Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հավաբուն եւ զուգարան՝ թանգարանի տարածքում

Փետրվար 03,2004 00:00

Խաչատուր Աբովյանից հետո շուտով կարող է անհայտ կորել նաեւ նրա անունը կրող տուն-թանգարանը

Քանաքեռ թաղամասում գտնվող Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանն իր բակով վերանորոգելու համար կպահանջվի 150 հազար դոլար: Այս փուլում Խ. Աբովյանի տուն-թանգարանի՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով վերանորոգվող մշակութային օջախների ցանկում չընդգրկվելու հիմնական պատճառը, թանգարանի տնօրեն Հովհաննես Զատիկյանի խոսքերով, պատկան մարմինների անտարբերությունն է եղել: Տարիներ ի վեր պետության հովանավորության բացակայությունից եւ շրջապատի մարդկանց անհոգի վերաբերմունքից թանգարանն իր տարածքով հանդերձ ավերվել է: Տնօրենի կարծիքով, տուն-թանգարանի պահպանության հարցը բավականին բարդ է, քանի որ այդ մշակութային օջախը զբաղեցնում է մեծ տարածք: Հ. Զատիկյանի ներկայացմամբ, դեռեւս 80 թվականին ուժեղ քամին քշել-տարել է շենքի տանիքը, ինչը մինչ օրս չի վերանորոգվել. «Անձրեւների եւ ձնհալի ժամանակ ցուցասրահը հեղեղվում է, իսկ թանգարանում կան պատմական արժեք ներկայացնող լավագույն նմուշներ, որոնց պահպանությունն առանց համապատասխան պայմանների՝ դժվար է իրականացնել»: Թանգարանի քառահարկ շենքը չի ջեռուցվում, ինչի հետեւանքով խոնավությունից ցուցասրահի մանրահատակը վնասվել է: Անկայուն ջերմաստիճանից ցուցանմուշների մի մասը եւս փչացել է, փոխարենը դրանց տեղը լրացրել են կաթոցների համար նախատեսված տաշտերն ու դույլերը: Տուն-թանգարանի տարածքի ցանկապատման հարցը եւս լուծված չէ. շրջապատի բնակիչները անարգել մուտք են գործում թանգարանի տարածք եւ վնասում բակի դեկորատիվ, պտղատու ծառերը: «Պուրակում տեղադրված Խաչատուր Աբովյանի արձանն էլ 30 տարի է չի մաքրվում, չի երեւում, թե ինչ մետաղից է պատրաստված,- ասում է Հ. Զատիկյանը,- մուտքի երկաթե ծանր դարպասները որպես ջարդոն պոկել-տարել են, եւ ոչ ոք դրա համար պատասխան չի տվել»: Թանգարանի պուրակի ոռոգման ներքին ցանցը եւս վթարված է: Պարոն Զատիկյանը խոսեց նաեւ տոհմատան (որտեղ ծնվել է Խ. Աբովյանը) եւ հին թանգարանի մասին, որոնք նույնչափ մտահոգիչ են, որքան թանգարանը: «Հին թանգարանը մարդիկ վերածել են զուգարանի, իսկ նոր շենքին կից շրջապատի մի բնակիչ իր հավաբունն է կառուցել: Տոհմատան պատերը կավից են եւ տարիներ շարունակ անուշադրության մատնված լինելով՝ փլվում են»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել