ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ԲՈՅԿՈՏԵԼՈՒ Է ԱԺ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագիծը եռօրյա նիստերի օրակարգ ընդգրկելուն երեկ դեմ քվեարկեցին 80 պատգամավորներ: Եվ ընդդիմադիրները հեռացան ԱԺ նիստերի դահլիճից: Թեեւ ԱԺ աշխատանքները բոյկոտելու մասին հայտարարությունը կարվի այսօր՝ «Հանրապետության» քաղխորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանն արդեն երեկ մեզ ասաց. «Մենք պարտավոր ենք բոյկոտել ԱԺ աշխատանքները: Մենք դուրս չենք եկել, որ նորից մտնենք ներս: Այլեւս չենք մասնակցելու օրենսդիր մարմնի աշխատանքներին, քանի որ այն ինքն է խախտում օրենքները: Միայն օգտագործելու ենք հայտարարություններով հանրությանը դիմելու ԱԺ ընձեռած հնարավորությունները, հավանաբար նաեւ «Խորհրդարանական ժամը» եւ ճեպազրույցները: Կշոշափենք միայն քաղաքական խնդիրներ: ԱԺ որեւէ քննարկման կամ քվեարկության չենք մասնակցելու: Աշխատանքը կլինի դրսում՝ հասարակության հետ»: Իսկ երեկ՝ քվեարկության պահին, երբ 5-ից ընդամենը 3 հոգի (Խաչատուր Սուքիասյանը, Երեմ Կարապետյանը եւ Մարտին Սուքիասյանը) չփոխեցին «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու օրինագիծը եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելուն տրված իրենց «կողմ» ձայները՝ «Արդարությունն» ու «Ազգային միաբանությունն» ամբողջ կազմով դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից: Մինչ այդ օրակարգից դուրս էին մնացել «Արդարության» այլ բացասական եզրակացության արժանացած առաջարկներ եւս, որոնցից մեկի համաձայն՝ սակագների բարձրացման տարբերությունը պետք է փոխհատուցեր կառավարությունը, մյուսի համաձայն՝ պետք է ձեւավորվեր ԱԺ ժամանակավոր հանձնաժողով՝ ավիացիայի ոլորտում կատարված չարաշահումներն ուսումնասիրելու համար: Ներկայացնենք այս քայլին նախորդած իրադարձությունները: Նստաշրջանի բացումից առաջ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսում «Առավոտը» հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքով է նա ՍԴ-ին դիմել վստահության հանրաքվեի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Արթուր Բաղդասարյանն ի պատասխան ասաց, թե ՍԴ-ի որոշման առնչությամբ կային տարաբնույթ մեկնաբանություններ. «Եվ ես, որպես ԱԺ նախագահ, գրավոր դիմել եմ՝ իրենց որոշման հետ կապված ստանալու պարզաբանում եւ այստեղ որեւիցե տարօրինակ բան չկա»: Նշենք, որ ե՛ւ աննախադեպ է, որ այդ բարձրագույն ատյանին ԱԺ-ն այս կերպ խնդրի մեկնաբանել իր որոշումները, ե՛ւ նման բան նախատեսված չէ ԱԺ նախագահի իրավասություններով, որոնք սահմանված են ԱԺ կանոնակարգի 18 հոդվածով: ՍԴ անդամները եւս խախտեցին օրենքը, նշելով, թե իրենց որոշման մեջ ամրագրված առաջարկը «պարտադիր եւ անմիջական հետեւանքներ չի առաջացնում», մինչդեռ «ՍԴ մասին» օրենքի 64 հոդվածի համաձայն՝ այս մարմնի որոշումները պարտադիր են կատարման համար ՀՀ տարածքում: «ՍԴ-ն որոշում չի կայացրել անցկացնելու վստահության հանրաքվե»,- մեր այս հիշեցմանն ի պատասխան ասաց ԱԺ նախագահը: Թեեւ խոսքը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին էր: Նստաշրջանի աշխատանքները սկսվեցին վստահության հանրաքվեի շուրջ 3 ժամ տեւողությամբ քննարկումներով: Ելույթ ունեցան շուրջ 20 պատգամավորներ: Ընդդիմության պատգամավորները հիշեցնում էին Սահմանադրության 102 հոդվածը, ըստ որի՝ «Սահմանադրական դատարանի որոշումները վերջնական են եւ վերանայման ենթակա չեն», նշելով, թե՝ մերժելով կատարել ՍԴ որոշումը, մեծամասնությունը դիմում է հակասահմանադրական քայլի: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանն ուղղակի «ծիծաղելի» անվանեց այն, որ ՍԴ անդամներն այժմ մեկնաբանում են իրենց ընդունած որոշումը, նշելով, թե ըստ «ՍԴ մասին» օրենքի՝ նրանք չունեն նման իրավունքներ ու լիազորություններ: Ելույթ ունեցան նաեւ կոալիցիայի ներկայացուցիչները: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանը ընդդիմության հայտարարություններին, թե նախագահն ու ԱԺ-ն լեգիտիմ չեն՝ պատասխան պնդում արեց. «Ես էլ գտնում եմ, որ ՍԴ-ն նույնպես լեգիտիմ չէ»: ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանը հայտարարեց, թե որոշ ուժեր «համառորեն փորձում են ճոճել կայունության նավը երկրում՝ այն դեպքում, երբ կանգնած ենք մեծագույն մարտահրավերների առջեւ»: Վիկտոր Դալլաքյանն «Արդարության» անունից հայտարարեց. «Այո՛, մենք դեմ ենք կայուն բռնապետությանը» եւ միայն քննարկումների ավարտին անակնկալ բացահայտեց, թե առանց որեւէ քվեարկության էլ՝ իրենց նախագիծն արդեն իսկ եռօրյայում է, քանի որ ԱԺ կանոնակարգի 37 հոդվածի համաձայն՝ պարտադիր են քննարկվում «հերթական նստաշրջանի օրակարգից եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվելու ժամկետը սպառած հարցերը»: Այդ մասին ընդդիմադիրները միտումնավոր լռել էին, որ իշխանությունը բացահայտ օրինախախտմամբ իրականացնի վստահության հանրաքվեի հարցը մեջտեղից հանելու իր ծրագիրը: Որ դա իրոք ծրագիր է՝ պարզ էր դեռ հունվարի 15-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի Հ1-ին տված հարցազրույցից, երբ նա առաջին անգամ ասաց, թե վստահության հանրաքվեի հարցը կարող է նաեւ քննարկվել. «Բայց չեմ կարծում, թե ԱԺ172ն կարող է այդպիսի որոշում ընդունել»: Ընդդիմադիրները երեկ թեեւ դեռ պաշտոնապես չէին հայտարարել բոյկոտի մասին, սակայն ելույթներում այս առնչությամբ անում էին բազմաթիվ ակնարկներ: Ասենք, Արտաշես Գեղամյանն ասաց. «Ցանկացած օրենք, որ բխում է ժողովրդի իրական շահերից՝ ինչ-ինչ պատճառներով դրվում եւ մերժվում է» եւ հռետորական հարց տվեց, թե այս պայմաններում արժե՞ շարունակել մասնակցել ԱԺ աշխատանքներին: Հմայակ Հովհաննիսյանը նշեց, թե մասնակցությունն այս «աբսուրդի թատրոնին» դառնում է անիմաստ: Իսկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն ասաց, թե նման գործողություններով ուզում են իրենց դուրս մղել խորհրդարանից եւ հնարավորություն ընձեռել, որ արդեն ԱԺ-ից դուրս ծավալեն այլ գործողություններ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ