Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ոչ մի թիզ հող

Հունվար 31,2004 00:00

Եվրոպական կառույցների վերջին որոշումների ֆոնի վրա հայ ազգայնականների դիրքորոշումը ավանդական է մնում:

Երեկ փորձեցինք ճշտել հայաստանյան քաղաքական դաշտի ազգայնական հատվածի դիրքորոշումները՝ ԼՂՀ հարցում Եվրոպայի խորհրդի եւ Եվրախորհրդարանի կոշտ վերաբերմունքի առիթով։ Հայ արիական միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը լուրջ չի վերաբերվում վերջին զարգացումներին։ Ըստ նրա՝ «դա եվրոխաղերից մեկն է, որը ԼՂՀ հարցի վրա որեւէ ազդեցություն չի ունենա»։ Մեր զրուցակիցն առավել հակված է կարծելու, որ այդպիսով «Եվրոպան փորձում է մեր իշխանություններին ճնշած պահել»։ Արդյունքում՝ «իրենց ուզած ձեւով Հայաստանում իշխանափոխություն կանեն, մենք այդ մասին բազմիցս ասել ենք։ Հետո էլ ժողովրդի աչքին թոզ կփչեն, թե սրանք (Ռ. Քոչարյանի իշխանությունը- Ն. Գ.) ուզում էին Ղարաբաղը վերադարձնել»։ ԼՂՀ խնդրի կարգավորման առնչությամբ մտքերը զարգացնելով, Ա. Ավետիսյանը հանգեց հետեւյալին. «ԼՂՀ-ն պահելու ենք զենքի ուժով, ոչ մի թղթով էլ հարցը չի լուծվելու, ոչ մի թիզ հող ետ չի տրվելու։ Զենքով փաստի առաջ կկանգնեցնենք ե՛ւ ԱՄՆ-ին, ե՛ւ ՌԴ-ին, ե՛ւ Եվրոպային»։

Նույն դրսեւորումներում «Հայրենիք» ժողովրդական ճակատը ներկայացնող Գառնիկ Մարգարյանն ավելի զուսպ էր. «Մենք՝ անկախ տարիքից ու չիներից, ժողովրդի զինվորն ենք։ Ժողովրդի հետ կպայքարենք եւ ոչ մի թիզ հող չենք զիջի»։ Իսկ առհասարակ, Գ. Մարգարյանի համոզմամբ՝ «եթե սա պետություն է, նախագահ է, նախարար է, եթե մարդկային վերջին կաթիլ խիղճը չեն կորցրել, այդպիսի պարտությունից հետո պետք է հրաժարական տան։ Նույնիսկ աֆրիկյան երկրներում նման նախադեպ չկա՝ արյամբ ետ բերված հողերը գրավյալ ամրագրեցին, իրենք էլ իրենցից գոհ են։ Մեր երկիրը գրավյալ տարածք սարքող նախագահ ու արտգործնախարար կոչեցյալները, որոնք ունակ չեն նույնիսկ էլեմենտար արտաքին քաղաքականություն վարել, պետք է հեռանան»։

«Սա հայկական դիվանագիտության հերթական խայտառակ պարտությունն էր»,- այսպես արտահայտվեց «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը։ Ըստ նրա, տարիներ շարունակ արտահայտած իրենց մտավախությունը ապացուցվեց։ Այն է՝ «էս մարդիկ պատրաստվում են տարածքները վերադարձնել»։ Պարոն Սեֆիլյանին առավել ցավ է պատճառում ոչ թե այն, որ «օտարն այդպես վարվեց», այլ որ «մերոնց վեջը չէր»։ Նրա համոզմամբ՝ «մերոնք (պատվիրակության անդամները- Ն. Գ.) տղամարդավարի պիտի դուռը շրխկացնեին ու դուրս գային»։

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել