Մերոնք հաղթեցին թուրքերին Ստոկհոլմում Հունվարի 25-28-ը Ստոկհոլմում տեղի ունեցած ցեղասպանության խնդիրներին նվիրված միջազգային գիտաժողովից հայաստանյան պատվիրակությունը բավարարված է վերադարձել։ Երեկ իրենց այդ զգացումը լրագրողներին փոխանցեցին ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը, Շվեդիայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը եւ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։ Համաժողովի արգասիքը հրապարակված գրքույկն է, որում իբրեւ անցած դարի առաջին ցեղասպանություն, հայերի ցեղասպանության բաժինն առաջին տեղերից մեկում է։ Ըստ Աշոտ Մելքոնյանի, այդ բաժնում օբյեկտիվորեն շարադրված է հայկական հարցի ողջ պատմությունը։ Ապա, մեր պատվիրակների վկայությամբ, համաժողովում իշխել է այն տեսակետը, որ Հայոց ցեղասպանության անպատժելիության մթնոլորտը ծնեց հետո տեղի ունեցած ցեղասպանությունները։ Անգամ մահմեդական աշխարհի՝ Եգիպտոսի ներկայացուցիչը, դատապարտել է թուրքերին՝ «Իսլամը չարանենգ օգտագործելու համար»։ Իսկ թուրքական պատվիրակության, որի կազմում են եղել Շվեդիայում Թուրքիայի դեսպանը եւ երկու գիտնականներ, հիմնական «կռիվը», մերոնց մատուցմամբ, Շվեդիայի խորհրդարանի դեմ է ուղղված եղել՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ պառլամենտականների ընդունած փաստաթղթի տեքստի առիթով։ Ընդ որում, ակտիվորեն գործել է դեսպանը։ Թուրք գիտնականներն առավել պասիվ են եղել։ Ավելին, Աշոտ Մելքոնյանը տեղեկացրեց, որ «թուրքական կառավարությունը մամլիչի տակ է պահում գիտնականներին, բայց կուլիսային խոսակցություններում նրանք խոստովանում են հայերի ցեղասպանության իրողությունը»։ «Ձեր խնդիրը հեշտ է,- Ա. Մելքոնյանին ասել է մի թուրք գիտնական,- պետք է ասեք, որ մածունը սպիտակ է, իսկ մենք պետք է ասենք ու ապացուցենք, որ մածունը սեւ է»։ Ըստ պարոն Մելքոնյանի, մինչ օրս պահպանվում են նաեւ Հայոց ցեղասպանությանը վերաբերող թուրքական արխիվները։ Համաժողովում, Ա. Մելքոնյանի ներկայացմամբ, իբրեւ բարի ցանկություն, խոսվել է նաեւ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի գործունեության մասին, սակայն՝ «մեր դիրքորոշումն այդ առիթով հայտնի է»,- ընդգծեց Ա. Մելքոնյանը եւ ի պատասխան լրագրողների հարցի տեղեկացրեց, որ իրենք «կարիք չեն ունեցել» հանձնաժողովի նյութերն օգտագործելու։ Ի դեպ, տեղեկացանք նաեւ, որ ավստրիացիներն առաջիկայում նախաձեռնում են հայ եւ թուրք գիտնականների բանավեճ։ Մեր կառավարությունը դեռեւս մասնակցության քաղաքական որոշում չի կայացրել։ Մտավախությունը հետեւյալն է. «եթե գնանք բանավեճի, արդյո՞ք կասկածի տակ չենք դնում փաստը»,- ասաց Ա. Մելքոնյանը։ Ն. ԳՐԻԳՈՐՅԱՆ Հ. Գ. Ի դեպ, երեկ ՀՀ կառավարության առաջ հաշվետվություն էր տալիս ԱԳ նախարարությունը, որի աշխատանքը գնահատվեց «բավարար»։