Մի ֆիքսվիր Երեկ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հեյքի Թալվիթիեն եւ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը համատեղ ասուլիս տվեցին, որի ընթացքում, մասնավորապես, պարզվեց, որ Եվրամիությունը հավասար աչքով է նայում Հայաստանին, Ադրբեջանին եւ Վրաստանին։ «Վերջին ժամանակներում մեր ուշադրությունն ավելի շատ սեւեռված էր Վրաստանի ուղղությամբ՝ կապված այնտեղի իրադարձությունների հետ, սակայն երբ ձեզ մոտ էին ընտրություններ ընթանում, մեր ուշադրությունը ձեզ էր սեւեռված, հետո՝ Ադրբեջանին»,- ներկաներին մխիթարեց Թալվիթիեն, այս համատեքստում կարեւորելով նշված երեք երկրներին «Ընդլայնված Եվրոպա» ծրագրում ընդգրկելու՝ ԵՄ-ի մտադրությունը։ Ընդհանրապես, Թալվիթիեի պատասխաններն ու պարզաբանումներն առանձնանում էին ընդգծված խուսափողականությամբ եւ անորոշությամբ։ Օրինակ, չնայած լրագրողների համառ ջանքերին, այդպես էլ չհաջողվեց պարզել, թե ինչ նկատի ուներ պրն Թալվիթիեն հայ-թուրքական հարաբերությունները գնահատելիս՝ «նոր իրավիճակ» ընդգծումն անելով։ Թուրքիան ԵՄ-ի անդամակցության ճանապարհին է, եւ այս խնդիրն այժմ գտնվում է ակտիվ փուլում, նշեց Հեյքի Թալվիթիեն՝ ավելացնելով, որ Եվրոպան մեծապես կարեւորում է մեր տարածաշրջանի կայունությունը, որով շահագրգիռ են նաեւ հենց իրենք՝ տարածաշրջանի երկրները։ Իբրեւ թեմայի ամփոփում, ֆինն դիվանագետը հույս հայտնեց, որ «առկա գործընթացներն, ի վերջո, կհանգեցնեն դրական արդյունքի», նաեւ չմոռացավ ապահովագրել իրեն՝ ասելով. «Իհարկե, չգիտենք, թե դրանից ինչ կստացվի»։ Հաջորդ անորոշությունը վրացական թեմայով էր։ Հարցին, թե ինչպես կանդրադառնան վրաստանյան իրադարձությունները Հարավային Կովկասի ընդհանուր իրավիճակի վրա, ինչի մասին վերջին շրջանում Եվրոպայում շատ են խոսում, Թալվիթիեն այսպես պատասխանեց. «էվոլյուցիան, իհարկե, ավելի նախընտրելի է, քան ռեվոլյուցիան, սակայն մենք ուրախ ենք, որ Վրաստանի նոր իշխանությունները լավ են մեկնարկել եւ լիահույս ենք, որ նրանք հետեւողական կլինեն կոռուպցիայի դեմ պայքարում եւ ժողովրդավարության խորացման հարցում»։ Բնականաբար, շոշափվեց նաեւ ԼՂ խնդիրը։ Թալվիթիեն, ի դեպ, ասուլիսից անմիջապես հետո հեռախոսազրույց պետք է ունենար Արկադի Ղուկասյանի հետ։ «Այս անգամ ես չմեկնեցի Ղարաբաղ, սակայն հույս ունեմ, որ հաջորդ անգամ կմեկնեմ, քանի որ Ղարաբաղի հարցը ինձ վերապահված մանդատի մաս է կազմում»,- այս խիստ նրբանկատ թեմային նույնքան նրբանկատ անդրադարձ կատարեց Հեյքի Թալվիթիեն։ Մի քանի ուշագրավ արձանագրում Վ. Օսկանյանի պատասխաններից։ «Մի ֆիքսվեք միայն մեկ բառի վրա (նկատի ուներ «այլ» բառը.- խմբ.), գնահատելու համար ԵԽ զեկույցը, այլ վերցրեք մեզ եւ Ադրբեջանին վերաբերող զեկույցներն ու համեմատեք»,- լրագրողներին խորհուրդ տվեց Օսկանյանը, հավատացնելով, որ մեզ վերաբերող փաստաթուղթն ավելի լավն է։ Ինչ վերաբերում է «հինգ շրջան՝ երկաթուղու դիմաց» գաղափարին, ապա ըստ արտգործնախարարի, «դա նոր չէ, սակայն մենք միշտ ասել ենք, որ մերժում ենք փաթեթից դուրս գտնվող էլեմենտները»։ Մեր կողմից ավելացնենք, որ նորությունն այստեղ ոչ թե գաղափարն է, այլ այդ գաղափարի՝ ԵՄ-ի փաստաթղթում տեղ գտնելու հանգամանքը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ