Այս
տարվա ընդունելության քննություններում կրթության համակարգի պատասխանատուները
նախատեսում են էական փոփոխություններ:
Թեպետ խոստացվել էր, որ անցնող նոյեմբերին արդեն «խաղի կանոնները» պարզ կլինեն եւ դիմորդը կիմանա իր «գլխի գալիքը», սակայն դեռեւս շատ հարցեր քննարկման փուլում են: Պարզ է սակայն, որ փոփոխությունները ռեպետիտորներին եւ նրանց մոտ պարապող դիմորդներին փաստի առաջ չեն կանգնեցնի այն առումով, որ կոնկրետ առարկաների հարցում փոփոխությունները քիչ են:
Հիմնական նորամուծությունները հետեւյալն են: Նախ՝ այս տարի այլեւս չեն լինի տարբերակված քննությունները՝ հայոց լեզու, մաթեմատիկա, քիմիա, ֆիզիկա առարկաներից, երբ այդ առարկայից կար երկուական ընդունող հանձնաժողով: Ըստ ԿԳՆ մասնագիտական կրթության վարչության պետ Ռուբեն Գասպարյանի, այս որոշումը ճիշտ է այնքանով, որքանով «մենք դպրոցում ունենք մեկ ընդհանուր հանրակրթական ծրագիր, եւ հարցաշարերն էլ կազմված են ըստ դպրոցական առարկայական ծրագրերի, հետեւաբար անհրաժեշտություն չկար տարբերակելու»: Բացի այդ, նման պարագայում սահմանափակվում էին 2-րդ տարբերակով քննություն հանձնած դիմորդների հնարավորությունները. եթե նրանք քննություն էին հանձնել 2-րդ տարբերակով, այլեւս չէին կարող մասնակցել այն մասնագիտությունների մրցույթին, որտեղ 1-ին տարբերակն էր պահանջվում:
Մյուս կարեւոր փոփոխությունն այն է, որ որոշ մասնագիտություններով վճարովի համակարգի համար այլեւս մրցութային ոչ մի առարկայի գնահատական դպրոցից չի փոխանցվի: Դա տեղի կունենա միայն այն դեպքում, եթե տվյալ մասնագիտության գծով թափուր տեղեր առաջանան: «Հակառակ պարագայում նախկինում երբեմն պարադոքսի առաջ էինք կանգնում եւ վճարովիի անցումային միավորն ավելի բարձր էր լինում, քան պետպատվերինը: Եվ պատճառը դպրոցից եկող համատարած 20 միավորներն էին»,- բացատրում է Ռ. Գասպարյանը:
Վերոնշյալ երկու փոփոխություններն արդեն իսկ դեկտեմբերի 11-ին հաստատվել են կառավարության կողմից: Սակայն կառավարությունը դեռեւս չի հաստատել վճարովի եւ պետպատվերով տեղերի թիվը, որոնք կորոշվեն նաեւ գերատեսչությունների հաշվարկի հիման վրա, թե տվյալ ոլորտը մոտավորապես քանի՞ մասնագետի կարիք ունի: Սակայն չի անտեսվում նաեւ սոցիալական պահանջարկը. հնարավոր է պահանջարկ չունեցող կադրերի արտադրություն՝ հանուն տվյալ բուհի գոյատեւման:
Կարեւոր է նշել, որ այս տարի, ըստ ամենայնի, կգործի առաջին հայտի գերակայությունը, ինչի փորձը եղել է 90-ականներին: Ըստ այդմ, դիմորդը հստակ պետք է կողմնորոշվի իր նախընտրած մասնագիտության հարցում եւ առաջինը նշի դա: Այնուհետեւ դիմորդն ըստ իր հավաքած միավորների եւ իր նշած հերթականությամբ, կմասնակցի մյուս մասնագիտությունների մրցույթին:
Քննարկվում են այլ փոփոխություններ՝ կապված դիմորդներին տրվող արտոնությունների հետ, որոնց կանդրադառնանք առաջիկա օրերին: Միայն նշենք, որ այս տարի եւս մեդալակիրները կունենան նույն արտոնությունները, ինչ անցյալ տարի, այսինքն՝ կհանձնեն մաթեմատիկա, հայոց լեզու եւ բուհի ընտրությամբ՝ եւս մեկ մասնագիտական առարկա, որը չի կրկնում նշված երկու առարկան:
Առանձին ֆակուլտետներում, առարկաների գծով, տեղի են ունեցել հետեւյալ փոփոխությունները: ԵՊՀ Հայոց լեզու եւ գրականություն մասնագիտությամբ, հենց բուհի առաջարկով, որոշվել է հայոց պատմության հետ մտցնել նաեւ օտար լեզվի քննություն՝ դիմորդի ընտրությամբ: Նա կարող է հանձնել կամ պատմություն, կամ օտար լեզու, իսկ մրցույթին մասնակցելիս հաշվի է առնվում միայն միավորը: Արդեն հաստատվել է «Սոցիալ-մշակութային ծառայություն», «զբոսաշրջություն» մասնագիտությունների համար օտար լեզվի հետ պետք է հանձնվել նաեւ ռուսաց լեզվի քննություն:
Տնտեսագիտական համալսարանում «Աշխատանքի տնտեսագիտություն եւ սոցիոլոգիա» մասնագիտության համար աշխարհագրության փոխարեն այս տարի, հավանաբար, կպահանջվի օտար լեզու: Այս մասին դեռ լրացուցիչ կհայտարարվի: Նաեւ փոփոխություն է նախատեսվում Գյուղակադեմիայի «ձկան եւ ձկնամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության համար. կպահանջվի մաթեմատիկա՝ կենսաբանության եւ քիմիայի փոխարեն:
ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ