Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՊԱԼԱՏԸ ՎԱՃԱՌՎԵԼ Է

Փետրվար 03,2004 00:00

Շենքում ապրող փախստականները շտապ վտարվում են իրենց սենյակներից

1990-ից շենքում բնակվում է Բաքվից արտաքսված 30 ընտանիք։ Երեկ խմբագրություն այցելած բնակիչները պատմեցին, որ ամռանը ՀՀ միգրացիայի եւ փախստականների կոմիտեից եկել-

հաշվառել են իրենց, առանց զգուշացնելու նպատակի մասին։ Իսկ մի քանի օր առաջ այցելել է այդ կոմիտեի վարչության պետ Արայիկ Հարությունյանն ու առաջարկել՝ առձեռն ստանալով որոշակի գումար, լքել սենյակները։ «Հակառակ դեպքում կդիմենք բռնի միջոցների»,-ըստ բողոքարկուների՝ «զգուշացրել» է վարչության պետը։ Իսկ 78-ամյա միայնակ թոշակառու Նելլի Հարությունովային առաջարկել են միանգամից տեղավորվել ծերանոցում։ Բնակիչների ասելով, իրենց առաջարկվել է մեկ սենյականոցի համար $ 5600, երկուսի համար՝ $ 8000, երեքի՝ $ 10000, որով համապատասխան բնակարան գնելն արդեն դժվար է նույնիսկ քաղաքի արվարձաններում։ «Մենք հեռախոս չենք ունեցել մեր բնակության 14 տարիների ընթացքում, ոտքով ինչքա՞ն կարող ենք այս ցրտին դռնեդուռ գնալ եւ տուն փնտրել, ինչպես պահանջում են մեզանից»,- ասացին բողոքողները։ Փախստական կանայք նշեցին, որ իրենց չեն ասում ով է շենքի գնորդը, որ նրա հետ «լեզու գտնեն»։ Փոխարենը, վերջին օրերին «ինչ-որ մարդիկ անջատել են միջանցքների լույսն ու սպառնում են շուտով ջրազրկել սենյակները, եթե առաջարկված պայմաններին չհամաձայնենք»։ Ըստ բնակիչների, նրանց առաջարկվել են նաեւ սեփականաշնորհված հանրակացարանային սենյակներ, որտեղ զուգարանն ընդհանուր է, լոգարան էլ չկա։ Իրենք համաձայն են մայրաքաղաքի որեւէ անկյունում ընտանիքի թվին համապատասխան բնակարան ստանալուն, իսկ քաղաքից դուրս գնալ չեն ցանկանում։

Մենք նախ որոշեցինք պարզել՝ ում է վաճառվել ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության ենթակայության տակ գտնվող Երիտասարդության պալատը եւ ինչու։ Փոխնախարար Կարինե Խոդիկյանը պարզաբանեց. «Դա կառավարության որոշումով է եւ մասնավորեցման կգնան բոլոր այն շենքերը, որոնք չեն ծառայում պետական ստեղծագործական որեւէ կոլեկտիվի համար որպես հանգրվան, տուն։ Երիտասարդության պալատն այժմ լուծարային գործընթացի մեջ է, իսկ գնորդից տեղյակ չեմ»։ Պետական գույքի կառավարման վարչությունից տեղեկացրին. «Պալատը ՀՀ տնտեսական դատարանի վճռով սնանկ է ճանաչվել եւ այժմ վաճառվում է դրա ունեցվածքը, ինչը մեզ հետ կապ չունի»։ Իսկ գնորդի մասին հիշեցրին, որ «ըստ մասնավորեցման մասին օրենքի, գնորդը կարող է, իր ցանկությամբ, չհրապարակել անունը»։ Գնորդի ցանկությանը տեղեկանալ չհաջողվեց, դե իսկ Երիտասարդության պալատի տնօրինությունում անջատված են կապի միջոցները։ Ի դեպ, դեռեւս ամռանը պալատի տնօրեն պրն Հեբոյանը պնդում էր, որ սնանկացման հիմքեր չկան, ինքը պարտքեր չունի, ուղղակի ուզում են շենքը վաճառել։ Իսկ որ շենքը վաճառվել է՝ կասկած չկա, քանի որ փախստականներին գումարներ տրամադրել է գնորդը, ինչպես պահանջում է գործող կարգը։

Այժմ անդրադառնանք փախստականների ճակատագրին։ Նրանց հիշատակած վարչության պետ Արայիկ Հարությունյանի հետ հեռախոսազրույցն ինչ-որ չափով հերքեց բնակիչներին անհանգստություն պատճառած լուրերն ու տեղեկությունները։ Պրն Հարությունյանը բացառեց տասնօրյա ժամկետում փախստականներին տեղահան անելը. «Ես ընդամենն ասել եմ, թե 10 օրում կողմնորոշվեք՝ գումա՞րն եք ուզում, թե՞ բնակարան փնտրենք։ Եվ արդեն 8 ընտանիք գումարը ստացել ու դուրս է եկել»։ Նա խոստովանեց, որ առաջարկված գումարի չափը վերցված է կադաստրի կոմիտեի նախորդ եռամսյակի ցուցանիշներից, ինչպես պահանջում է գործող կարգը, «իսկ թե հետո ինչքան են թանկացել բնակարանները, ով կարող էր այն ժամանակ իմանալ, որ գումարն էլ համապատասխանաբար հաշվեր»։ Ի դեպ, ֆինանսավորումը պալատի գնորդի գրպանից է, որին վարչության պետը չի ճանաչում. «Ես շփվում եմ միայն լուծարային հանձնաժողովի հետ»։ Ա. Հարությունյանը բացառեց նաեւ բնակիչներին հանրակացարան ուղարկելու եւ բռնի տեղահանելու հետ կապված բողոքների իսկությունը։

Նոր էինք ավարտել հեռախոսազրույցը, երբ մեր բողոքարկուները պալատից տեղեկացրին. «Հարությունյանը քիչ առաջ այստեղ էր եւ ասաց՝ մինչեւ հինգշաբթի ով դուրս չգա՝ միլիցիայով կհանենք»։ Որ Հարությունյանը մեզ հետ խոսելուց առաջ «այնտեղ» էր, ճիշտ է՝ դա ինքն էլ ասաց։ Իսկ թե ի՞նչ է ասել փախստականներին՝ թողնում ենք իր խղճին։ Առայժմ։

ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել