Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ՕՐԱԿԱՐԳ

Հունվար 31,2004 00:00

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՀԱՐՑԸ ՄՏԱՎ ՕՐԱԿԱՐԳ Շուտափույթ մերժվելու հեռանկարով Մինչ «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ընդդիմությունը հետաձգում է (արդեն 4-րդ անգամ), իշխանությունն այս հարցում ակտիվություն է դրսեւորում։ Արդեն հայտնել են, որ ԱԺ նախագահը դեռ հունվարի 28-ին էր դիմել ՍԴ նախագահին՝ պարզելու «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի համապատասխանությունը Սահմանադրությանը։ ՍԴ-ն խուսափողական պատասխան տվեց, չասաց՝ համապատասխանում է, թե չի համապատասխանում։ Բայց դա էլ, հավանաբար, բավարար էր՝ հետագա գործողությունների համար։ Երեկ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը հայտարարեց օրակարգային հարց եւ առաջարկեց այն քննարկել՝ ԱԺ գարնանային նստաշրջանի փետրվարի 2-4-ի եռօրյայի օրակարգում ընդգրկելու համար։ Օրինագծի հեղինակ Վիկտոր Դալլաքյանը հակադարձեց, որ խախտվում է ԱԺ կանոնակարգը եւ որպես տվյալ օրինագծի հեղինակ իրենք հանձնաժողովի դեռեւս դեկտեմբերի 26-ի արտահերթ նիստում հայցն առաջարկել են հետաձգել մինչեւ մեկ ամիս ժամանակով։ Ըստ պրն Դալլաքյանի, քանի ԱԺ-ն այս ընթացքում գտնվում էր ձմեռային արձակուրդում, այդ մինչեւ մեկ ամիս ժամկետը ենթադրվում է, որ պետք է հաշվվեր փետրվարի 2-ից։ Ի նշան բողոքի, «Արդարությունը» ներկայացնող Վ. Դալլաքյանը եւ Վ. Մկրտչյանը լքեցին նիստը։ Հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը օրինագծի հեղինակի փոխարեն ինքը ներկայացրեց հարցը, ինքն իրեն հարց տվեց եւ ինքն էլ պատասխանեց։ Ինքնապատասխանի մեջ պրն Պետրոսյանը մասնավորապես նշեց, թե ՍԴ-ի առաջարկի մեջ անուն-ազգանունով չի նշված, թե ո՞ւմ վստահության հանրաքվեի մասին է խոսքը։ 17 կողմով «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին «Արդարություն» խմբակցության ներկայացրած օրինագիծը բացասական եզրակացությամբ մտավ փետրվարի 2-4-ի եռօրյա։ Ըստ ամենայնի, այս հարցը իշխանություններին բավականին հուզում է։ Ակնհայտորեն, քաղաքական որոշում է կայացվել՝ «Հանրաքվեի մասին» օրենքի հարցը փակել առանց քննարկման, առաջ ընկնելով ընդդիմությունից։ Դեռ երեկ էր մեր թերթում Վ. Դալլաքյանը հայտարարել, որ ընդդիմությունն ակնկալում է քննարկել վերոհիշյալ օրինագիծը, բայց նաեւ շեշտել էր, թե «այս գործընթացի հետ կապված կարող է իրականացվել որոշակի մշակված այլ սցենար»։ Երեկ նա փակագծեր չբացեց, սակայն խոստացավ. «սպասեք անակնկալների»։ Վիկտոր Դալլաքյանը երեկ «Առավոտին» հիշեցրեց, որ ՍԴ-ի որոշման մեջ վստահության հանրաքվեի մասին արված առաջարկը ուղղված է առաջին հերթին ԱԺ-ին, երկրի նախագահին. «դա նշանակում է, որ եթե այդ մեկ տարվա ընթացքում ՍԴ-ի որոշում -առաջարկությունը ԱԺ-ն ու ՀՀ նախագահը չեն կատարում, ուրեմն ժողովուրդը իրավունք ունի ցանկացած ճանապարհով եւ ցանկացած ժամանակ նրանց ստիպի, որ դա կատարեն»։ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, որը հանձնաժողովի նիստում բավականին ակտիվ էր եւ չէր թաքցնում շահագրգռվածությունը՝ հարցը մտցնել-քննարկել ու քվեարկել, «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի հարցը ընդդիմության կողմից բնորոշեց որպես «քաղաքական խաղ»։ Մեր հարցին՝ արդյո՞ք իշխանության ներկայացուցիչների կողմից շտապողականությունը եւս քաղաքական երանգ չունի, Գալուստ Սահակյանն ասաց (մեջբերում ենք ճշգրտորեն). «Դա ոչ թե քաղաքական խաղ է, դա իմ տեսակետով խնդիր է, որը ոչ թե արդյունավետ պիտի լինի պետության համար, այլ, փաստորեն, ընդդիմադիր կողմը ցանկանում է ուշադրություն բեւեռել եւ ապակայունացնել վիճակը։ Ես հստակ ասում եմ, այո՝ այդ օրինագիծը պետք չի ընդունել։ Ես չեմ ասում ՍԴ կամ Սահմանադրություն։ Որպես քաղաքական ըմբռնում մենք գտնում ենք, որ պետք է երկիրը կայուն պահել»։ Գալուստ Սահակյանը վստահություն հայտնեց, որ հարցն օրակարգ չի մտնի, փետրվարի 2-ին հենց սկզբից կներկայացվի որպես բացասական գնահատական ստացած օրինագիծ եւ կմերժվի։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանին հարցրինք, թե ԱԺ կանոնակարգի ո՞ր կետում է գրված, որ հանձնաժողովի նախագահը իրավունք ունի հարցը ներկայացնել օրինագծի հեղինակի փոխարեն. «Ոչ մի տեղ էլ չի գրված։ Բայց որտե՞ղ է գրված, որ նա պիտի թողնի-դուրս գա եւ քննարկումը ձախողի»։ Մեր հարցին՝ ինչո՞ւ հանձնաժողովը խախտեց կանոնակարգը, օրինագծի հեղինակները առաջարկել էին մինչեւ մեկ ամսով հետաձգել հարցը, բայց հանձնաժողովն առաջ ընկավ, պրն Պետրոսյանը պատասխանեց. «Դա որեւէ նշանակություն չունի, որովհետեւ հանձնաժողովը իրավունք ունի ցանկացած հարց, մինչեւ ԱԺ-ի կողմից քննարկվելը, անդրադառնալ եւ առաջարկ ներկայացնել»։ Ռաֆիկ Պետրոսյանը չթաքցրեց իր ցանկությունը. «որ հարցը քննարկվի, վերջ տրվի այդ քաղաքական շահարկումներին։ Որովհետեւ անձամբ ինձ ասել են, որ սա անում են քաղաքական նկատառումներով, այսինքն՝ շոու սարքենք, ժողովրդին բերենք ԱԺ-ի մոտ եւ այլն։ Իսկ մենք գտնում ենք, որ հանրապետության կայունությունը խախտվում է»։ Մեր դիտարկմանը, թե հանձնաժողովն էլ նույն քաղաքական նկատառումներով ուզում է հարցը մեռցնե՞լ, պրն Պետրոսյանն ասաց. «Ոչ միայն, նաեւ իրավական հիմք ունենալով»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել