Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքը դեռ առջեւում է

Հունվար 30,2004 00:00

Կյանքը դեռ առջեւում է Երիտասարդ դաշնակահարը մեկնում է Եվրոպա՝ միջազգային մրցույթների օբյեկտիվությունը փնտրելու Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա Երեւանի պետկոնսերվատորիայի ուսանող, դաշնակահար Արմեն Սահակյանը։ Դաշնակահարի ելույթները (այդ թվում եւ արտերկրում) սկսվել են աշակերտական տարիքից։ 10 տարեկանում, Պ. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի սանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ, հանդես է եկել Փարիզում, Գրենոբլում, Մարսելում։ Վերադառնալուն պես իրար են հաջորդել հանրապետական մրցույթները («Ամադեուսի», Բախի կոնցերտների լավագույն կատարման եւ այլն)։ 2000թ. մասնակցել է Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում կայացած դաշնակահարների միջազգային մրցույթներին՝ դառնալով դիպլոմանտ։ «Առավոտի» հարցին՝ երկու միջազգային մրցույթներում ինչո՞ւ ձեր կատարումն արժանացավ միայն դիպլոմի, այլ ոչ մրցանակի, Ա. Սահակյանը պատասխանեց. «Մեղմ ասած, անարդարություններ լինում են, բայց առաջին հերթին կարեւորում եմ իմ պրոֆեսորի՝ Ռոզա Թանդիլյանի խոսքն ու քննադատական կարծիքը»։ Նա հիշեց Սանկտ Պետերբուրգում կայացած մրցույթի ժյուրիի նախագահ, հայտնի դաշնակահար Վլադիմիր Միշչուկի խոսքը. «Դու լավ երաժիշտ ես ու ամուր դաշնակահար։ Իսկ կյանքդ դեռ առջեւում է»։ Իսկ ինչո՞ւ հենց ձեզ ընձեռվեց հնարավորություն ֆիլհարմոնիկի հետ ելույթ ունենալու հարցին, դաշնակահարը պատասխանեց. «Ինձ լսել է ֆիլհարմոնիկի գեղարվեստական ղեկավարը։ Նվագախմբի հետ կկատարեմ Գերշվինի Ֆա մաժոր կոնցերտը՝ դիրիժոր Գեւորգ Մուրադյանի ղեկավարությամբ»։ Ի դեպ, նրան ՀՊՖՆ-ին ներկայացրել է կոնսերվատորիայի պրոռեկտոր Լեւոն Տոնոյանը։ Ա. Սահակյանը պատրաստվում է մասնակցել գարնանը Իտալիայում կայանալիք դաշնակահարների միջազգային մրցույթին՝ եվրոպական երկրներում ակնկալելով ավելի մեծ օբյեկտիվություն։ Ս. Դ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել