Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ

Փետրվար 03,2004 00:00

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՌԱԿՏՎԱԾ ՉԷ Վստահեցնում է ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Տիգրան Թորոսյանը Ստրասբուրգից վերադառնալուց հետո ընթերցելով մամուլում եղած մեկնաբանությունները՝ Տիգրան Թորոսյանը եկել էր եզրահանգման. «Շիլաշփոթ են սարքել»: Երեկ ասուլիսում նա մասնավորապես անդրադարձավ ԵԽԽՎ-ում մեր պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի մեկնաբանություններին՝ առանց տալու նրա անունը. «Ինչ-որ մեկը, որ նախորդ պատվիրակության մեջ է եղել, խոսել էր աշխատանքների կազմակերպման մասին: Հիշեցնեմ, որ «գրավյալ տարածքներ» արտահայտությունը հայտնվեց 1304 բանաձեւի մեջ 2002 թվականին: Հիշեցնեմ, որ նախորդ պատվիրակության աշխատանքներն ավարտվեցին Հայաստանի համար շատ տխուր ձեւակերպումով, թե պետք է քննարկել ՀՀ պատվիրակության լիազորությունները դադարեցնելու հարցը (թեեւ արդարությունը պահանջում է ասել, որ դա ոչ թե պատվիրակության աշխատանքների, այլ մեր երկրում կայացած ընտրությունների հետեւանքն էր.- Ա. Ի.): Հիշեցնեմ, որ անցած 4 տարիների ընթացքում գեթ մե՛կ զեկույց չի ունեցել պատվիրակության որեւէ անդամ: Գեթ մե՛կը չի մասնակցել որեւէ դիտարկման աշխատանքի այլ երկրների հետ կապված… Եվ նման արդյունքներ ունենալով՝ մարդը չպիտի իրեն իրավունք վերապահի ամպագոռգոռ հայտարարություններ անել»: Տիգրան Թորոսյանը նաեւ նշեց, թե այս ամենը միայն նախկին պատվիրակությանը չի վերաբերում. «Այստեղ լուրջ անելիքներ ունեին նաեւ մեր երկրի այլ կառույցներ, որ այդ պատվիրակությունն աշխատեր լիարժեք»: Նա առավել մանրամասնեց իր այն հայտարարությունը, թե ՀՀ որոշ դեսպանություններ նախապես տեղեկացրել էին, որ մի շարք պատվիրակներ աջակցելու են մեր դիրքորոշմանը. «Եվ այդ հավաստիացումների զգալի մասն ի դերեւ ելան»: Մասնավորապես հայտնեց. «Ռուսաստանի պատվիրակությունից գեթ մեկ պատգամավոր ներկա չէր մեր հարցի քվեարկությանը եւ չքվեարկեց: Ուկրաինայի պատվիրակությունից որեւէ մեկը չկար եւ չքվեարկեց»: Նշենք, որ այդ երկու երկրների պատվիրակներն էլ պաշտպանական ելույթներ են ունեցել Ադրբեջանի զեկույցի քննարկման ժամանակ: Ուստի արդյոք խնդիրը միայն դեսպաններ Արմեն Սմբատյանի եւ Արմեն Խաչատրյանի անբավարար աշխատա՞նքն է: ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի պնդման առնչությամբ, թե մեր պատվիրակությունը ԵԽԽՎ-ում պառակտված է աշխատում՝ Տիգրան Թորոսյանն ասաց, թե պառակտում կամ որեւէ արտառոց բան չի եղել. «Մենք շատ լավ գիտեինք, որ ընդդիմությունից մեր գործընկերներն անելու են նման առաջարկներ: Դա հայտնի էր դեռ Երեւանում»: Այլ հարց է, որ ըստ պրն Թորոսյանի՝ տարբեր պատվիրակությունների ղեկավարներ «մի քիչ անհասկանալի էին համարում, երբ երկրին վերաբերող բանաձեւի քննարկման ժամանակ խստացնող առաջարկություններ են գալիս հայկական պատվիրակությունից» եւ մտավախություն հայտնում, թե դա խառնաշփոթ կառաջացնի դահլիճում: ԱԺ փոխնախագահը դեմ արտահայտվեց պատվիրակությունը վերանայելու մասին ԱԳ նախարարի առաջարկին. «Նման բան որեւէ մեկը չի կարող անել: Եվ նման առաջարկություն էլ ԱԺ ղեկավարությանը չպետք է անել, քանի որ կարգեր կան ե՛ւ ԱԺ-ում, ե՛ւ Ստրասբուրգում պատվիրակությունների ձեւավորման հետ կապված եւ մենք իրավունք չունենք հիմա էլ խախտել այդ կարգերը»: Նշենք, որ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն էլ իր ասուլիսում դեմ արտահայտվեց պատվիրակության կազմը փոխելուն. «Մենք պարտավոր ենք հարգել նաեւ մեր քաղաքական ընդդիմախոսներին ու Եվրախորհրդում պետք է ներկայացված լինեն ե՛ւ իշխանության, ե՛ւ ընդդիմության ներկայացուցիչները: Տվյալ պարագայում՝ «Արդարությունն» առաջարկել է Շավարշ Քոչարյանին եւ դա այդ խմբակցության իրավունքն է»: Ի դեպ, Տիգրան Թորոսյանին առանձին խնդրեցինք պարզաբանել, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են իշխանամետների պնդումները, որ վստահության հանրաքվեի մասին առաջարկին ԵԽԽՎ-ում կողմ են քվեարկել Ադրբեջանի ու Թուրքիայի պատվիրակությունները: Նա պատասխանեց, թե այդ առաջարկների քննարկման ժամանակ դահլիճում այլ մարդիկ չէին էլ մնացել. «Սկզբունքորեն կարելի է ենթադրել, որ նրանք էին քվեարկել կողմ: Սակայն ես նպատակ չունեի հետեւելու, թե ով է կողմ քվեարկում: Եվ չեմ ուզում, որ դրանից քաղաքական հետեւություններ արվեն, նրանց քվեարկությունը մեզ համար հիմք դառնա ու դրա վրա սկսենք կառուցել մեր հարաբերությունները: Սա ճիշտ չէ»: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ԼՂ հարցում աննպաստ ձեւակերպումների առնչությամբ Տիգրան Թորոսյանն ասաց. «ԵԽԽՎ-ում չի լուծվում ղարաբաղյան խնդիրը: Այլ բան է, որ մենք պիտի ամեն ջանք գործադրենք, որ Ղարաբաղին վերաբերող ամեն մի ձեւակերպում լինի մեզ համար հնարավորինս բարենպաստ, կամ առնվազն, որ չունենա մեզ համար անբարենպաստ ձեւակերպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել