ՉՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ըմբշամարտի մրցույթը Բրատիսլավայում սկսվելու է մեկ օր շուտ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը Բրատիսլավայում մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարի նախապատրաստական վերջին փուլը պետք է մինչեւ հունվարի 288211ը անցկացներ Արարատ քաղաքի «Այգ» մարզահամալիրում: Սակայն, երբ պարզվեց, որ Մոսկվայում գտնվող Սլովակիայի դեսպանության սահմանած կարգով այդ երկիր մեկնող Հայաստանի ամեն մի քաղաքացի պարտավոր է նախապես անձամբ ներկայանալ, որոշվեց փոխել հավաքի ծրագիրը եւ վերջին մեկ շաբաթն անցկացնել Մոսկվայում: Ժամանելով ՌԴ մայրաքաղաք՝ թիմը տեղավորվեց ԲԿՄԱ-ի «Սոկոլ» հյուրանոցում ու հաջորդ օրվանից շարունակեց մարզումները արդեն ԲԿՄԱ-ի հավաքականի հետ համատեղ, որի անդամներից շատերը Ռուսաստանի ազգային հավաքականի երկրորդ համարներն են: Այս առումով մոսկովյան հավաքը բավականին արդյունավետ եղավ մեր տղաների համար: Թիմը Սլովակիա պետք է մեկներ հունվարի 30-ին, որպեսզի հաջորդ օրը մասնակցեր «կշեռքին»: Սակայն Մոսկվա ժամանելուն պես գլխավոր մարզիչ Հրանտ Ենոքյանին տեղի մտերիմ մարդիկ տեղեկացրին, որ մրցաշարի անցկացման ժամկետները մեկ օր առաջ են տեղափոխվել: Հաջորդ օրը գործերը Սլովակիայի դեսպանություն հանձնելուց հետո զանգահարեցինք Երեւան՝ ճշտելու տեղեկության հավաստիությունը: Պարզվեց, որ Սպորտկոմիտեում կազմակերպիչներից պաշտոնական ոչինչ չէին ստացել եւ միայն հաջորդ օրը շտապ հեռախոսակապով ճշտել էին, որ իրոք մրցումները մեկ օր շուտ են կայանալու: Լավ էր, որ թիմի հետ էին նաեւ մարզիչներ Սամվել Մարգարյանն ու Արայիկ Բաղդադյանը: Մինչ Հ. Ենոքյանը հարկադրված զբաղվում էր կազմակերպչական բազմաթիվ անհետաձգելի հարցեր լուծելով, նրանք ամբողջ ժամանակ ըմբիշների հետ էին, հետեւում էին նրանց ռեժիմին: Իսկ ստեղծված իրավիճակն, իրոք, բարդ էր: Բավականին ջանքեր պահանջվեցին նախ հյուպատոսական բաժնին համոզել, որպեսզի մուտքի վիզաները երկու օր շուտ տան: Այնուհետեւ, հարկ եղավ օրվա գրեթե կեսը վատնել օդանավի տոմսերը «Աերոֆլոտի» դրամարկղերում փոխելու համար։ Բարեբախտաբար, հաջողվեց գոնե հինգ հոգունը փոխել հունվարի 28-ով, որպեսզի չորս ըմբիշներն ու գլխավոր մարզիչը ժամանակին հասնեն մրցավայր: Ինչ վերաբերում է մեր մարզիկներին, նրանք վնասվածքներ չունեն, մարզվում էին ջանադրաբար, հղկում էին տեխնիկան ու, որ նույնպես շատ կարեւոր է, անձնական քաշի հետ կապված խնդիրներ էլ չունեն: Եվ, ինչպես միաբերան վստահեցնում են մարզիչները, կշեռքի օրը բոլորն էլ առանց որեւէ դժվարության «իրենց քաշին կանգնած կլինեն»: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ Մոսկվա