Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԱՐՏԻԱ՝ ԱՌԱՆՑ ՎԵՐՋՆԱԽԱՂԻ

Հունվար 31,2004 00:00

Զգեստը
որոշվեց կարել տիկին Նելլիի մոտ: Տիկին Նելլին մեր կուրսի Ռուզանենց հարեւանուհին
էր, ապրում էր Վարդան Մամիկոնյանի արձանի ետնամասում: Կտորը սեւ ու սպիտակ
վանդակներով էր, ուներ աննշան կարմիր գծեր: Մոդելի գծագիրն իմ սեփականն էր:

Մոռացա նշել, որ 1996 թվականն էր, ես փոխադրվել էի համալսարանի 3-րդ կուրս, աշխատանքային կենսագրությունս «Ա1+»-ում հենց նոր էր սկսվել: Կտորը կարծեմ գնվել էր իմ առաջին աշխատավարձի ողջ ռեսուրսի հաշվին:

Տիկին Նելլին ուներ երեք հիմնական զբաղմունք. Գրին քարտի խաղարկություն, գուշակություն սուրճի բաժակով եւ կարուձեւ: Նույն առաջնահերթությամբ կարվեց իմ զգեստը: Ես առավել եւս տուժեցի, քանի որ հրաժարվեցի բաժակս շրջելու առաջարկից: Դա իմ ապագա զգեստի վրա նստեց եւս մի քանի ծուռ կար:

Առաջիկայում սպասվում էր Շախմատի համաշխարհային օլիմպիադան, թարգմանիչների ցուցակում կար նաեւ իմ անունը, իսկ իմ պլաններում կար զգեստապահարանս թարմացնելու խնդիր՝ ի տես արտասահմանյան հյուրերի: Տիկին Նելլիի հոգսաշատ ուսերին դրված էր այդ ծանր գործի մի մասը:

Այդ տարի Գրին քարտի խաղարկությունը ամենաազնիվներից էր: Գիտակների պնդմամբ, Հայաստանից ստացված 5000 (թե՞ 10 000) դիմումներից ընտրվել էին ամենաարժանիներն ու հեռանկարայինները:

Ընտրյալների ցուցակում հայտնվեց նաեւ տիկին Նելլիի անունը: Փոստատարը 100 դրամի ակնկալիքով ծեծեց նրանց բնակարանի դուռը: Դա կատարվեց ամենաանհարմար պահին, երբ նա պատրաստվում էր ուղղել զգեստի կոնքամասի անհարթությունը: Այդպես որոշվեց վանդակավոր զգեստի ճակատագիրը, եւ սկսվեց նրա անհավատալի ոդիսականը նոր Երեւանում:

Զգեստի թերությունները ամբողջությամբ վերացնել անհնար էր: Ամեն դեպքում, երկար չմտածելով, գոտկատեղից ներքեւ ես ասեղ ու թելով մի քանի հեղինակային շտկումներ արեցի: Շտկումները տեսանելի էին միայն խիստ մոտիկից նայելու դեպքում: Գոտկատեղից վերի անհարթությանը ձեռք տալ այդպես էլ չհամարձակվեցի: Թեւատակը մի քիչ ուռչում էր, բայց եթե առանձնապես ձեռքերս չբարձրացնեի, ոչինչ չէր երեւա: Վանդակներն էլ կիսով չափ իրար անհամապատասխան էին կարված, բայց թեք նստելու դեպքում շատ չէր զգացվում: Զգեստս հենց այդ տեսքով մասնակցեց Շախմատային օլիմպիադային, ծանոթացավ եւ լուսանկարվեց 96-ի շախմատային աստղերի հետ:

1997-ին «Ա1+»-ը սկսեց խոսել, եւ խոսողներից մեկն էլ ես էի՝ 19 տարեկան, ոչ այն է՝ ինքնավստահ, ոչ այն է՝ պատրաստված, մի խոսքով՝ նոր Երեւանում սկսվեց հեռուստատեսային լրատվության նոր շրջանը: Լոս Անջելեսից տիկին Նելլին ուղարկեց առաջին էմիգրանտական ֆոտոն՝ նոր գնված «Ֆորդի» կապոտին հենված: Տիկին Նելլիի աղջիկն ընդունվեց քոլեջ, եւ իմ կուրսեցի Ռուզանի խոսքով, ստանում էր միայն հինգեր: Զգեստս մասնակցեց մի քանի ասուլիսի, եւ դա օլիմպիադայից հետո նրա միակ հրապարակային հայտնությունն էր:

1998-ին եկավ փետրվար ամիսը, որից հետո եկավ խիստ հրապարակային եւ եթերային մարտը: «Ա1+»-ի փոքրիկ եւ գրեթե իմպրովիզացված ստուդիայում, սակայն, դեռեւս ցուրտ էր, եւ վանդակազարդ զգեստն իր մասին բարձրաձայն հայտնել չկարողացավ: Անցավ ընտրությունների առաջին փուլը, հետո՝ երկրորդը, հետո տիկին Նելլին ուղարկեց աղջկա հարսանիքի տեսագրությունը: Ես այդ ժամանակ լրացնում էի ընտրությունների ընթացքում բաց թողած պրակտիկայի ժամերը, եւ տեսագրությունն այդպես էլ չտեսա: Համենայն դեպս, Ռուզանն ինձ ամեն ինչ մանրամասնորեն պատմեց, եւ ինչքան հիշում եմ, փեսացուն հայ էր ու բարձրահասակ, ինչպես նաեւ շուտով պիտի ինչ-որ բան ավարտեր: Տիկին Նելլին կարծեմ դեռ նախքան Գրին քարտ շահելն էր նրա պես բոյով մեկին տեսել աղջկա բաժակի հատակում, եւ հիմա շատ ուրախ էր: Ինքն էլ այդ ընթացքում աշխատանքի էր անցել Գլենդելում, մի հայ ձեռներեցի կարի արտադրամասում՝ ծածկելով տան վարձը:

98-ը զգեստիս համար անհաջող տարի էր: Ընդամենը մեկ անգամ նա մասնակցեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ասուլիսին, մեկ անգամ գնաց կարծեմ հյուր: Բայց եկավ 99-ը, սեպտեմբերը, երբ «Ա1+»-ը սկսեց իր երեկոյան ուղիղ եթերները: Դեռ չէր հասցրել ցրտել, եւ պիջակային սովորական կրիզիսներից մեկի ժամանակ զգեստը վերջապես հայտնվեց ուղիղ եթերում՝ որքանով թույլ էր տալիս օձիքի կոճակը: Դա հենց այն շրջանն էր, երբ Երեւանի եթերում մրցակցում էին 3-4 հեռուստակայան, իսկ հաղորդավարուհիները նույն տոնական պիջակ-ժակետով վարում էին լուրերը, գնում ժամադրության եւ ծննդյան երեկույթների: Ահա այսպես, 99-ին սեւ ու սպիտակ վանդակներով զգեստը մտավ հայկական հեռուստատեսության խրոնիկա, եւ ինչպես կտեսնենք, դեռ երկար մնաց այնտեղ:

2000 թվականին Նոր տարվա կլոր գաթայի կոպեկը հայտնվեց իմ բաժնում, դա նշանակում էր, որ ես հավանաբար ամուսնանում եմ: Միաժամանակ նշանակում էր հրաժեշտ հնին, քանի որ 18 տարեկանից 4 տարի հետո զգեստները սովորաբար երկարում են: Մոտավորապես այդ օրերին ինձ հյուր եկավ իմ 17-ամյա ազգականուհին, որը հենց նոր էր ընդունվել թատերական, սակայն դեռեւս ոչինչ չէր կասկածում իր հեռուստատեսային ապագայի մասին: Զգեստապահարանում, երկու պիջակների արանքում նա նկատեց իմ արհամարհված զգեստը: Ես առաջարկեցի այն փորձել ու անմիջապես նվիրեցի նրան:

2001 թ. ես արդեն ապրում էի Մոնումենտում, որին 2002-ի հունվարին հետեւեցին Բանգլադեշի ծննդատունը, իսկ ապրիլին՝ «Ա1+»-ի առաջին մրցույթը: «Ա1+»-ն ազնիվ եւ հավասար պայմաններում տանուլ տվեց հեռարձակման իրավունքի մրցույթը, իսկ ես շարունակեցի զբաղվել իմ հիմնական դարձած գործով՝ երեխայով: Տիկին Նելլիի մասին 2001-ից հետո այլեւս ոչինչ չեմ լսել, քանի որ Ռուզանը ողջ ընտանիքով տեղափոխվեց Մոսկվա: Մոսկվայում Ռուզանը շատ արագ գտավ նոր աշխատանք եւ հին ընկերներին, քանի որ մեր համալսարանցիների՝ Գլենդել չմեկնած հատվածն արդեն վաղուց ապրում եւ աշխատում էր այնտեղ:

2000-ից սկսած Երեւանում արդեն հեռուստատեսային նոր իրավիճակ էր: 2002թ. ապրիլին այդ իրավիճակն արդեն մտավ դինամիկ զարգացման փուլ, եւ հեռուստակայանները դարձան բացառապես բիզնես-ձեռնարկություններ՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Բիզնես-նորություններին հետեւեցին բիզնես-ընտրությունները, իսկ մինչ այդ, համաձայն բիզնեսի օրենքների, երեւանյան եթերն արդեն ողողել էին երիտասարդ սիրունատես դեմքերը: Դեմքերը պատկանում էին Սոս Արտաշեսովիչի թողարկած վերջին սերնդին եւ պատմում էին ցիկլոնների, անտիցիկլոնների, գարեջրերի ու ինչ-որ պահառուների մասին:

Հեռուստատեսային մի պայծառ օր վերջապես կատարվեց անխուսափելին: Թատերականը հենց նոր ավարտած կամ ավարտել պատրաստվող իմ հմայիչ ազգականուհին նույնպես սկսեց պատմել ցիկլոնների եւ երաշտի մասին: Ինչպես կարելի էր ենթադրել, նրա պիջակա-զգեստային կրիզիսը հասունացավ բավականին արագ, եւ շուտով իմ խոհանոցում, սառնարանի գլխին դրված փոքրիկ հեռուստացույցի էկրանին հայտնվեցին ծանոթ սեւ ու սպիտակ վանդակները: Վանդակները պատմում էին մթնոլորտում սպասվող դրական փոփոխությունների մասին, ես կարտոֆիլ էի մաքրում եւ անկեղծորեն ուրախանում նրանց հաջողությամբ: Ենթադրաբար, դա իմ զգեստի ամենամեծ ելույթն էր, քանի որ հեռուստաալիքը, որով նրան ցուցադրում էին, շուտով պետք է պաշտոնապես դառնար երկրորդը հանրապետությունում:

Մոսկվայից պարբերաբար նամակներ էին ստացվում, որոնցից արագ պարզ դարձավ. Ռուզանը մեր կուրսից միակն է, որին գլենդելա-ռուսաստանյան եզերքում պետք է գալիս մասնագիտական իսպաներենը: Մյուսների աշխատանքային քարտեզն ընդգրկում էր ամեն ինչ՝ հյուրանոցային մենեջմենթից մինչեւ մատնահարդարում: Իմ աշխատանքային զոնայում տեղավորվում էին խոհանոցը, օրորոցը եւ կոմպյուտերը, որի վրա ժամանակ առ ժամանակ կատարվում էին տարբեր կարգի ստվերային գործողություններ:

Վանդակավոր զգեստի աշխատանքային կենսագրությունը անսպասելիորեն հարստացավ եւս մեկ ելույթով: Այս անգամ նրան կրում էր մեկ այլ հմայիչ թատերականցի, ենթադրաբար՝ ազգականուհուս համակուրսեցին, եւ զգեստը պատասխանատվության մեծ զգացումով հարմարվել էր նրա կազմվածքին եւս: Թեւատակի դեֆեկտն ընդհանրապես չէր զգացվում, կամ գուցե այն դեֆեկտ էր թվում հեռավոր 96-ին: Միայն կրծքավանդակի հատվածում սեւ ու սպիտակ վանդակների անհամաչափությունն էր պահպանվել, թեպետ աղջիկը կիսաթեք էր կանգնած (երեւի ինքն էլ էր գլխի ընկել զգեստի այդ նյուանսի մասին), իսկ կոնքամասում իմ հեղինակային կարը դիտվում էր բավականին պրոֆեսիոնալ: Սա արդեն իսկական աստեղային բենեֆիս էր, եւ ես, մի պահ բաց թողնելով արդուկը, երկար ծափահարում էի զգեստին:

2004-ը եկավ: Եկավ այն տարին, որի ընթացքում, ըստ գաթայից բաժին հասած նոր կոպեկի, հիմնական իրադարձությունների թվում սպասվում էին մանկապարտեզը, նոր բնակարանը, աշխատանքը եւ ամառային հանգիստը: Ետամանորյա զարմանալիորեն խաղաղ կենցաղում դեպքերը զարգանում էին անշտապ, գրեթե ամառային ռիթմով: Խոհանոցում սառնարանի գլխին դրված հեռուստացույցը գուշակում էր ցիկլոններն ու անտիցիկլոնները, ես գլուխս չէի կարողանում բարձրացնել դժվար կտրվող երշիկից, աղջիկս դատարկում էր հերթական դարակի պարունակությունը: Մի կերպ պոկելով վերջին կտոր երշիկը՝ առանց որեւէ ակնկալիքի նայեցի էկրանին: Հանրապետության պաշտոնապես եւ ոչ պաշտոնապես առաջին ալիքի եթերում աչք ծակեցին սիրելի ու ծանոթ սեւ ու սպիտակ վանդակները: Այս անգամ նրանց կրողը բոլորովին անծանոթ, բայց կրկին հմայիչ աղջիկ էր, որին, սակայն, զգեստը փոխանցելիս չէին զգուշացրել նրբությունների մասին:

Վանդակները ցնծությամբ ժպտացին մի վերջին անգամ, եւ արբանյակային կապի միջոցով ողջունեցին տիկին Նելլիին:

Օվկիանոսի այն կողմում տիկին Նելլին գիտակի հանդարտությամբ ընդունեց ողջույնն ու հիշեց, որ 8 տարի առաջ, երբ դեռեւս ինքը չէր շահել Գրին քարտը, իսկ Երեւանը դեռ չէր կազմակերպել Շախմատի օլիմպիադան, ինքը սուրճի բաժակներից մեկում տեսավ զարմանալի ոդիսականն այն զգեստի, որի վանդակների վրայով իրենց առաջին՝ անվստահ, բայց հավակնոտ քայլերն էին անելու նոր՝ հեռուստատեսային Երեւանի ամենատարբեր մեծության ֆիգուրները:

ԼԻԼԻԹ ԲԼԵՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել