Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԶԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՃՇՏՎԵՑԻՆ

Հունվար 31,2004 00:00

ԳՐԱԶԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՃՇՏՎԵՑԻՆ

Երեկ ինձ զանգահարեց «Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ
Կարապետյանը, եւ մենք համատեղ ջանքերով ճշտեցինք գրազի պայմանները: Հիշեցնեմ,
որ հունվարի 28-ին «Առավոտն» առաջարկել է $ 1000-ով գրազ գալ այն քաղաքական
գործիչների հետ, ովքեր ամեն օր խոսում են իշխանափոխության մասին եւ, հետեւաբար,
կասկածում են, որ Ռոբերտ Քոչարյանը մինչեւ 2008 թվականը կմնա իր պաշտոնին:
Առայժմ «Նոր ժամանակների» ղեկավարը միակն է, որն ընդունեց այդ առաջարկը:
Պրն Կարապետյանի հետ մենք եկանք հետեւյալ պայմանավորվածության. այն օրը,
երբ ԿԸՀ-ն հայտարարում է արտահերթ նախագահական ընտրությունների մասին, ես
նրան տալիս եմ $1000: Բայց եթե դա տեղի չունեցավ, ապա այն օրը, երբ ԿԸՀ-ն
հայտարարի նախագահական հերթական ընտրությունների մասին (հավանաբար, դա կլինի
2007-ի վերջին), պրն Կարապետյանն ինձ վճարում է նույն գումարը:
Ասեմ, համենայնդեպս, որ Ռ. Քոչարյանի վաղաժամկետ գնալու կամ չգնալու մեջ ոչ մի անձնական կամ մասնագիտական շահագրգռություն չունեմ: Ռոբերտ Քոչարյանով, թե առանց նրա՝ կյանքը շարունակվելու է. մարդիկ ամուսնանալու են եւ երեխա են ունենալու, բժիշկները վիրահատելու են, երաժիշտները նվագելու են, ընտրությունները կեղծվելու են, օլիգարխները հարկերը չեն վճարելու: Այո, երբ Ռ. Քոչարյանը գնա, «Ա1+»-ը կբացվի: Փոխարենը կփակվի որեւէ այլ հեռուստաընկերություն, որը հաջորդ նախագահի սրտով չի լինի:

Այնպես որ, պրն Քոչարյանի մնալ-չմնալու հարցին ես առանձին նշանակություն չեմ տալիս: Պարզապես նրա վաղաժամկետ գնալը պարտադրող որեւէ ներքին կամ արտաքին լուրջ գործոն չեմ տեսնում, մեր ընդդիմադիրներն էլ չեն նշում: Ճիշտ այդպես կարող եմ կանխատեսել, որ մեր ըմբիշները Բրատիսլավայում բոլոր քաշերում ոսկե մեդալներ չեն նվաճի կամ Թաթա Սիմոնյանը (որի երգերը սիրում եմ) Լուչիանո Պավարոտիի հետ համերգ չի տա: Ի դեպ, գուցե այդ հարցերո՞վ էլ գրազ եկող կա:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել