Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վկան կեղծե՞լ է պայմանագիրը

Փետրվար 03,2004 00:00

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ վերսկսվեց Հանրապետական մարզադաշտի վերակառուցման ժամանակ տեղ գտած չարաշահումների գործով դատաքննությունը:

Հիշեցնենք, որ այս քրգործով մեղադրվում է ՀՀ ՆԳՆ նախկին նախարար եւ Երեւանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի եղբայրը՝ Էդիկ Աբրահամյանը: Ըստ քրգործի, վերջինս շինարարության ժամանակ խոշոր չափերի գումարներ է յուրացրել:

Էդ. Աբրահամյանի դեմ ամբաստանող ցուցմունք տված առանցքային վկա Վլադիմիր Ուսուբյանը, ինչպես երեւում է, նույնիսկ մտադիր էլ չէ Մոսկվայից Երեւան գալ եւ վկայություն տալ այս քրգործով: Մինչ կորոշվի նրան բերման ենթարկելու հարցը, երեկ դատարանում ցուցմունք տվեց քրգործով վկա Մնացական Մինասյանը, որը եղել է Հանրապետական մարզադաշտի վերակառուցման աշխատանքներն իրականացնող «Երեւանյան մարզային համալիր» դուստր ձեռնարկության գլխավոր տնօրենը: Վերջինս պնդել է իր նախաքննական ցուցմունքները, ըստ որոնց, Հանրապետական մարզադաշտը ցինկապատ թիթեղներով ծածկելու նպատակով մոսկովյան «Առեքս X» ՍՊԸ-ի՝ ի դեմս գլխավոր տնօրեն Վլ. Ուսուբյանի, եւ հիշյալ ձեռնարկության միջեւ պայմանագիր է կնքվել ցինկապատ թիթեղներ ձեռքբերելու համար՝ 1 քմ.-ն 11 դոլարով. որպես կանխավճար փոխանցվել է նախ՝ 60000 դոլար, ապա՝ 96000 դոլար: Ստացվել է թիթեղի առաջին խմբաքանակը, երկրորդը՝ սկսել է ձգձգվել, ինչի կապակցությամբ, վկայի ցուցմունքի համաձայն, այդ ժամանակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրամանով նամակ է գրվել ՆԳ նախարար Հայկ Հարությունյանին: Վկա Մ.Մարտիրոսյանը երեկ հայտարարել է, թե հիշյալ գործարքին վերաբերող բոլոր փաստաթղթերը ստորագրվել է իր գիտությամբ՝ հավելելով, որ Էդ.Աբրահամյանը բանակցությունների ժամանակ անգամ լուրջ դերակատարում չի ունեցել: Վկայի ասելով, Էդ.Աբրահամյանն իրենից անգամ գործուղման համար պահանջված գումար չի ստացել:

Ըստ Էդ. Աբրահամյանի պաշտպան Աշոտ Սարգսյանի, մարզադաշտի նորոգման համար անհրաժեշտ ցինկապատ թիթեղներ ձեռք բերելու նպատակով ուղարկվել է գումար մի պայմանագրի հիման վրա, որը երկու կողմից էլ ստորագրել է նույն անձը՝ Ուսուբյանը: Պաշտպանը երեկ միջնորդել է այս պայմանագիրը ենթարկել դատաձեռագրաբանական փորձաքննության: Միջնորդությունը բավարարվել է: Պաշտպան Ա.Սարգսյանի կարծիքով, եթե փորձաքննությունը հաստատի քրգործի հարուցման առիթ դարձած հիշյալ պայմանագրում առկա ստորագրությունների կեղծված լինելու փաստը, ապա՝ ինքնաբերաբար կարող է «ջրվել» նաեւ Էդ.Աբրահամյանի դեմ հարուցված քրգործը:

Սեփ. լր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել