իշխանության խնդիր: Ուստի, ընտրությունների ժամանակ ամեն ինչ մոռացվում է, ժողովրդավարության դիմակը մի կողմ է շպրտվում՝ պե՞տք է «Ա1+» փակել՝ փակո՛ւմ են եւ այլն: Դրա համար տվյալ պարագայում մեր ակնկալիքները չպետք է լինեն, թե եվրոպացիները կգան ու ժողովրդավարություն կհաստատեն մեզ մոտ: Այդպես չի լինելու՝ նրանց բոլոր ջանքերն ու ուժերն ընդամենն աջակից են այն խնդիրներին, որ մենք ինքնե՛րս պիտի լուծենք»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել