Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանցակազմ չկա՞

Փետրվար 03,2004 00:00

Անորակ
հանքային ջրի պատճառով 11-ամյա աղջիկը զրկվել է աչքից
Անցյալ տարվա օգոստոսի 30-ին Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի բնակչուհի, 11-ամյա Մարգարիտա Մալխասյանը բակի կրպակից ՀՀ Վայոց ձորի մարզի «Վարանցով եւ որդիներ» ՍՊԸ-ի արտադրության երեք շիշ հանքային ջուր է գնում։ Տեղափոխելիս շշերից մեկը պայթում է եւ վնասում աչքը՝ մինչեւ հատակը։ Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում երկու անգամ վիրահատել են երեխայի աչքը։ Փոխվել է աջ աչքի ոսպնյակը, սակայն ցանցաթաղանթը վերականգնել չի հաջողվել, քանի որ այն կտրտված է եղել մի քանի տեղից եւ խճճված։

Մարգարիտայի տատիկը՝ Էսթեր Մարկոսյանը (ի դեպ, նրա խնամակալության ներքո է գտնվում երեխան) դեպքի առթիվ օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու եւ պատճառված վնասը փոխհատուցելու ակնկալիքով դիմել է թե՛ ՀՀ սպառողների ազգային ասոցիացիա, թե՛ Շահումյանի ներքին գործերի բաժին, թե՛ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին։ Շահումյանի ՆԳ բաժնում հրաժարվել են գործին ընթացք տալ՝ այդտեղ դիտավորություն չտեսնելու պատճառաբանությամբ։ ԱԺ փոխնախագահ Վահան Հովաննիսյանը Է. Մարկոսյանին խորհուրդ է տվել բոլոր տեսակի վնասների հատուցման համար քաղաքացիական հայցով դիմել դատարան՝ միաժամանակ հայտնելով, որ «իրավապահ մարմինները փաստի առթիվ քրեական գործ չեն հարուցել, քանի որ արարքը չի պարունակում Քրեական օրենսգրքով նախատեսված հանցակազմի հատկանիշներ»։

ՀՀ սպառողների ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանին հարցման միջոցով հաջողվել է իմանալ երեք ամիսների ընթացքում Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն դիմած այն հիվանդների անունները եւ հասցեները, ովքեր ստացել են աչքի եւ աչքի հարակից տարածքների վնասվածքներ՝ հանքային ջրի անորակ լինելու պատճառով։

Է. Մարկոսյանը իրազեկ աղբյուրներից տեղեկացել է, որ «Վարանցով եւ որդիներ» ՍՊԸ-ի տնօրենը ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանի որդին է։ Հենց այս հանգամանքով է նա պատճառաբանում իր դիմում-բողոքների նկատմամբ անտարբերությունն ու գործին ընթացք չտալը։ Եթե հաջողվի կատարել երրորդ վիրահատությունը, հնարավոր կլինի վերականգնել տեսողությունն ու պահպանել աչքի կոսմետիկ տեսքը, իսկ եթե ոչ՝ աչքը պետք է հեռացնել։

Ամերիկահայ ակնաբույժ Ռոջեր Հովհաննիսյանը խոստացել է օգնել երեխային, եթե նա տեղափոխվի ԱՄՆ՝ արտասահմանյան աչքի կլինիկայում բուժվելու նպատակով, ինչը պահանջում է քսան հազար ԱՄՆ դոլար։

Նրանք, ովքեր ցանկանում են օգնել երեխային, կարող են փոխանցումներ կատարել Երեւան, Հայէկոնոմբանկ, հ/հ 163008253839, Մալխասյան Մարգարիտայի անունով։

ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել